Այսօր ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, «զինված հանցախմբի» քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ԱԱԾ կողմից «բացահայտված», Արթուր Վարդանյանի կողմից կազմակերպված հանցավոր համագործակցություն ստեղծելու գործով նախաքննության ընթացքի մասին:
Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ խումբը նոթատետրեր է պատրաստել, որոնցում կատարված գրառումներից պարզ է դարձել, որ խմբի անդամները պլանավորել են` ինչպես և ում վրա պետք է հարձակում իրականացնեն: Նախաքննական մարմինը նաև խմբի անդամների կողմից արված լուսանկարներ է հայտնաբերել:
Մասնավորապես, խումբը լուսանկարել է Սերժ Սարգսյանի առանձնատունը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեության վայրը, դրա մասին մանրամասներ է իմացել:
ԱԺ պատգամավորները ևս, ըստ վարույթն իրականացնող մարմնի, գտնվել են «զինված հանցախմբի» «թիրախում»: Օրենսդիրի բոլոր ներկայացուցիչների տվյալները, անգամ ընտանքիների հետ կապված, տեղ են գտել խմբի տվյալների արխիվում: