Մարտի 25-ին «MITT’2016» միջազգային ամենամյա ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվել են հայկական խոհանոցի, ազգային մշակույթի, հայկական գինու և կոնյակի համտես-շնորհանդեսներ, որոնք ուղեկցվել են հայկական ավանդական երգ ու պարով: Միջոցառումը հայտնվել է ցուցահանդեսի մասնակիցների ուշադրության կենտրոնում և աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի և Արցախի տաղավարի նկատմամբ: Հայկական տաղավարում գոյացել են բազմամարդ հերթեր:
«Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը մեր տաղավարի հյուրերին հայկական կոնյակ է մատուցել, “Цветы Армении” անսամբլը ազգային պարեր է ներկայացրել՝ աջակցելով հայկական տաղավարին, Ռուսաստանի փորձագետների և սոմելիեների միության ղեկավար Արթուր Սարգսյանը գնահատել է ցուցադրվող հայկական գինիները, ռեստորանային բիզնեսի ոլորտում մեծ ճանաչում ունեցող ռեստորատոր, հեռուստահաղորդավար Գայանե Բրեիովան մատուցել է հայկական խոհանոցի գոհարները։
Հիշեցնենք, մարտի 23-25-ը Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 14 զբոսաշրջային ընկերութույններ մեկ միասնական տաղավարով ներկայացրել են Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունները մոսկովյան «MITT’2016» միջազգային ամենամյա ցուցահանդեսին։
Հայկական երկու պետությունների միասնական տաղավար ցուցահանդեսի օրերին այցելել են հազարավոր տուրօպերատորներ, ոլորտը ներկայացնող բիզնեսի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին այս տարի մասնակցել են ավելի քան 1800 ընկերություններ 192 երկրից: