ԱԺ անկախ պատգամավոր, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը համացանցի իր էջում, տեղադրելով այս լուսանկարը, հետևյալ գրառումն է արել. «Իմ պահած ռետինե սապոգներից մեկը Սասուն Միքայելյանի համար ենք վերցրել, մյուսը ինձ համար:
Խնդիրն այն է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում մեր քարոզչական մարտավարությունը հետեւյալն է. անցնել բոլոր փողոցներով, մտնել ամեն թաղ, ամեն բակ, ամեն նրբանցք:
Այս մարտավարությունը անհնար կլիներ առանց ռետինե սապոգների, որովհետեւ Հրազդանի փողոցների, բակերի նրբանցքների մեծ մասում տեղումնառատ այս եղանակին անհնար է տեղաշարժվել առանց հատուկ միջոցների: Այդ սապոգները, այսպիսով, գնահատականն են Արամ Դանիելյանի 14-ամյա գործունեությանը՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում:
Ամեն դեպքում՝ բնականոն դռնեդուռ քարոզարշավը կազմակերպելու համար հետաքրքրվում ենք նավակների, հածանավերի եւ սուզանավերի ձեռքբերման հնարավոր տարբերակներով»: