2016թ. Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում է հանրային քննարկումներ «Քաղաքը սրտում» խորագրով, որը տեղի կունենա ապրիլի 1-ին ժամը 18-ից 22-ը Միրզոյան գրադարանում: Մուտքն ազատ է բոլորի համար՝ ազատ տեղերի առկայության դեպքում:
Այս միջոցառումը հանդիսանում է 2016թ. մարտի 15-ին Երևանում կայացած «Վերանայել քաղաքը՝ միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով տնտեսական հանդիպման և Ֆրանսիայի Արտգործնախարարության նախաձեռնած «Գաղափարների գիշեր» 2016թ. ծրագրի շարունակությունը: Առաջին անգամ «Գաղափարների գիշերը» կազմակերպվել է 2016թ. հունվարի 27-ին Փարիզում, Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար, պարոն Լորան Ֆաբիուսի նախաձեռնությամբ: Միջոցառման ընթացքում մտավորականներ, արվեստագետներ, ճարտարապետներ հնարավորություն ունեցան երկխոսել վաղվա աշխարհի մասին:
Մոլորակի բնակչության 50%-ը և զարգացած երկրների բնակչության 70%-ը ապրում են քաղաքում: Քաղաքի զարգացումը ունի սոցիալական, տնտեսական և բնապահպանական՝ դրական և բացասական հետևանքներ: Քաղաքն իդեալական վայր է փորձարկելու կայուն զարգացման և սոցիալական ներառման սկզբունքները:
Դիտարկելով իրավիճակը Հայաստանում, կարող ենք տեսնել, որ երկրի բնակչության հիմնական մասը ապրում է քաղաքներում և հիմնականում Երևանում: «Ներառական քաղաք» կամ «ներառում» հասկացությունները ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում ինչպես պրակտիկ մասնագետների, այնպես էլ գիտաշխատողների ելույթներում: Ներառական քաղաքը ստեղծվում է հաշվի առնելով քաղաքային բնակչության կարիքները՝ զուգորդված նրանց վերաբերող ծրագրերի հետ, որոնք պետք է նպաստեն սոցիալական բազմազանության բարելավմանը, հատուկ կարիքներ ունեցող մարդկանց կրթության և աշխատանքի մեջ ինտեգրմանը, թաղամասերում հիմնական ծառայությունների, բնակարանների, հանրային նշանակության տարածքների հասանելիությանը:
Ներառական կրթությունը, առողջապահության հասանելիությունը, զբաղվածությունը և քաղաքային շրջակա միջավայրը կհանդիսանան ֆրանսիացի և հայ գործիչների, քաղաքաշինարարների, ճարտարապետների, ասոցիացիաների ղեկավարների, մտավորականների, արվեստագետների և գործարարների երկխոսության առարկան: Նրանք կքննարկեն այսօրվա քաղաքի անցումը դեպի այն քաղաքը, որ կցանկանային տեսնել վաղը: Քանի որ գրականությունը նույնպես մասնակցում է ապագայի աշխարհի վերծանմանը, «Կարդալ ապագան» թեմայով գրական ընթերցումները նորագույն սերնդի գրողների ստեղծագործություններից ու էսսեներից կլրացնեն փոխանակումների և հյուրընկալության այս բացառիկ երեկոն: