
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մարտի 29-ին` ժամը 09:30-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գյուղում՝ Վանաձորի ճանապարհին, Ռ. Մամաջանյանի կողմից վարվող «Օպել-աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճանապարհի աջ կողնակում կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից «Օպել-աստրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհի, 1946 թվականին ծնված Շ.Մամաջանյանը մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն՝ վթարի հանգամանքները պարզելու համար։