Ինչպես հայտնի է` այսօրվանից մեկնարկել է ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանն այսօր հայտարարեց, որ ինքը գաղափարի մարդ է:
Նրա խոսքով` շատերն են երջանկացել, երբ ինքը բանտում է եղել, չեն մտածել հրազդանցու մասին, սակայն հիմա ասում են` իմ թիմը հրազդանցին է: Միքայելյանը ընդգծեց, որ այսօր պետք է համախմբվել Հրազդանն այս վիճակից հանելու և հրազդանցուն Արամ Դանիելյանից տարանջատելու համար, որպեսզի հրազդանցին կարողանա ազատ քայլի, ճիշտ մտածի և ազատ իր տեսակետն արտահայտի:
«Եկել եմ, որ մեր երեխաների փայլուն ապագան ապահովեմ և վերացնեմ վախի մթնոլորտը: Ուզում եմ գալ քաղաքապետարան` այս քաղաքը նորմալ տեսքի բերելու և մարդկանց հույսը վերակագնելու համար: Ուզում եմ , որ բոլորս գիտակցենք, որ քաղաքապետարանը պետք է դառնա այս բոլոր մարդկանց հայրենի օջախը», – հայտարարեց նա: