Նախատեսված ժամից 40 րոպե ուշացումով մեկնարկել է Ընտրական օրենսգրքի «4+4+4» ձևաչափով քննարկումը: Քննարկմանը մասնակցում են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Քաղհասարակությունից քննարկմանը ներկա են Դանիել Իոնիսյանը, Արտակ Զեյնալյանը, Տիգրան Եգորյանն ու Սոնա Այվազյանը:
Դավիթ Հարությունյանն առաջարկեց քննարկումը շարունակել առանց լրատվամիջոցների ներկայության: Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին առաջարկեց սկսել բովանդակային քննարկումը, ինչին ի պատասխան Վարդանյանն արձագանքեց. «Բայց եկեք մի կես ժամ էլ հնարավորություն տանք մարդիկ լրատվամիջոցների, կամեռաների դիմաց արտահայտվեն, նոր սկսենք աշխատանքը»:
«Համարենք, որ արդեն արտահայտվեցիք»,- Վարդանյանին՝ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ինչին ի պատասխան Վարդանյանը նշեց. «Մի՛ խոսիր, առհասարակ մի՛ ընդմիջիր, քեզ էստեղ վարող չենք նշանակել, կարգն էլ դու չես սահմանում»: Կարճ բանավեճից հետո որոշվեց քննարկումը շարունակել առանց լրատվամիջոցների ներկայության: