Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում: պաշտպանական գերատեսչության ղեկավարի հերթական այցելության նպատակը զինվորական ծառայության կազմակերպման ընթացքին տեղում ծանոթանալը և նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը ստուգելն էր։
Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է հակաօդային պաշտպանության և ավիացիոն զորամասերում, թիկունքային ստորաբաժանումներում, թռիչքաուսումնական կենտրոնում, զորամասերի հրամկազմի հետ քննարկել է առկա խնդիրները, թիկունքային և սպառազինության ապահովման արդյունավետության բարձրացման հարցերը և առաջիկա հիմնական անելիքները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից առանձնակի ուշադրության են արժանացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես` ռազմական նշանակության մի շարք օբյեկտների բարեկարգմանն ուղղված կապիտալ շինարարական աշխատանքները, օժանդակ շինությունների վերակառուցման ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը: Հրամկազմի ներկայացուցիչներին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնելու համար:
Շրջայցի ընթացքում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից խրախուսվել են արժեքավոր նվերներով: