Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է «Մոդեռնա թերափեութիքս» բիոտեխնոլոգիական ընկերություն: Այն հիմնվել է 2011 թվականին և զբաղվում նոր սերնդի դեղամիջոցների մշակմամբ: Ընկերության հիմնադիրներից է ամերիկահայ Նուբար Աֆեյանը, ով նաև տնօրենների խորհրդի նախագահն է: «Մոդեռնա թերափեութիքս»-ի հետազոտական թիմում այսօր ներգրավված է երեք հարյուրից ավելի աշխատակից: Ընկերությունը հետազոտական կենտրոններ ունի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում և Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում: ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի և գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի հետ, այնուհետև նրանց ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մոդեռնա թերափեութիքս»-ում, ծանոթացել ընկերության գործունեությանը, օգտագործվող նոր տեխնոլոգիաներին և միջազգային մի շարք խոշոր դեղագործական ընկերությունների ու հետազոտական հաստատությունների հետ համագործակցություն հաստատած այդ ընկերության առաջիկա ծրագրերին:

Հանրապետության Նախագահը նույն օրը այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ և կրթական այդ հաստատության մեդիա լաբորատորիա: Սերժ Սարգսյանը նախ հանդիպում է ունեցել ինստիտուտի ռեկտոր Ռաֆայել Ռայֆի հետ, ապա մեդիա լաբորատորիայի համահիմնադիր Նիկոլաս Նեգրոպոնտեի և «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մեդիա լաբորատորիայում, որից հետո այցելել է «Սամբերգ» համաժողովների կենտրոն: Այստեղ տեղի է ունեցել ամերիկահայ գիտնականների մասնակցությամբ ընդունելություն և հանդիպում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ու շրջանավարտների հետ: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում`

«Կրթությունը և մարդկային կապիտալը. կայուն զարգացման ուղի» թեմայով

Հարգարժա´ն նախագահ Ռայֆ,
Հարգելի´դասախոսներ և գիտնականներ,
«Լույս» հիմնադրամի սիրելի´ կրթաթոշակառուներ և շրջանավարտներ,

Իհարկե, Ինձ համար մեծ պատիվ է գտնվել աշխարհի առաջատար բուհերից մեկում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում: Շնորհակալ եմ, որ ինձ և իմ գործընկերներին հյուրընկալում եք այսօր: Ձեր ինստիտուտը՝ դասավանդման հարուստ ավանդույթներով, նորարարական գաղափարներով և նվաճումներով, իր ծանրակշիռ ավանդն է բերում ողջ մարդկության զարգացման գործին:

Հատկանշական է, որ իր գոյության 155 տարիների ընթացքում այն ոչ միայն դիմակայել ու հարմարվել է հարափոփոխ զարգացումներին, այլև վերածվել դրանք ուղղորդող առաջամարտիկի: Այդ են վկայում ձեր կատարած բազմաթիվ հայտնագործությունները, արձանագրած հաջողությունները, նվաճած Նոբելյան մրցանակները:

Իմիջիայլոց, շատ ուրախ եմ, որ այսօր ինստիտուտի նախագահը հույս հայտնեց, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի շրջանավարտներից որևէ մեկը անպայման արժանանալու է Նոբելյան մրցանակի: Պարոն Նուբար Աֆեյանը վկա է:

Շատ կարևոր է, որ կատարված աշխատանքը վերածվում է կիրառելի ծրագրերի, որոնցից այսօր օգտվում է ողջ աշխարհը: Անչափ ուրախ եմ, որ միայն վերջին տարիների ընթացքում մոտ երկու տասնյակ հայ ուսանողներ նույնպես դարձել են այս մեծ ընտանիքի անդամ:

Տեխնոլոգիական լաբորատորիաների հնարավորություններն ու կարողությունները տպավորիչ են: Ինքս այսօր դրա ականատեսը եղա: Անշուշտ, ինձ համար շատ զարմանալի էր և ուսանելի: Կարևոր է, որ լսում ես շատ բաների մասին, բայց մի բան է լսել, մեկ այլ բան` սեփական աչքով տեսնել: Ի դեպ, ինստիտուտի «Լեգո» ուսուցման լաբորատորիայի մեթոդաբանությամբ Երևանում գործում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որի նպատակն է երեխաների և երիտասարդների մտավոր ունակությունների բացահայտումն ու նրանց մրցունակության բարձրացումը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի մեդիա լաբորատորիաների հետ հայաստանյան գործընկերների համագործակցությունը էապես հարստացրել է Հայաստանի կրթությունը նորարարական գաղափարներով և ծրագրերով: Հայաստանում ստեղծված «Այբ» դպրոցը կարելի է իրավամբ համարել դրա արդյունքը: Նոր կրթական բովանդակության և միջավայրերի ստեղծման մեր որոնումների մեջ մեծ դերակատարում են ունեցել մի շարք հայտնի գիտնականներ, մասնավորապես` Սիմոր Փափերթը և Բիլ Միտչելը: Մենք շատ շնորհակալ ենք: Այս տարի Հայաստանում բացեցինք երկու արհեստական ինտելեկտի լաբորատորիա, որոնք նորարարության և ստեղծագործելու մեծ հնարավորություն ընձեռեցին ճարտարագիտությամբ և տեխնոլոգիաներով հետաքրքրված հայ երիտասարդներին: Այս ինստիտուտում մշակված «Շրջված դասասենյակ» ծրագրի ներդրումը Հայաստանում տալիս է զգալի արդյունքներ և էապես փոխում սովորողների ու ուսուցիչների պատկերացումները ժամանակակից կրթության մասին:

Հարգելի´ բարեկամներ,

Այս հաստատության վերջին տարիների աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկն է Տարոն Աճեմօղլուն, ում տեսական աշխատանքը մեծ ճանաչում գտավ ամենուր: Նրա աշխատանքի հիմնական փաստարկներից մեկն այն է, որ տնտեսական բարեկեցությունն էապես կախված է ինստիտուցիոնալ զարգացումից, իսկ ավելի հստակ՝ տնտեսական և քաղաքական հաստատությունների համընդգրկունությունից: Հենց այդ ինստիտուտների շնորհիվ է հնարավոր հաղթահարել աղքատությունը և հասարակությունը պատուհասող մյուս չարիքները:

Այս փաստարկի հիմնավորվածության մեջ մենք համոզվել ենք մեր սեփական փորձի վրա: Շատ դժվար է իրականացնել որևէ բարեփոխում, եթե հասարակության մեջ սասանված է հավատը արդարության հանդեպ, եթե հասարակական ինստիտուտները չեն արտացոլում հասարակության իրական իղձերը: Շատ դժվար է պատկերացնել ինստիտուտներն այն պարագայում, երբ մարդիկ չեն հավատում դրանց արդյունավետությանը, իրավունքի գերակայությանը և օրենքի առջև բոլորի հավասարությանն՝ առանց որևէ խտրականության:

Սակայն ովքե՞ր են կայացնում հաստատությունները, եթե ոչ մարդիկ: Իմ անցած ողջ քաղաքական ուղու ընթացքում ես երբեք Հայաստանի քաղաքացիների՝ վառ ու բացառիկ անհատականություններ լինելու մեջ չեմ կասկածել: Այժմ եկել է պահը, երբ այդ ստեղծագործական ներուժը լուրջ արդյունքներ պետք է տա:

Ես երազում եմ այն Հայաստանի մասին, որտեղ ուժեղ և կայացած անհատները ջանք ու եռանդ չեն խնայում պետական և հասարակական կայուն հաստատություններ ստեղծելու համար: Իսկ դա իրականություն է դառնալու միայն այն պարագայում, երբ նրանք համոզվեն, որ այդ հաստատությունները իրենցից յուրաքանչյուրի սեփականությունն են: Իմ այս պատկերացումը գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ավելին, այն իրականություն դարձնելու համար հետևողական աշխատանք ենք կատարում Հայաստանում:

Վերջերս մենք էական փոփոխություններ ենք մտցրել մեր Սահմանադրության մեջ: Այս առումով գալիք մեկուկես-երկու տարիները խիստ կարևոր են լինելու, քանի որ մեր պետությունը համակարգային փոփոխություն է ապրում:

Վստահ եմ, որ այդ աշխատանքը լինելու է արգասաբեր և տեսանելի մեր ժողովրդի համար: Դրա գրավականը ոչ միայն մեր քաղաքական կամքն է, այլև Հայաստանի քաղաքացին՝ նախաձեռնող, ձգտող, հայրենիքին նվիրված: Դրա գրավականն է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու դրսևորած կամքը: Մենք բոլորս այդ ձեռնարկի համասեփականատերերն ենք:

Հուսով եմ, որ մենք կկարողանանք նաև մեր փորձով ապացուցել Տարոն Աճեմօղլուի տեսական աշխատանքի իսկությունը: Նաև հուսով եմ, որ նա անպայման կարժանանա տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի՝ կրկին հռչակ բերելով այս հոյակապ ինստիտուտին:

Հարգելի´ գիտնականներ,

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է իր անկախության քառորդ դարը՝ անցնելով զարգացման բարդ և դժվարին ճանապարհ: Մեր պետականաշինության գործընթացը զուգորդվել է ավերիչ երկրաշարժով, հարևանների կողմից մեզ պարտադրված պատերազմով և շրջափակումով, տարածաշրջանային վայրիվերումներով: Այս ամենը՝ մեր ոչ հարուստ բնական ռեսուրսների հետ մեկտեղ, սահմանափակել են մեր երկրի զարգացման հեռանկարները:

Սակայն դրանք նաև հնարավորություն են ընձեռել ժողովրդավարական համակարգի և գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելու համար:

Դժվարությունները, այո´, ստեղծել են խոչընդոտներ, բայց չեն կասեցրել մեր առաջընթացը, չեն կոտրել իր երազած հայրենիքը կերտելու հայ ժողովրդի կամքը: Մեր հարևանները, այո´, փակել են մեր տարածքային սահմանները, բայց չեն կարողացել սահմանափակել մեր մտքի ընթացքը: Բնական ռեսուրսները սպառվելու հատկություն ունեն, իսկ մարդկայինը՝ վերարտադրվելու:

Ուրախ եմ, որ իմ երկրի երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են բարձր տեխնոլոգիաների վերջին նվաճումների և գիտական մշակումների մասին քննարկումներում և նպաստում են դրանց հետագա կատարելագործմանը: Մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեկան պատրաստվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի 2000 մասնագետ:

Մարդկային ներուժի շնորհիվ է, որ այսօր փոքր Հայաստանը դիրքավորվել է աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների քարտեզի վրա: Այսօր հայ մասնագետների կողմից մշակված լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրներում:

Այս ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ: Մենք քաջ գիտակցում ենք, որ առկա հաջողությունների երկարակեցության գրավականը ամուր կրթական հիմքի ապահովումն է: Միջազգային առաջադեմ նվաճումներին հաղորդակից աշակերտի, ուսանողի, հետազոտողի ձևավորումը դարձել է մեր կրթական համակարգի հիմնական նպատակը:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր դպրոցականները վերջին տարիներին միջազգային առարկայական օլիմպիադաներում փայլուն արդյունքներ են արձանագրում: Անցած տարի Հայաստանի աշակերտները մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության ու կենսաբանության միջազգային օլիմպիադաներից վերադարձել են 20 մեդալով՝ 5 արծաթե և 15 բրոնզե:

3 միլիոնանոց Հայաստանի համար սա չափազանց բարձր ցուցանիշ է, և որպեսզի կարողանանք համեմատել, ասեմ, որ մեր հարևանները՝ Ադրբեջանը շահել է 4, իսկ Վրաստանը՝ 8 մեդալ:

Նման արդյունքներ ենք ունեցել և նախորդող տարիներին՝ 2014 թվականին Հայաստանի աշակերտները ստացել են 19, 2013 թվականին՝ 15, 2012 թվականին՝ 16 մեդալ: Ես իսկապես շատ եմ հպարտանում մեր աշակերտներով և հուսով եմ, որ նրանք գիտելիքով առանձնանալու այս գեղեցիկ տեմպը շարունակելու են պահպանել:

Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ իրականացվում է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի նպատակն է բոլոր հայ դպրոցականներին հասանելի դարձնել առաջատար կրթությունը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվելու և պատրաստվելու են հազարավոր ուսուցիչներ: Ծրագիրն իրականացվելու է «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական հարթակով: Դա միջազգային չափանիշներ պարունակող հայալեզու համակարգ է, որը լավագույնս արտացոլում է համաշխարհային կրթության ձեռքբերումները և հայ դպրության հարուստ ավանդույթները` հիմնված մեր ազգային արժեքների վրա: Այս տարի առաջին անգամ հայ շրջանավարտները հայերենով կհանձնեն «Արարատյան բակալավրիատ»-ի միջազգային քննությունները Հայաստանում:

Մրցունակ նոր սերունդ պատրաստելուն օժանդակելու նպատակով մենք ստեղծել ենք ոչ պետական «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի առաջատար բուհեր ընդունված հայ երիտասարդներին: Անշուշտ, առկա էր մտավախություն, որ կարող ենք կորցնել մեր մարդկային ռեսուրսը, սակայն ինչպես մի առիթով ինձ ասել է Սինգապուրի երջանկահիշատակ վարչապետ Լի Քուան Յուն՝ նույնիսկ եթե մեր հայրենակիցները սովորելուց հետո չվերադառնան հայրենիք, միևնույն է, նրանք մեր հարստությունն են դրսում, նրանց շնորհիվ աշխարհը ճանաչում է մեզ, նրանք տարբեր ձևերով աջակցում են ինչպես հյուրընկալ պետության, այնպես էլ սեփական հայրենիքի զարգացմանը:

Սա առավել քան ճշմարիտ է Հայաստանի դեպքում: Մեր հայրենակիցների ձեռքբերումները հայրենիքից դուրս նաև մեր ձեռքբերումներն են, իսկ նրանց հեղինակությունը՝ Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման կարևոր գործոն:

Միևնույն ժամանակ հետագա կյանքը ցույց տվեց, որ «Լույսի» շրջանավարտների բացարձակ մեծամասնությունն ուսումն ավարտելով հայրենիք է վերադառնում և ներգրավվում Հայաստանի զարգացման գործում: Սա արդեն իրականությունն է:

Այսօր այստեղ ներկա են այս պահին ԱՄՆ-ի առաջնակարգ բուհերում սովորող մեր երիտասարդները: Ուրախ եմ բոլորիդ տեսնելու լավ տրամադրությամբ և նպատակադրված հայացքներով: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում այն կարևոր գործում, որը այսօր դուք եք անում: Ընդհանրապես, «Լույս» հիմնադրամը ստեղծելու, աշխարհի առաջնակարգ բուհեր ընդունված մեր երիտասարդների ուսումը ֆինանսավորելու գաղափարը մշակելիս մենք մեկ նպատակ էինք հետապնդում՝ տուն բերել այն ամբողջ առաջավորն ու նորը, որ անընդհատ ստեղծվում է աշխարհում, որ ուսումնասիրվում ու մշակվում է աշխարհի առաջատար գիտական կենտրոններում: Տուն ասելով ես նկատի ունեմ նաև ձեզնից յուրաքանչյուրին, հայություն ու Հայաստան կոչվող մեր մեծ ընտանիքին: Իմ կարծիքով աշխարհի առաջատար բուհերում լավագույն կրթություն ստացած՝ «Լույսի» յուրաքանչյուր շրջանավարտ իր կյանքում պարտավոր է երեք բան անել՝ բնակարան ունենալ Հայաստանում, աշխատել կամ ներգրավված լինել իր մասնագիտությամբ որևէ հայաստանյան նախաձեռնության մեջ և ամբողջ կյանքում լինել Հայաստանի ու հայոց լեզվի խորհրդանշական դեսպան ամեն տեղ:

Իմիջիայլոց, մենք Հայաստանում արդեն տևական ժամանակ իրականացնում ենք «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որի միջոցով շուկայականից էապես ցածր գնով և մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման միջոցով երիտասարդ ընտանիքներին ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան բնակարան ձեռքբերելու հնարավորություն ենք տալիս: Հիշեք խնդրեմ, որ այդ ծրագրի պատասխանատուները միշտ ձեզ են սպասում և ուսումն ավարտելուց հետո առաջինը հենց այդ գրասենյակ պետք է այցելեք Երևանում:

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօր մենք աշխատում ենք նաև համալսարան-գիտություն-աշխատաշուկա սահուն փոխլրացնող մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Ես շնորհակալ եմ ամերիկահայ գիտնականների տպավորիչ բանակի այն տասնյակ ներկայացուցիչներին, ովքեր արձագանքելով իմ հրավերին, ողջ երկրից հավաքվեցին այս դահլիճում: Վստահ եմ, որ դուք չեք զղջում և ինձ պես ոգևորվում եք «Լույսի» ներկայիս կրթաթոշակառուների ու շրջանավարտների հաջողություններով: Ես համոզված եմ, որ այս հանդիպումը երկարատև և գործնական կապերի ձևավորման մեկնարկ է: Ձեզնից շատերը սերտ փոխգործակցություն չունեն ավանդական հայկական կառույցների, կուսակցությունների, երբեմն անգամ` համայնքների հետ: Հուսով եմ, որ այս ձևաչափով շփումները կարող են պարբերական դառնալ և հիմք դնել ձեր ամենօրյա և փոխշահավետ համագործակցությանը` ամերիկահայ գիտ-նականների ոչ պաշտոնական յուրատեսակ ցանց ձևավորելով:

Այս հանդիպումը հատկանշական է նաև Հայաստանի և արտասահմանյան բուհերի միջև սերտ համագործակցություն ծավալելու առումով: Այսօր խոսելով ինստիտուտի նախագահի հետ, հրավիրեցի նրան Հայաստան, ինչին ի պատասխան նա ասաց, որ շատ երջանիկ կլինի, եթե ժամանակ գտնի ու գա Հայաստան: Կարծում եմ, նրա գալով էլ մեր կապերը այս առաջնակարգ հաստատության հետ կամրապնդվեն, ինչը մեզ համար չափազանց կարևոր է:

Մեր երազանքն է Հայաստանում խթանել տեխնոլոգիական բարձրագույն կրթությունը` համագործակցելով աշխարհի առաջատար բուհերի հետ: Եվ այստեղ, իհարկե, մենք ակնկալում ենք բոլոր նրանց աջակցությունը, ովքեր կարող են այս գործում օգտակար լինել:

2019 թվականին Հայաստանում նախատեսում ենք անցկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով: Ուրախ կլինենք, եթե ձեր ինստիտուտի ներկայացուցիչները ևս մասնակցեն այդ խոշոր միջոցառմանը:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ հատուկ նշել դոկտոր Նուբար Աֆեյանի անունը: Շնորհակալ եմ այսօրվա միջոցառումն ամբողջությամբ կազմակերպելու, այս քննարկումները շատ փայլուն և բարձր մակարդակով անցկացնելու համար: Պարո՛ն Աֆեյան, ուզում եմ Ձեզ և Ձեր տիկնոջը շնորհակալություն հայտնել երկար տարիներ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Եվ, իհարկե, հրապարակավ խնդրում եմ, որպեսզի մի շատ խելացի ընկերություն էլ Հայաստանում հիմնեք, և այն որպես օրինակ լինի այլոց համար: Գիտեք, հայերը միշտ հաջող օրինակներից են վարակվում:

Շատ շնորհակալ եմ այս ջերմ մթնոլորտի, ձեր խոսքերի և ձեր ոգևորության համար: Եվ ձեզ բոլորիդ մաղթում եմ մտքի նոր թռիչքներ, որովհետև մտքի թռիչքներով է, որ դուք ապահովում եք ձեր բաժինը մարդկության զարգացման գործում:




Լրահոս