4+4+4 ձևաչափով առաջին քննարկումը բարդ է եղել. առաջիկայում կլինեն նոր հանդիպումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկման առաջին փուլում կողմերը հասցրել են մի քանի կարևոր հարց քննարկել, սակայն վերջնական պայմանավորվածություններ և համաձայնություններ չեն եղել: Քննարկման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար­նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ քննարկվել են մատների թանաքոտման, տեղամասերում տեսախցիկների տեղադրման, մատնահետքերով քվեարկություն կազմակերպելու հետ կապված հարցեր:

«Մենք լսել ենք այս հարցերի հետ կապված մյուս կողմի առաջարկները և ներկայացրել ենք մեր տեսակետն ու դիրքորոշումը: Կարող եմ ասել, որ ինչ­որ առումով բովանդակային քննարկում ունեցել ենք»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը: Նա ընդգծեց, որ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն իրենց համար անօգուտ գործ է: «Բայց մենք ասել ենք, որ եթե լինի դոնոր, որը պատրաստ է տեսախցիկներ տեղադրել, մենք դեմ չենք: Բայց մենք կհամաձայնենք դրան պայմանով, որ ընտրական գործընթացի օնլայն հեռարձակման մասին խոսք գնալ չի կարող, իսկ պետությունը այդ տեսախցիկների տեղադրման պարտավորությունը չի ստանձնում: Այսինքն, եթե կլինի դոնոր, որը կստանձնի տեսախցիկները տեղադրելու պարտավորությունը, իսկ հետո կուսակցությունների պահանջով կտրամադրի որևէ տեղամասի քվեարկության տեսաձայնագրությունը, մենք դեմ չենք լինի»,­ մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Նա հավելեց, որ մատների թանաքոտման մեթոդի կիրառումն իրենց համար ընդհանրապես անընդունելի է, քանի որ դա ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քան ինչ­որ խնդրի լուծում է տալիս: Նրա խոսքով՝ բազմաթիվ են օրինակները, որ մատերի թանաքոտումը խնդիրներ է առաջացրել: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ընդգծեց, որ իրենք բանակցություններ են սկսել, որոնք շատ բարդ են ընթանում: «Բայց ես սա նորմալ եմ համարում, սկիզբը միշտ այդպես է լինում: Ես արդեն ասել եմ, որ մեր նպատակը մեր ձևավորած հիմնական պահանջների շուրջ լայն կոնսենսուս ձևավորելն է: Հիմա դժվար է ասել՝ կկարողանանք մենք այս քննարկումների արդյունքում ինչ­որ բանի հասնել, թե ոչ: Մի քանի «ռաունդ» էլ անցնի, հետո կերևա: Մենք հիմա դեռ որևէ հարցի շուրջ համաձայնության չենք հասել, բայց ամեն ինչ կերևա վերջում»,­ ասաց Զուրաբյանը: Հարցին՝ ինչո՞ւ «Ժառանգություն»­ը չմասնակցեց քննարկմանը Զուրաբյանն ընդգծեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ: Նրա խոսքով՝ իրենք «Ժառանգության»­ը տեղեկացրել են հանդիպման մասին, մշտապես նրանց հետ կապի մեջ են եղել, սակայն դժվարացավ պատասխանել, թե ինչու նրանք քննարկմանը չեն ներկայացել: 4+4+4 ձևաչափով բանակցությունների շրջանակներում հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1­ին՝ ժամը 18:00-­ին: Մարտի 30­-ին այդ ձևաչափում առաջին քննարկմանը խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական խմբակցություններից մասնակցել են ՕԵԿ-­ը, ՀԱԿ-­ը և ԲՀԿ-­ն: «Ժառանգություն»­ը քննարկմանը չմասնակցեց:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության աշխատակազմի զեկավար­նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը, ՀԱԿ խմբակցութփյան ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Քաղաքացիական հասարակությունից քննարկմանը մասնակցել են «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ­ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:




Լրահոս