«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ համացանցում տարածվեց մի ձայնագրություն, որի հեղինակները ներկայանում են իբրեւ «ՀՀ ՊԵԿ մի խումբ աշխատակիցներ»: Անանուն հեղինակը ընթերցում է մի գրություն, որը ներկայացվում է իբրեւ բաց նամակ՝ հասցեագրված Հայաստանի ԶԼՄ-ներին եւ Սերժ Սարգսյանին: Նամակն ամբողջությամբ կոմպրոմատ է ՀՀ ֆինանսների նախարարի եւ նրա մերձավորների վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ-ի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի ղեկավարությունը, նույնիսկ ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը, նույն ինքը՝ Կրակեմ Հրաչն էլ մեղադրվում են մաքսային մարմիններում կոռուպցիոն համակարգ ստեղծելու եւ կառավարելու մեջ, որի միջոցով այդ գործընթացում ներգրավված անձինք ամսական ընդհանուր տասնյակ միլիոնավոր դոլարներ են վաստակել:
Այն, որ մեր երկրում գործող կոռուպցիոն համակարգի վերաբերյալ ներկայացված տվյալներում եւ անուններում, կարելի է ասել, ոչ մի նորություն չկա, փաստ է: Ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ վաղուց այդ ամենի մասին օդում կախված լուրեր կան: Բայց գործարարներն այդ մասին խոսել չեն ցանկանում, քանի որ համարում են անիմաստ եւ համոզված են, որ եթե բարձրաձայնեն, իրենք կտուժեն ու կկորցնեն ունեցվածքը, լրագրողները ուղղակի չեն գրում, քանի որ կարող են զրպարտության մեջ մեղադրվել, որովհետեւ լրատվամիջոցը իրավապահ կառույցի հնարավորություններ չունի՝ անհրաժեշտ ապացույցները ձեռք բերելու համար: Մի խոսքով՝ բոլորը գիտեն, բայց ոչինչ չի փոխվում: Իսկ երեկվա «նամակը», հնարավոր է, խոշոր կոմպրոմատային պատերազմի ընդամենը սկիզբն է: Ներիշխանական խմորումների վառ դրսեւորումներն առջեւում են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: