
Ուղիղ 15 տարի առաջ մարտի 31-ին ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անմիջական աջակցությամբ հիմնադրվեց «Փոքր Մհեր» կրթահամալիրը: Ռազմահայրենասիրական ոգով սերունդներ կրթող և դաստիարակող կրթօջախը տոնական ու նաև հոբելյանական օրը սկսեց Կոմիտասի անվան պանթեոնից՝ հարգանքի տուրք մատուցելով Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հաշվետվության տեսքով ներկայացնելով «Փոքր Մհեր»-ի անցած 15 տարիների ձեռքբերումները` կրթահամալիրի պատասխանատուներն ու սաները նկատել են, որ երջանկահիշատակ վարչապետի նախաձեռնությունն իսկապես ծառայում է իր նպատակին, ինչի վառ ապացույցը կրթօջախն ավարտած սաների հաջողություններն են ռազմական ոլորտում: