«Ես այս ամբողջ ընթացքում չեմ մտել օրենքի կետերի բովանդակային քննարկումների մեջ: Կա հինգ կետանոց ամփոփ առաջարկների համալիր, որը ամբողջական է մի շարք ՀԿ-ների եւ կուսակցությունների համար: Եթե այդ ՀԿ-ների եւ քաղաքական ուժերի մեծ զանգված եկել հասել է միասնական կետերի, ապա իշխանությունը պետք է ընդունի կամ գոնե հիմնավորի՝ ինչու չի ուզում. այդ ժամանակ այլ հարցականներ, այլ գնահատականներ կկիրառվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ առաջարկներին համաձայն են շուրջ 240 ՀԿ եւ 12 կուսակցություն:
«Երբեք նման ներդաշնակ աշխատանք չի եղել, որ աշխատենք այսքան շատ քաղաքացիական կառույցների հետ, որոնք այդքան փափուկ չեն վերաբերվում ՀՀԿ-ին դեկտեմբերի 6-ից հետո: Մենք ուզում ենք փաստարկնեով համոզել ՀՀԿ-ին, բերել փոխզիջման»:
Արամ Մանուկյանը նշեց, որ իրենց առաջարկները նվազեցնում են կեղծիքների հավանականությունը: «Ոչ ոք չի կարող ասել՝ եթե դու ընտրացուցակները մաքրում ես, ապա կեղծիքի հավանականությունը շատանում է, եթե դու տարածքը նկարահանում ես 12 ժամ, ապա դու գնում ես կեղծիքի համար: Ակնհայտ է, որ եթե ցուցակները հրապարակվում են, այս կերպ կեղծիքների ցանկություն ունեցող մարդկանց զսպաշապիկը ավելի ուժեղ է»: