Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ ամփոփեցին «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի երրորդ փուլի արդյունքները: Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում:
Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու և կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու և վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաև նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը և զբաղվածության խթանմանը։
Երրորդ փուլում ընտրված լավագույն մասնակիցները ներկայացրին իրենց բիզնես նախագծերը, որոնք մշակվել են նախորդ փուլերի ընթացքում` ՀԳՀՄ թրեյնինգների, մենթորինգի և խորհրդատվության շնորհիվ: Ծրագրի հաջորդ փուլում ոլորտի մասնագետների կողմից անհրաժեշտ խորհրդատվության միջոցով ներկայացված ծրագրերը կատարելագործելուց հետո, բիզնես նախագծերի հեղինակները ՀԳՀՄ և Հայաստանում Beeline-ի աջակցությամբ կհիմնադրեն իրենց սեփական բիզնեսը:
«Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ այս ծրագիրը, որն իրականացվում է «Թող քո հետք»-ը գլոբալ սոցիալական ռազմավարության շրջանակում, հնարավորություն ընձեռեց բազմաթիվ երիտասարդների ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ կարիերայի պլանավորման, ինչպես նաև բիզնեսի վարման և զարգացման բնագավառում: Տարբեր ոլորտներ ներկայացնող բիզնես նախագծերը, որոնք ներառվել են ծրագրի երրորդ փուլում, կօգնեն երիտասարդ ձեռներեցներին կառուցել իրենց ապագան, իսկ մենք, ՀԳՀՄ հետ համատեղ, կշարունակենք աջակցել նրանց սեփական բիզնեսը զարգացնելու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«ՀԳՀՄ-ի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանում Beeline-ին, որը ՀՀ-ում աչքի է ընկնում իր բազմաթիվ կորպորատիվ սոցիալական ծրագրերով և բիզնեսի վարման բնագավառում լավագույն փորձով: «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագրի շնորհիվ 350 երիտասարդներ էականորեն բարձրացրել են իրենց մրցունակությունը աշխատաշուկում, և շուտով 20 երիտասարդներ կհիմնադրեն իրենց սեփական բիզնեսը` բիզնես մշակույթում նոր որակ բերելով: Այս ամենի շնորհիվ զգալիորեն կխթանվի զբաղվածությունը ՀՀ-ում», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլին մասնակցել են ավելի քան 350 ավագ դպրոցի աշակերտներ և ուսանողներ Երևանից և մարզերից, ովքեր «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացի ընթացքում ստացան ամբողջական գիտելիքներ և հմտություններ գրագետ ինքնակենսագրական գրելու, աշխատաշուկայում համապատասխան աշխատանք գտնելու և հարցազրույցին պատշաճ ներկայանալու մասին: Դասընթացներն անց են կացվել 10-15 մասնակցից բաղկացած խմբերում, որի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր:
Նոյեմբեր ամսին մեկնարկեց դասընթացների երկրորդ փուլը, որի ընթացքում ընտրվել են 70 ակտիվ, նախաձեռնող և բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդներ, բիզնես ոլորտի փորձագետների կողմից կազմակերպվել է հատուկ մասնագիտական երկօրյա դասընթաց «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով: Այս փուլի ավարտին ընտրվել է լավագույն 20 մասնակից։