Կաթնախառնուրդով կերակրելու հետևանքով երեխաների առողջությունը տուժում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ կրծքով սնուցումը շատ կարևոր է փոքրիկի առողջության համար: Հայաստանում կրծքով կերակրելը ոչ միայն ավանդաբար խրախուսվում է, այլեւ պաշտպանվում է անցած տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած «Երեխաների կրծքով սնուցման կարգավորման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքով:
Սակայն, չնայած օրենքի առկայությանը, երեւանյան գրեթե բոլոր ծննդատներում կաթնախառնուրդ արտադրող կազմակերպություններն անվճար բաժանում են իրենց ապրանքը եւ տարբեր եղանակներով խրախուսում են բուժաշխատողներին, որպեսզի նրանք նորածինների մայրերին կաթնախառնուրդ առաջարկեն:

Մինչդեռ մասնագետները բարձրաձայնում են, որ բուժաշխատողները պետք է հղիներին ու երիտասարդ մայրերին տեղյակ պահեն կրծքով կերակրելու առավելությունների, արհեստական սնուցման վտանգների, ինչպես նաեւ հավելյալ սննդի տրման կարգի մասին: Իսկ կաթնախառնուրդով կերակրելու հետեւանքով կրծքով սնուցման ցուցանիշներն իջնում են, երեխաների առողջությունը տուժում է, արդյունքում` հիվանդացությունը եւ մահացածությունը բարձրանում:

«Ժողովուրդ»-ը ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ 2015 թվականի հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 27 835 դեպք: Այսինքն՝ մահվան դեպքերը 2014-ի համեմատ 0.4 տոկոսով աճել են: Ըստ ԱՎԾ-ի՝ անցած տարվա հունվար-դեկտեմբերին, 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում` 1.6 տոկոսով: Հայաստանում 0-1 տարեկան երեխաների մահացությունը 2015 թվականի հունվար- դեկտեմբերին կազմել է 370, իսկ 2014 թվականին՝ 376: Բացի այս՝ 2015թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 435 դեպք, իսկ 2014 թվականի նույն ժամանակահատվածում՝ 445 դեպք:

Հաճախ մանկական կաթնախառնուրդ արտադրող կազմակերպությունները մշակում եւ տարածում են տեղեկատվություն իրենց արտադրանքի վերաբերյալ: Սակայն քանի որ գովազդի եւ տեղեկատվության միջեւ հստակ սահմանները բացակայում են, դա հմտորեն օգտագործվում է արտադրող կազմակերպությունների կողմից, որոնք ավելի շատ գովազդային բնույթի տեղեկատվական նյութեր են տարածում իրենց արտադրանքի օգտագործման վերաբերյալ:

Որոշ կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկատվությունը ընդգրկում է նաեւ երեխայի խնամքի այլ հարցեր եւ լինելով պատկերավոր՝ գրավում է մայրերին եւ հանդիսանում երեխայի խնամքի նրանց ուղեցույցը: Այդ է պատճառը, որ ցանկացած տեղեկատվություն, որը նախատեսված է բնակչության համար, անհրաժեշտ է մանրամասնորեն քննել եւ բացառել գովազդի կամ կաթնախառնուրդների օգտագործման խրախուսման առկայությունը:

Այս խնդիրը կարգավորելու նպատակով այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը որոշման նախագիծ ներկայացրեց կառավարություն: Ըստ այդմ՝ սահմանվեց  մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների մասին տեղեկատվական եւ ուսուցողական նյութերի համաձայնեցման եւ լիազորման կարգը:

Այսուհետ «Երեխաներին կրծքով սնուցման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ մանուկների եւ վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական եւ ուսուցողական նյութերը պետք է հրապարակվեն լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցնելուց հետո:

Այս կարգը սահմանելու է այն մեխանիզմները, որոնց միջոցով իրականացվելու են տեղեկատվական նյութերի համաձայնեցումը մինչեւ դրանց հրապարակվելը, ինչպես նաեւ այն չափանիշները, համաձայն որոնց կգնահատվեն տեղեկատվական նյութերը: Նշենք, որ այս նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մասնագետների եւ «Վստահություն» ՀԿ-ի կողմից:

Ըստ ԱՆ-ի՝ այս իրավական ակտի ընդունմամբ կապահովվի հղիներին, կերակրող մայրերին, վաղ հասակի երեխաների խնամք իրականացնողներին եւ բուժաշխատողներին ճշգրիտ, առեւտրային ճնշումներից զերծ տեղեկատվության տրամադրումը: Կրծքով սնուցումը խրախուսող ուսուցողական եւ տեղեկատվական նյութերի տարածման միջոցով կխրախուսվի երեխաներին կրծքով սնուցման կազմակերպման պատշաճ գործելակերպը, ինչը կնպաստի նրանց առողջ աճի եւ զարգացման ապահովմանը, հիվանդացության եւ մահացության կրճատմանը: Հուսանք, որ այս ողջունելի օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կկոչվի ոչ միայն Աժ-ում ընդունվելու, այլեւ գործնականում կիրառվելու առումով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս