ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ, ԱՊԱ` ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ասելիքը վերջին առնվազն 20 տարիներին գրեթե չի փոխվել. «ռեժիմը թալանում է», «իշխանությունները երկիրը տանում են կործանման», «եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանը կկորցնենք» եւ այսպես շարունակ: 90-ականներին ընդդիմությունը օրուգիշեր հայհոյում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ երկրի փրկությունը տեսնում էր նրան հեռացնելու մեջ, հետո փրկությունը Ռոբերտ Քոչարյանին հեռացնելն էր, այժմ էլ Սերժ Սարգսյանն է մարմնավորում բոլոր չարիքները: Իսկ երբվանից Հայաստանի ընդդիմության միակ ասելիքը դարձավ իշխանություններին հայհոյելը, սեփական ծրագրերը ներկայացնելու փոխարեն այս կամ այն պաշտոնյայի գոյությամբ երկրի մոտալուտ կործանումը գուժելը:

Որքան էլ զարմանալի է, սակայն արցախյան շարժման տարիներին՝ 1988-ից 1991 թվականներին, իշխանություններին հայհոյելով սեփական տեսակետը ներկայացնելն ընդհանուր բնույթ չէր կրում: Այդ օրերի մամուլը ընթերցելով` կարելի է համոզվել, որ նույնիսկ այդ ծանր ժամանակաշրջանում «մոտալուտ կործանման» այս հռետորաբանությունը չի եղել: «Աշխարհի վերջը» որպես քաղաքական «ծրագիր» հիմնականում սկսեց արմատավորվել 1992-93 թվականներին, երբ ՀՀՇ-ի մի մասը ընդհանուր շարժումից առանձնանալով՝ դարձավ ընդդիմություն եւ սկսեց իր նախկին ընկերներին մեղադրել հնարավոր բոլոր մեղքերը գործելու մեջ: Նրանք փաստացի դաշինք կազմեցին դաշնակցության հետ, որը այդ ժամանակ ծրագրել էր ցանկացած գնով Հայաստանում իշխանությունը վերցնել իր ձեռքը: Արդյունքում, արդեն քսան տարի է՝ մենք ականատես ենք մի երեւույթի, երբ ինչքան ավելի է երկարում իշխանավորների թույլ տված մեղքերի շարանը, այնքան իշխանական համակարգն ավելի ամուր եւ անպարտելի է դառնում: Եվ դրա հիմնապատճառներից գլխավորն այն է, որ մեր քաղաքական կյանքում իսպառ վերացել է հանրությանը ներկայացվող լուծումների այլընտրանքը, քանի որ ընդդիմությունը այդ այլընտրանքը, խնդիրների լուծման իր տարբերակը ներկայացնելու փոխարեն զբաղվում է բացառապես հայհոյախոսությամբ եւ պոպուլիզմով:
Այն փաստը, որ նախորդ եւ ներկա իշխանությունների գործունեությունը մեծապես վնասել է Հայաստանին, վիճարկման ենթակա չէ: Բայց ինչպես է ստացվում, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը փողոց դուրս չի գալիս այդ մարդկանց հեռացնելու համար, ինչպես է ստացվում, որ ամեն անգամ իշխանություններին հաջողվում է ընտրությունները կեղծել: Ի վերջո, եթե ընդունում ենք, որ Հայաստանի բնակչության առավելագույնը՝ մինչեւ 20 տոկոսը, իշխանության մեջ ներգրավված մասն է սատարում իշխանություններին, ապա ինչպես է ստացվում, որ մնացած 80 տոկոսը չի կարողանում իր կամքը թելադրել:
Այս հարցի պատասխանն ի հայտ է գալիս, երբ վերջին 20 տարիներին Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացները դիտարկում ենք քաղաքական հստակ կողմնորոշում չունեցող բնակչի տեսանկյունից, իսկ այդպիսիք Հայաստանի բնակչության զգալի մասն են կազմում: Նրանց ընկալմամբ` մի կողմում իշխանություններն են, որոնք ամեն օր թալանում են երկիրը, իսկ մյուս կողմում ընդդիմությունն է, որը կա՛մ նախկինում ինքն է զբաղված եղել երկրի թալանով, կա՛մ էլ անթաքույց երազում է դա անել իշխանության գալուց հետո: Բացի այդ` իշխանությունները եւ նրանց հայհոյողները նախկին ընկեր կամ առնվազն գործընկերներն են, որոնք միասին ճանապարհ են անցել, եւ համապատասխան իրավիճակի դեպքում էլի կանցնեն` մոռանալով տարբեր հարթակներից ժողովրդին տված խոստումները` «հանցագործ իշխանությանը» պատասխանատվության ենթարկելու մասին: Այսինքն՝ քաղաքական կողմնորոշում չունեցող մարդու համար իշխանության պատկերը շատ հստակ է եւ կոնկրետ անձանցով ներկայացված: Իսկ, ահա, իշխանության ձգտող ընդդիմությունը լավագույն դեպքում մինչեւ մեկ տասնյակ գործիչների դեմքով է ներկայանում, որոնցից միայն առաջնորդի գործառույթն է հստակեցվում. նա հավակնում է լինել Հայաստանի ղեկավարը: Իսկ թե առաջնորդի կողքին` հարթակում կանգնածներից ով ինչով է զբաղվելու, այս հարցի պատասխանը Հայաստանի ընդդիմադիր շարժումներից ոչ մեկը մինչ օրս չի հնչեցրել:
Արդյունքում, չկողմնորոշված քաղաքացիները գրեթե երբեք անձամբ ընտրական գործընթացներում չեն ներգրավվում: Նրանք կա՛մ նստում են տանը` չմասնակցելով ընտրություններին, կա՛մ էլ, լավագույն դեպքում, քվեարկում են հօգուտ ընդդիմության` զուտ այս իշխանություններից դժգոհ լինելու եւ ոչ թե ընդդիմությանը համակրելու պատճառով: Ու թերեւս դա է պատճառը, որ երբ իշխանությունները կեղծում են ընտրությունների արդյունքները, նրանք փողոց դուրս չեն գալիս: Այսինքն՝ քաղաքացիների այս հատվածի կողմնորոշումն այնքան ուժեղ չէ, որ ստիպի նրանց փողոց դուրս գալ եւ պայքարել իշխանության դեմ:
Հետեւաբար, եթե Հայաստանի ընդդիմությունը իրապես ցանկանում է ստանալ ՀՀ քաղացիների այս ստվար հատվածի քվեն, ապա պարտադրված է փոխել իր հռետորաբանությունը` շեշտը դնելով նախ եւ առաջ սեփական ծրագրերի եւ այլընտրանքային լուծումների վրա: Ընդ որում, ընդդիմությունն իր ծրագրերը պետք է ներկայացնի առավելագույնս հստակ` թե՛ իրականացման ժամկետների, թե՛ կոնկրետ իրականացնողների մատնանշմամբ: Հակառակ դեպքում մենք ազգովի ստիպված կլինենք ականատես լինել, թե ինչպես է եւս «տասը տարի իշխանությունն անցնում Մելիք Ադամյան փողոցով»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
3 ՏԱՐԻ ԱՆՑ
Շաբաթ օրը կլրանա Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության երրորդ տարելիցը: 2013թ-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Հրաչ Մուրադյանը սպանվել էր հենց գյուղապետարանի դիմաց՝ հրազենից արձակված կրակոցներից: Արցախյան ազատամարտի մասնակից գյուղապետի սպանությունից 3 տարի անց գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն մինչ օրս կատարված սպանությունը բացահայտված չէ: Հիշեցնենք, որ դաշնակցականի սպանությունը կատարելու կասկածանքով 2013թ-ի ապրիլի 2-ին կալանավորվեց նույն համայնքի բնակիչ Արայիկ Պետոսյանը, որը 9 ամիս անց` դեկտեմբերի 25-ին, նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ ազատ արձակվեց՝ սպանությանն առնչություն ունենալու կասկածների չհաստատվելու հիմնավորմամբ: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվեց հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված գյուղապետի որդին՝ Գեւորգ Մուրադյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ ասաց. «Նախաքննությունը ձեւական է, համենայնդեպս, իրենց կատարած նախաքննությունը եւ միչեւ հիմա գործի ընթացքը ցույց են տալիս, որ նախաքննությունը ուղղակի բառ է, ուրիշ ոչինչ»:

 

 

ՀԱՐՈՒՍՏ ԲՀԿ-ԱԿԱՆԸ
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի դրամական միջոցները, 2015 թվականի հայտարարագրի համաձայն, զգալի աճել են: Անցած տարվա վերջի դրությամբ Մանուկյանը հայտարարագրել է 230 մլն դրամ, 310 հազար դոլար եւ 160 հազար եվրո դրամական միջոց: Պատգամավորի միջին ամսական աշխատավարձը կազմել է 580 հազար դրամ: Պատգամավորն անցած տարի 21 մլն դրամի եկամուտ է ստացել վարձակալության դիմաց վճարի տեսքով: Մանուկյանի կինը՝ Աիդա Մանուկյանը, նույնպես վարձակալության դիմաց վճարներ է ստացել, որոնք կազմել են 5 մլն 417 հազար դրամ: Աիդա Մանուկյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 140 մլն դրամ, 125 հազար դոլար եւ 60 հազար եվրո, նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 73 հազար դրամ: Հիշեցնենք, որ Մանուկյանի անունը վերջին տարեսկզբից հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ պարզվեց, որ նա փորձում է «իշխանափոխություն» կազմակերպել եւ ԲՀԿ-ի ղեկը խլել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի ձեռքից:

 

 

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետ նշանակվելուց մեկ շաբաթ անց մարզպետարանի երկու աշխատակցի ազատել է աշխատանքից եւ նրանց փոխարեն նշանակել իր կուսակիցներին: Մասնավորապես՝ մարզպետը մարտի 11-ին աշխատանքից ազատել է նախկին մարզպետի օգնականներ Արաքսյա Կիրակոսյանին եւ Տիգրան Շահբազյանին: Նրանց փոխարեն մարզպետի օգնական են դարձել դաշնակցականներ Թաթուլ Մանուկյանը եւ Արմեն Պետրոսյանը: Վերջինս հայոց լեզվի եւ գրականության մասնագետ է, իսկ Թ. Մանուկյանը եղել է Սարատակ համայնքի ավագանու անդամ:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՎՍՏԱՀԵԼԻ ՉԷ
Անդրադառնալով նոր ԸՕ նախագծով առաջարկվող էլեկտրոնային գրանցման մեխանիզմին` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Ազատությանն» ասել է.«Ինքը հնարավորություն է ընձեռում՝ գնամ, իր փոխարեն ID քարտով գրանցվեմ, թեկուզ ID քարտը դրվի որեւէ սարքի մեջ, նկարը էկրանին երեւա կամ կանաչ լույս վառվի»: Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշել է, որ ընտրակեղծարարության դեմ պայքարում գլխավոր գործող անձինք, ըստ էության, տեղամասում դառնում են տեխնիկական մասնագետները, մինչդեռ նրանց ընտրության ու նշանակման կարգի վերաբերյալ նախագծում խոսք չկա: «Ո՞վ է նշանակում այդ աշխատողին, այդ էլեկտրոնային կառավարման սերվերի անվտանգության համար ովքե՞ր են երաշխիքներ տալու… լուծված չէ… սա նշանակում է, որ էլեկտրոնային գրանցման եւ դրա սպասարկող բոլոր ատրիբուտները՝ վարչարարությունը, վստահություն չի ներշնչում», – հավելել է պատգամավորը:

 

 

ԿՄԵԿՆԻ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կմեկնի Շվեյցարիա՝ Ժնեւում մասնկացելու Սիրիայից փախստականների աջակցությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը։ Ապա մարտի 30-ին Նալբանդյանը կմեկնի Վաշինգտոն՝ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երեկ այցելել է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցի եւ մասնակցել այնտեղ ընթացող պատարագին: Կվիրիկաշվիլին շնորհավորել է հայ համայնքին Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ: «Մենք ուրախ ենք այսօր այստեղ գտնվելու համար: Մեր բարեկամությունը շատ կարեւոր է: Պետք է այն պահպանել: Վրաստանը հպարտանում է իր՝ ազգությամբ հայ զավակներով»,- ասել է վրաց վարչապետը: Հայկական եկեղեցում հանդիսավոր պատարագին վարչապետի հետ ներկա են եղել նաեւ փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին, Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ալիբեգաշվիլին, կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն:
 

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ
Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որի շրջանակներում նա նաեւ մի շարք հանդիպումներ կունենա: Ս. Սարգսյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցը կմեկնարկի Բոստոնից, որտեղ նա հանդիպում կունենա Մասաչուսեթսի նահանգապետի, համայնքային ղեկավարների եւ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների եւ շրջանավարտների հետ, այց դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց: Իսկ Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում Ս. Սարգսյանը հանդես կգա դասախոսությամբ:

 

 

ՄԵԴՎԵԴԵՎԸ ԿԳԱ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ապրիլի 7-8-ը կայցելի Հայաստան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ՌԴ կառավարության կայքէջի փոխանցմամբ` Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ծրագրվում է դիտարկել առեւտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերության, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները:




Լրահոս