Ինչպես հայտնի է՝ անցած հանգստյան օրերին, երբ Հայ Առաքելական եկեղեցին տոնում էր Սուրբ Զատիկը, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով թշնամին անընդհատ խախտել է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմի նման պահվածքի եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը:
-Պարո՛ն Հարությունյան, մարտի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Արկակոծման հետեւանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով, մի բնակիչ էլ Տավուշում է վիրավորվել: Այսինքն՝ արդեն շարքային քաղաքացիներն են տուժում մարտական գործողություններից: Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այս ագրեսիան:
-Ցավոք, սա ո՛չ առաջին, ո՛չ էլ, կարծում եմ, վերջին անգամ է, որ քաղաքացիական անձինք թիրախ են դառնում ադրբեջանական հայատյացությանն ու արկածախնդրությանը: Առավել ցավալի է, որ այդպիսի հարձակումները տեղի են ունենում Զատիկի եւ Նովրուզի շրջանում զինադադարի խախտումներից զերծ մնալու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գրասենյակի առաջարկին ի պատասխան: Առիթները կարող են բազմաթիվ լինել, իսկ պատճառները թաքնված են նրանց հայատյաց եւ ապակառուցողական քաղաքականության հիմքերում:
-Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ խաղաղ բնակչության գնդակոծումը «ահաբեկչություն» է: «Գործ ունենք ահաբեկչական պետության հետ, դա նույն ահաբեկչությունն է, որն իր էությամբ չի տարբերվում Փարիզում, Բրյուսելում, այլ տեղերում կատարված ահաբեկչություններից եւ մարդասպանություններից»,- ասել է Բաբայանը: Այս հայտարարությանը կարո՞ղ են հետեւել այլ զարգացումներ: Ի վերջո, ահաբեկիչների դեմ պայքարը այլ մեթոդներ է ենթադրում:
-Մեր մարտավարությունը վաղուց փոխված է, եւ անհրաժեշտ դեպքերում պաշտպանության բանակը զսպող եւ պատժիչ գործողություններ է իրականացնում, որոնց շնորհիվ հակառակորդը զերծ է մնում ավելի ագրեսիվ ու հաճախակի խախտումներից: Նրանց ահաբեկչական վարքը դրսեւորվում է գլխավորապես բնակավայրերն ու քաղաքացիական անձանց թիրախավորելու միջոցով, սակայն այն քողարկվում է պետության անվան ներքո, քանի որ ահաբեկչություն կատարողը բանակն է: Այդ պատճառով, դա կարող ենք համարել պետական ահաբեկչություն, որին համարժեք պատասխան տրվում է հայոց բանակի կողմից: Իսկ թե լրացուցիչ ինչ միջոցներ ձեռք կառնվեն այդ պայքարի շրջանակներում, դա արդեն ժամանակը ցույց կտա: Վստահ եղեք, որ հակառակորդը ստանում եւ ստանալու է նույնիսկ անհամարժեք պատասխան՝ իր յուրաքանչյուր ոտնձգության դիմաց:
-Տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին զսպող կոչերով են հանդես գալիս, սակայն վերջնարդյունքում չի հաջողվում սահմանային լարվածությունն իրականում չեզոքացնել: Ձեր կարծիքով, ինչո՞ւ չի հաջողվում միջազգային հանրությանը հասնել հրադադարի ռեժիմի պահպանման:
-Պատասխանը միանշանակ է. քանի որ Ադրբեջանը չի ցանկանում ո՛չ հիմնախնդիրը կարգավորել փոխհամաձայնության միջոցով, ո՛չ էլ ստատուս քվոյի պայմաններում բանակցել: Բաքվի վերնախավը երկու տարբերակի պարագայում էլ վտանգ է զգում իր մաշկի համար, այդ պատճառով նախընտրում է հայրենասիրության քողի տակ հոխորտալ՝ «հայկական սպառնալիքի» եւ «կորուսյալ հայրենիքի» միջոցով սեփական իշխանության ամրության հարցերը լուծելով: Գլխավոր պատճառը, բնականաբար, Բաքվում է, սակայն միջազգային հանրությունը եւս անելիք ունի այդ ուղղությամբ: Մասնավորապես՝ Ադրբեջանի սպառազինության աչք ծակող խախտումների եւ ամենաբարձր ամբիոններից կիրառվող ակնհայտ ֆաշիստական բնույթի հռետորիկայի ֆոնին պետք է համապատասխան սանկցիաներ եւ կանխարգելիչ միջոցներ ձեռք առնվեն պաշտոնական Բաքվի հանդեպ: Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը, ապա նրա մանդատը թույլ չի տալիս համապատասխան վարք թելադրել կողմերին, փոխարենը պետք է հաշվի նստի բոլորի դիրքորոշումների հետ: Այնինչ՝ միջնորդ պետություններն առանձին-առանձին, որպես միջազգային կարգի անվտանգության երաշխավորներ, կարող են եւ պետք է սաստեն Ադրբեջանի ռազմատենչ վարքը, ինչպես նաեւ՝ զերծ մնան նրան սպառազինություններ մատակարարելուց:
-Ի՞նչ է արել Արցախը իրավիճակը փոխելու, լարվածությունը մեղմելու համար: Արդյո՞ք դիվանագիտական խողովակներով Արցախի Կառավարությունն ինչ-որ նախաձեռնություն սկսել է:
-Լարվածությունը մեղմելու գլխավոր միջոցը կհամարեի հայոց բանակի հզորության ու վճռականության պարբերական ցուցադրումը համապատասխան զսպող եւ պատժիչ գործողությունների միջոցով: Դրան զուգահեռ, բնականաբար, դիվանագիտական ուղիներով եւս աշխատանք է կատարվում ադրբեջանական ագրեսիվությունը խեղդելու համար: Սակայն նախորդ փորձերը վկայում են, որ Բաքուն դիվանագիտական ճնշումներին ենթարկվելու եւ պայմանավորվածություններին հետեւելու հակվածություն չունի:
ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ԻՐ ԱՌԱՋԱՐԿԸ ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԻՆ ԴԵՄԱԳՈԳ Է ԱՆՎԱՆՈՒՄ
Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով 4+4+4 ձեւաչափը քննադատող ընդդիմադիր ուժերին, նրանց որակեց «պարզ դեմագոգներ», իսկ իր հեղինակած ձեւաչափն էլ գնահատեց որպես հայ քաղաքական կյանքի նշանակալի նորույթ եւ աննախադեպ երեւույթ:
Ասուլիսի ընթացքում Զուրաբյանը նախ անդրադարձավ այն քննադատություններին, որոնք վերաբերում էին իշխանության հետ մեկ սեղանի շուրջ նստելուն եւ ինչ-որ հարց քննարկելուն. «Մեզ քննադատում են՝ ասելով, որ այն ժամանակ, երբ գնում էինք Սահմանադրությունը քննարկելու, նկատի ունեն այն տխրահռչակ ֆոտոսեսիաները, դուք մեզ մեղադրում էիք, որ գնում ենք քննարկելու դա իշխանության հետ, հիմա էդ ո՞նց է լինում, որ դուք եք գնում քննարկելու իշխանության հետ: Սա պարզ դեմագոգիա է: Ամենակարեւորն այն է, որ սա հանրության օրակարգն է, իսկ նա Սերժ Սարգսյանի օրակարգն էր»- ընդգծեց նա:
Խոսելով ընդդիմադիր ուժերի մյուս վերապահումների մասին` Զուրաբյանը նշեց, որ նրանք ներկայացվածության հարց են բարձրացնում. «Բավականին աբսուրդային է ստեղծել մի ձեւաչափ, որտեղ հնարավոր է ընդգրկել 70 գրանցված կուսակցություն եւ 5000 ՀԿ: Դա աբսուրդ է, կոնսենսուս այդ ֆորմատով հնարավոր չէ»,-նկատեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Քննադատության հաջորդ կետը Զուրաբյանի ներկայացմամբ այն է, որ ՀԱԿ խմբակցության մեջ կան պատգամավորներ կամ կուսակցություններ, որոնք գործընթացից դուրս են մնում: «7 պատգամավորից 6-ը, ըստ էության, միացել են միասնական պլատֆորմին՝ այդ 5 պահանջներին: Լյուդմիլա Սարգսյանի դիրքորոշումը չգիտենք, որեւէ կերպ չի արտահայտվում, մնացած 6-ի տեսակետը գիտենք»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին պրոցեսից դուրս թողնելուն, Զուրաբյանը առաջարկեց Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանին» եւ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներին» դիտորդի կարգավիճակով մասնակցել քննարկմանը:
Լեւոն Զուրաբյանի այս առաջարկի շուրջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «Նախ նշեմ, որ «Ազատ դեմոկրատներ»-ը ոչ թե պաշտպանում է ինչ-որ ձեւաչափ, այլ մենք պաշտպանում եւ առաջ ենք տանում այն պլատֆորմը, այն հինգ կետերի միասնական պահանջը, որի տակ ստորագրել ենք թե՛ մենք, թե՛ այլ քաղաքական ուժեր, թե՛ հասարակական կազմակերպություններ: Մենք մասնակցում ենք այնպիսի պրոցեսների, որոնց վրա ազդեցություն ունենք, եւ որոնց կողմնակիցն ենք: Լուրջ չեմ համարում, որ որեւիցե մեկը` սկսած Ազգային ժողովի նախագահից, վերջացրած պատգամավորներով, ինձ որեւիցե պրոցեսի դիտորդի կարգավիճակով հրավիրի: Եւ կարծում եմ, որ դա ուղղակի սայթաքում է եղել, երբ որեւէ մեկը նման հայտարարություն է արել»:
Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ նշված առաջարկի հետ կապված ասաց. «Կուսակցությունում կքննարկենք, կպատասխանենք»:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՐԶԵԼ
Մարտի 24-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Սեւակ Համբարձումյանին գտել էին հրաձգարանում՝ հրազենային մահացու վնասվածքով: Դեպքից 5 օր անց «Ժողովորդ»-ը փորձեց ՀՀ քննչական կոմիտեից պարզել, թե ի՞նչ է բացահայտվել այս գործի քննության ընթացքում: Մեր հարցումից հետո պաշտոնական տեղեկություն տարածվեց այն մասին, որ զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրթիռային համալիրի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Ն. Չիչակյանը: Ուսումնասիրելով ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը՝ այդպես էլ անհասկանալի մնաց, թե շարքային Չիչակյանի մեղադրանքը որն է: Նա մեղադրվում է Սեւակ Համբարձումյանին սպանելո՞ւ, թե՞ ինքնասպանության դրդելու մեջ: Առավել հավանական է, որ քննչական կոմիտեի քննիչները դեռեւս հստակ չեն կողմնորոշվել. սպանություն է եղել, թե ինքնասպանության դրդում, դրա համար փորձում են ժամանակից առաջ չընկնել:
ՊԵԿ-Ի ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը երեկ նոր խորհրդական է նշանակել: Ըստ այդ տեղեկությունների՝ նորանշանակ պաշտոնյան Կարեն Բրուտյանն է: Հիշեցնենք, որ վերջինս 2014 թվականին նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ
Երեկվանից մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ԱՄՆ: Ինչպես հայտնի է՝ նա ԱՄՆ է մեկնել միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, բայց հընթացս այլ հանդիպումներ էլ է անցկացնում: Այս այցի հիմնական ինտրիգն այն է, թե արդյոք ԱՄՆ-ում տեղի կուենա Սարգսյան-Ալիեւ հանդիպում, թե ոչ: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ հայտարարել է, որ այս այցելության ընթացքում Ալիեւ-Սարգսյան հանդիպում նախատեսված չէ: «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման քննարկման համար պլանավորում եմ հանդիպումներ անցկացնել կողմերի հետ Մինսկի խմբի մյուս համանախագահների անունից»,- հավելել է Ջեյմս Ուորլիքը: Մինչ այս լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները փորձում են առիթն օգտագործել եւ Վաշինգտոնում Ալիեւ-Սարգսյան հանդիպում կազմակերպել, քանի որ նրանք երկուսն էլ մասնակցում են միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Բայց ինչպես երեւում է՝ միջնորդները չեն կարողացել կողմերին համոզել: