«ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ» ԿԱՊԸ ԱԶԴԵՑԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործից անցել է 4 ամիս, սակայն մինչ օրս գործով կալանավորված անձանց խափանման միջոց կալանքը երկարաձգելուց բացի՝ այլ էական գործողություն չկա: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն այս գործով «երկու քարի արանքում» է:

Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական վարկածի, վնասազերծված խումբը ծրագրավորել էր հարձակումներ իրականացնել ՀՀ կառավարության, խորհրդարանի վրա, ավելին՝ անգամ ծրագրել էին պայթեցնել Ֆրանսիա մեկնող Սերժ Սարգսյանի ինքնաթիռը:
Եվ այսպես, մինչ ԱԱԾ նոր ղեկավար Գեւորգի Կուտոյանի նշանակումը, գործով նախաքննությունը բավականին ակտիվ կերպով ընթանում էր: Եւ ինչպես տեղեկացրել էինք, նորանշանակ ԱԱԾ պետը նշանակվելուց հետո փաստացի կասեցրել էր քննչական աշխատանքների ընթացքը, մինչեւ ծանոթանար: Եւ հիմա գործով կալանավորվածների պաշտպանները բողոքարկում են իրենց պաշտպանյալների խափանման միջոցի՝ կալանքի հարցի առնչությամբ՝ դժգոհելով, որ դատարանները մերժում են իրենց բողոքները՝ բավարարելով նախաքննությունը իրականացնող մարմնի ներկայացրած հիմնավորումները:
ԱԱԾ-ին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ըստ ամենայնի, այն կալանավորվածների ու կասկածյալների անունները, որոնք մինչ այժմ հայտնի են հանրությանը, երեւի չընդլայնվի: Հավանաբար, գործն այդքանով էլ կսահմանափակվի, եւ նոր մեղադրյալներ ու կասկածյալներ գործում չեն ներգրավվի, եթե երկրում իրավիճակը կտրուկ չփոխվի:
Իսկ ինչո՞ւ է ստեղծվել այս վիճակը: Բանն այն է, որ մեզ հասած տեղեկություններով՝ կալանավորված անձինք ԱԱԾ քննիչներին այնպիսի ազդեցիկ մարդկանց անուններ են տվել, որ ԱԱԾ-ն կանգնել է խնդրի առաջ: Իրավապահները, ամենայն հավանականությամբ, քննարկել եւ հասկացել են, որ եթե կալանավորվածների ցուցմունքների խորությունը ստուգեն, ապա Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի առնվազն կեսը պետք է մասնակցի քննչական գործողություններին՝ ամենատարբեր կարգավիճակներով:

Ցուցմունքներ ազդեցիկների մասին

Եվ այսպես, որպեսզի լույս սփռվի այս պատմության մեջ, անհրաժեշտ ենք համարում մեզ հասած տեղեկություններով կիսվել հասարակության հետ՝ դրանց 100 տոկոսանոց հավաստիությունը փոքր-ինչ կասկածի տակ դնելով: Ինչո՞ւ, որովհետեւ պաշտոնական խողովակներով հնարավոր չի լինում պարզել ստացած տեղեկությունը:
Ըստ լուրերի՝ գործով կալանավորված անձանցից մի քանիսը ցուցմունք են տվել հայ առաքելական եկեղեցու արցախյան հոգեւորականներից մեկի դեմ, թե իբր նա օրհնել է իրենց գործը, օժանդակել:
Սակայն այսքանով ազդեցիկ մարդկանց անունների շարքը չի ավարտվում: Ըստ շրջանառվող լուրերի՝ գործում ցուցմունքներ կան Սերժ Սարգսյանի մերձավոր գործարարներից մեկի դեմ, ով իբրեւ թե ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել իրենց: Ավելին՝ ցուցմունքներ կան նաեւ ԱԱԾ-ի նախկին պաշտոնյաների դեմ, որոնցից մեկի անունն ու հայրանունը նույն՝ Գ. տառով է սկսվում: Ըստ հանցախմբի անդամներից մի քանիսի՝ նա է պլանավորել հարձակումների ողջ գործընթացը:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ գործով կալանավորված անձինք իրավապահներին որպես ապացուց ինչ-որ ձայնագրություններ են ներկայացրել, թե ում հետ ինչպես են հանդիպել, ինչ են զրուցել, ինչ են պայմանավորվել եւ այսպես շարունակ:
Արդյո՞ք կալանավորված անձանց ցուցմունքները համապատասխանում են իրականության, թե նրանք պարզապես իրենց ցուցմունքներով փորձում են հնարավորինս շատ մարդկանց ներքաշել պատմության մեջ, դժվար է ասել: Սակայն նկատենք, որ Սերժ Սարգսյանի մտերիմ շրջապատի եւ ԱԱԾ նախկին աշխատակիցների անուններից բացի՝ ցուցմունքներ կան նաեւ ՀՀ ուժային կառույցներից մեկի ղեկավարի եւ ՊՆ որոշ աշխատակիցների դեմ:
Հիշեցնենք, որ գործով կալանավորվածներից շատերը, հատկապես ազատամարտիկները, ԱԱԾ քննիչներին հայտնել էին, որ խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն իրենց ասել էր, թե ձեռք բերված զենքը օգտագործելու են Ղարաբաղին օգնելու համար: Երբ իրավապահները նրանցից հետաքրքրվել են, թե եթե Ղարաբաղի փրկության համար են այդքան զենք ձեռք բերել, ինչու ՀՀ ՊՆ-ի չեն դիմել, ազատամարտիկներից շատերը պատասխանել են, որ մինչ խմբի կազմում ընդգրկվելը դիմել են ՊՆ-ին՝ առաջարկելով իրենց օգնությունը, սակայն մերժում են ստացել, թե արդեն մեծ եք, եւ մեր զինվորներին օգնելու կարիք չկա:
Չի բացառվում, որ ՊՆ-ն խմբի շատ անդամների ծառայություններից հրաժարվել է օգտվել, սակայն չիմանալով խմբի պարագլուխների բուն նպատակը՝ նրանց, այնուամենայնիվ, ինչ-որ օժանդակություն է ցուցաբերել:
Թերեւս այս խառնաշփոթն է պատճառը, որ գործի քննությունը Սերժ Սարգսյանի խոստացած մի երկու շաբաթ, մի ամիս ժամկետից էականորեն երկարեց: Հավանաբար, ԱԱԾ-ն առաջիկայում գործը կուղարկի դատարան մինչ այժմ կալանավորված եւ կասկածյալների թվով: Քանի որ ՀՀ իշխանություններին խիստ անհրաժեշտ է այս գործի քննությունը օր առաջ ավարտին հասցնել: Ինչ որ պետք էր, արդեն իմացվել է նախաքննության ընթացքում:
Հ.Գ Այսօր ժամը 12-ին ԱԱԾ կողմից վնասազերծված «հանցավոր խմբի գործով նախաքննության ընթացքի մասին տեղի է ունենեալու ասուլիս, որը կներկայացնի ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՃՆՇՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ
Քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանը նամակով դիմել «Ժողովուրդ»-ի խմբագրություն: Նրա տեղեկացմամբ՝ գործով դատավոր Արմեն Բեկթաշյանի նկատմամբ ճմնշումներ են գործադրվում, դրա համար էլ գործը մտել է փակուղի:
Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը կալանավորվել էր 2014թ հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում թաղային հեղինակություն համարվող Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս գործով դատաքննությունը արդեն 1 տարի երեք ամիս է, ինչ շարունակվում է, սակայն գործով վկաների գրեթե մեծ մասը չեն ներկայանում դատարան, իսկ կարեւոր վկաներից մեկին էլ գտան ինքնասպան եղած:
Եվ այսպես, Իսրայել Սարգսյանը բաց նամակով մեզ հայտնում է. «Ես՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ի կալանավոր Իսրայել Սարգսյանս, երկար մտորումների արդյունքում որոշեցի դիմել Ձեզ՝ հայտնելով իմ նկատմամբ իրականացվող ապօրինությունների մասին: 2014 թվականի փետրվարի 3-ին ինձ կալանավորել են եւ մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերի եւ 235 հոդվածի 1-ին մասի, այն է՝ քրեական հեղինակություն համարվող Թեւոսի եղբայր Արթուր Սաֆարյանի եւ իմ ծանոթ Մովսես Ներսիսյանի սպանության մեջ»:
Ըստ Իսրայել Սարգսյանի՝ «Այդ հանցադեպերի հետ ես ոչ մի առնչություն չունեմ, իսկ մեղադրանքի չակերտավոր ապացույցները հիմնավորված են մեղադրող կողմի ենթադրությունների եւ օպերատիվ բնույթի վարկածների վրա: Բացակայում է մեղադրանքը հիմնավորող ապացույցներ, չկան Մովսես Ներսիսյանի դիակը եւ մեղադրանքը ինչ-որ չափով հաստատող որեւէ լուրջ ապացույց: Դատաքննությունը այդ պատճառով մտել է փակուղի, ինչի արդյունքում էլ ես համոզված հայտարարում եմ, որ գործում առկա են որոշակի ճնշումներ, դատաքննությունը ընդունել է երկարատեւ եւ արհեստական ձգձգումների բնույթ: Այդ ճնշումների պատճառով դատավորը չի կարողանում օբյեկտիվ եւ ժամանակին դատաքննություն իրականացնել:
Դիմելով պաշտոնատարներին` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը, խնդրում եմ միջամտել իմ նկատմամբ արհեստականորեն սարքված քրեական գործի արդարացի լուծմանը»:

 

 
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
2015 թվականի մարտի 28-ին Գյումրիում անցկացվող «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ ոստիկանության հանցավոր անգործության եւ անուղղակի աջակցության պայմաններում «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած անձը դեռեւս ազատության մեջ է: Այդ կապակցությամբ «Հիմնադիր խորհրդարանի» երեկ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դրան հակառակ՝ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելուց 10 օր անց՝ ապրիլի 7-ին, ռեժիմի քաղաքական պատվերով նախապես՝ դեռեւս փետրվարի 18-ին, անհիմն եւ ակնհայտ ապօրինի կերպով հարուցված քրեական գործով կեղծ մեղադրանքով կալանավորվեցին եւ մեկ ամիս անազատության մեջ պահվեցին «Հիմնադիր խորհրդարանի» վեց ներկայացուցիչներ՝ Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը եւ Գեւորգ Սաֆարյանը:

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ 37 ԳՈՐԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Սահմանադրական հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի մարտի 29-ի դրությամբ հարուցվել եւ քննվել են 37 քրեական գործեր, որոնցից 11-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 15 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործ կասեցվել է, 3 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 6 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՍԿՍՎԵԼ ԵՆ
ԼՂՀ ՊՆ տեղեկացմամբ` պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը մարտի 26-ին հաջորդող երկու օրերի ընթացքում ձեռնպահ է մնացել խոշոր տրամաչափի հրետանային միջոցների օգտագործումից:




Լրահոս