Քաղաքական հակառակորդների միջեւ պայքարի կարեւոր առանձնահատկություններից է միմյանց ընտանիքի անդամների հասցեին հնչող քննադատությունը: Այդպիսի դրսեւորումներից մեկին օրերս ականատես եղանք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, երբ Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի համար պայքարող գործարար Թրամփն ու սենատոր Քրուզը միմյանց անհաշտությանը ներգրավեցին նաեւ իրենց կանանց: Նշենք, որ Հայաստանում նման պրակտիկան որոշակի իմաստով գործարկվել է 2008թ. նախագահական ընտրություններում:
ԱՄՆ-ում նախագահական թեկնածուների կանանց շուրջ վեճը բորբոքվեց Թեքսասի սենատոր Թեդ Քրուզի աջակցության ճամբարից, որը համացանցում հրապարակեց գործարար Դոնալդ Թրամփի կնոջ` Մելանիա Թրամփի` դեռեւս 2000թ. կիսամերկ լուսանկարները: Թեեւ Քրուզը ժխտեց, թե ինքը որեւէ կապ ունի նկարների հրապարակման ու տարածման հետ, դա չմեղմեց Թրամփի զայրույթը: Վերջինս հրապարակայնորեն Քրուզին խորհուրդ տվեց զգույշ լինել եւ չափը չանցնել` խոստանալով անհրաժեշտության դեպքում հարվածներ հասցնել Քրուզի կնոջը` Հեյդիին: Թրամփը երկու օր անց իրագործեց իր խոստումը եւ թվիթերի իր էջում տեղադրեց իր կնոջ եւ Քրուզի կնոջ լուսանկարների կոլաժը` նպատակ ունենալով համեմատությունը ներկայացնել իր օգտին: Ավելին` նույն գրառման մեջ գործարարը հավելել էր, որ երկու նկարներն արդեն իսկ ավելի ճչուն են խոսում, քան բառերը: Հատկանշական է, որ Վիսկոնսինում տարվող քարոզարշավի շրջանակներում Դոնալդ Թրամփը հյուրընկալվել էր նահանգի ամենահայտնի ռադիոհաղորդմանը, որի ընթացքում հաղորդման հեղինակ ու վարող Չարլի Սայքսը բավականին դիպուկ էր ձեւակերպել իր հարցը. «Դա՞ է Ձեր ոճը, երբ մրցակից թեկնածուի աջակիցը եւ ոչ թե անձամբ թեկնածուն, անընդունելի մի բան է անում, անհատապես Ձեզ համար դա նորմա՞լ է, եւ Դուք եւս նույն կերպ կարող եք վարվել»: Թրամփը հակադարձել է, որ ինքը այդպիսի պահվածք ակնկալում էր փողոցի 12-ամյա կռվարարներից եւ ոչ թե Աբրահամ Լինքոլնի զբաղեցրած պաշտոնի հավակնորդից: Թրամփը հավելել է, որ իր պատասխանը խիստ թույլ էր` ի համեմատություն Քրուզի ճամբարի քայլի:
Սենատոր Քրուզն իր կնոջ ուղղությամբ Թրամփի հարձակմանն անդրադառնալիս գործարարին անվանել է «վախկոտ»: Սենատորը պնդել է, որ արտաքին քաղաքականության բարդ տիրույթում մոլորված լինելու պատճառով է Թրամփը ձգտում բանավեճը տեղափոխել անձնական հարթություն. «Դոնալդը չգիտի: Նա չի հասկանում այս հարցերը»: Քրուզը շեշտել է, որ որքան էլ Թրամփը փորձի կեղտոտ տակտիկա կիրառել, ինքը հետաքրքրված չէ նույն մակարդակի բանավեճի մեջ:
Նկատենք, որ ԱՄՆ-ում ամուսնական դավաճանության թեման խիստ զգայուն է եւ կարող է մեծապես ազդել քաղաքական գործչի կարիերայի վրա: Շատերը կհիշեն, թե ինչպիսի խայտառակ իրավիճակի մեջ էր հայտնվել ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլլ Քլինթոնը Մոնիկա Լեւինսկու հետ կապված պատմության ժամանակ` հազիվ խուսափելով վերահաս պաշտոնանկությունից: Եվ, ահա, ԱՄՆ-ում հեղինակավոր National Enquirer-ի կողմից հրապարակվել է հաղորդում, որ սենատոր Քրուզը բազմիցս անհավատարիմ է գտնվել իր կնոջ հանդեպ: Քրուզն այստեղ եւս նկատել է Թրամփի հետքը` ծավալված տեղեկատվական արտահոսքերը որակելով իբրեւ «աղբ»: Թրամփի հետքերը տեսնելու Քրուզի հակվածությունը բացատրվում է նրանով, որ National Enquirer-ի հրատարակիչ Դեյվիդ Փեքերը ընկերական հարաբերություններ ունի Թրամփի հետ: Վերջինս, սակայն, հրաժարվել է տարածվող լուրերի հետ որեւէ կապ ունենալուց` փաստելով, որ անգամ իրեն չընդունող մի շարք ԶԼՄ-ներն են պնդում, որ Քրուզի արտամուսնական կապերի մասին տեղեկություններն առաջին անգամ հավաքել ու շրջանառության մեջ դնելու փորձ է արել նախկին թեկնածու Մարկո Ռուբիոյի շրջապատը: Այսուհանդերձ, կարող ենք փաստել, որ անկախ նրանից, թե ով է նման ապաքաղաքական ու միանշանակորեն մերժելի շահարկումների հեղինակը, այդ ամենը վնասում է ԱՄՆ Հանրապետական կուսակցությանը, որի ներքին պառակտվածությունն արդեն իսկ հասնում է աննախադեպ աստիճանի` դեպի Սպիտակ տուն լայն ճանապարհ բացելով Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների, մասնավորապես` Հիլարի Քլինթոնի համար:
Նկատենք, որ Հայաստանում նախագահական մրցավազքում թեկնածուները եթե միմյանց անվանարկում էլ են, ընտանիքի անդամներին դիպչում են խիստ հազվադեպ: Նման բացառություն եղավ 2008թ., երբ ընտրություններին մասնակցում էր նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի կինը, ինչպես հայտնի է, ազգությամբ հրեա է: Հարկավ, իշխանության ներկայացուցիչները եւ մասնավորապես Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, երբեւէ Տեր-Պետրոսյանի կնոջ հասցեին որեւէ հրապարակային ակնարկ չէին արել, սակայն նրանց սպասարկող լրատվամիջոցներով անընդհատ շրջանառվում էր Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի ազգային պատկանելության հարցը` հստակ բացասական ենթատեքստով: Ավելին` անգամ ընտրություններից հետո, նույն թվականի մայիսին, իշխանական լրատվամիջոցները մեղադրում էին Տեր-Պետրոսյանի կնոջը` ամուսնու եւ մասսոների միջեւ կապն ապահովելու եւ նրանցից հսկայական ֆինանսական միջոցներ ստանալու մեջ: Քրեական հատկանիշներ պարունակող հար եւ նման այլ մեղադրանքներն այդպես էլ չքննվեցին ՀՀ իրավապահ մարմինների կողմից` ցույց տալով, որ դրանց իրական նպատակն ընդդիմադիր գործչի վարկաբեկումն էր: Շեշտելի է, որ այդ հանգամանքը համարժեք ընկալում էր գտել նաեւ այնժամ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի` ԱՄՆ Պետդեպին ուղղված զեկուցագրերում, որտեղ հեղինակը խստորեն դատապարտում էր իշխանությունների վարքագիծը: Ըստ էության, եթե ԱՄՆ-ում թեկնածուներն առանց կաշկանդվելու կարող են անձամբ հանդես գալ մրցակցի ընտանիքի հանդեպ քննադատությամբ, ապա Հայաստանում իշխանությունը դա անում է լիովին քողարկված ձեւով` իր սպասարկու լրատվամիջոցների ձեռամբ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵԺ ԵՆ ԱՆՑՆԵԼՈՒ
ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավանում ապրիլի 17-ին կայանալիք գյուղապետի ընտրությունները թեժ են անցնելու: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ դաշնակցական Հայկ Սարգսյանը եւ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Ջիվան Քամալյանը:
Նախօրեին «Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցել էր գործող ՀՀԿ-ական գյուղապետ Ջիվան Քամալյանի հետ: Վերջինս մեր հետ զրույցում հայտարարել էր, որ իր դաշնակցական մրացկիցը՝ Հայկ Սարգսյանը, «հեռախոսով է ձայն հավաքում», եւ ինքը չի պատրաստվում գյուղապետի աթոռը փոխանցել մի երիտասարդի: Գործող գյուղապետի հայտարարության հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցել է նաեւ դաշնակցական թեկնածու Հայկ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, գործող գյուղապետը մեր հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում գյուղապետի պաշտոնը փոխանցել «մի անփորձ երիտասարդի»: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս հայտարարությունը:
-Գործող գյուղապետը ծնվել է 1960 թվականին, ինքը հիմա 55 տարեկան է, իսկ 16 տարի առաջ ինքը 39 տարեկան էր, ես հիմա 37 տարեկան եմ. հետաքրքրվողները թող նայեն իմ եւ իր կենսագրությունը, անցած ճանապարհը ու կպարզեն, թե ով ինչով է զբաղվել եւ ինչ է արել թե՛ այս համայնքի կյանքի, թե՛ այս երկրի համար:
-Իսկ նրա կողմից հնչեցված հեռախոսով ձայն հավաքելու հայտարարության մասով ի՞նչ կասեք:
-Սուտ է, ես հեռախոսով չեմ պայքարում: Քարոզարշավը դեռ հայտարարված չէ, բայց մենք ունենք ծրագիր: Այս ընթացքում մարդկանց հետ հանդիպում ենք, տուն առ տուն մտնում ենք եւ բնակիչների հետ զրուցում ենք: Նրանցից պարզում ենք, թե որ խնդիրն ունի հրատապ լուծման կարիք, այն ներառում ենք ծրագրի մեջ:
-Ի՞նչ արձագանքներ են լինում բնակիչների կողմից:
-Դրական: Մենք խնդիր ունենք համայնքի կյանքը ակտիվացնելու, որովհետեւ այն նմանվել է թոշակառու պապիկի: Ես ճամփա ունեմ անցած, տաք գլխով դուրս չեմ եկել: Մեր համագյուղացիները փոփոխության կարիք են զգում:
-Այնուամենայնիվ, Ձեր եւ Ձեր մրցակցի միջեւ լարվածություն կա՞:
-Մեր մեջ չկա լարվածություն: Նախապես խոսել եմ իրենց հետ, առաջարկել եմ ոչ մի բարդություն չստեղծել ընտրություններում: Ես իր պայքարը չեմ տեսել, անհայտ է: Բայց կասեմ հետեւյալը՝ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում: Ի դեպ, իր մտերիմ միջավայրի մարդկանցից երկուսին կասեմ՝ ձայն կտան իրեն:
-Ի՞նչ եք ցանկանում փոխել գյուղում:
-Գիշերային լուսավորություն չունենք, տարիքային խմբերի զբաղվածության հարցը լուծված չէ: Երիտասարդության համար ոչ մի ոգեւորող բան չկա: Աղբահանության հարցը լուծման կարիք ունի:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԶԻՆՎԱԾ «ՌԱԶԲՈՐԿԱՅԻ» ԳՈՐԾՈՎ
2016թ. փետրվարի 11-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի մասնակից, Դիլիջանի 27-ամյա բնակիչ Սերգեյ Միքայելյանին մեղադրյալի, կասկածյալի կամ տուժողի կարգավիճակ դեռեւս տրված չէ: Այս մասին տեղեկացանք Տավուշի մարզի իրավապահներից: Եվ քանի դեռ նրան իրավական կարգավիճակ չի տրված, ըստ օրենքի, նրա նկատմամբ խափանման որեւէ միջոց չի կարող ընտրվել: Դեռեւս չեն ստացվել հարուցված քրեական գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության արդյունքները, որոնք շատ կարեւոր են քրեական գործի լիարժեք բացահայտման համար:
«Ժողովրդի» տեղեկություններով՝ Ս. Միքայելյանին առաջիկայում մեղադրանք կառաջադրվի ապօրինի հրազեն պահելու համար: Սերգեյ Միքայելյանի դեմ կատարած մահափորձի կապակցությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանի որդին՝ 26-ամյա Դավիթ Հակոբյանը: Վերջինս մոտ մեկ ամիս փախուստի մեջ գտնվելուց հետո ներկայացավ իրավապահներին, նա կալանավորված է:
Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 11-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Սերգեյ Միքայելյանը Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել ինքնաձիգի կրակոցից վիրավոր վիճակում, «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Ս. Միքայելյանը Դիլիջան քաղաքի տարածքում ինքնաձիգի գնդակից վիրավորվել է, երբ գտնվել է ավտոմեքենայի մեջ: Ինքնաձիգի գնդակը ծակել-անցել է ավտոմեքենայի դուռը եւ խոցել Սերգեյի ոտքը: Նա ի պատասխան՝ իր մոտ գտնվող ինքնաձիգից օդ է կրակել: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Սպանության փորձը») եւ 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»): Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը: Քննությունը պետք է պարզի, թե որտեղից են Դավիթ Հակոբյանը եւ Սերգեյ Միքայելյանը ձեռք բերել ապօրինի զենք համարվող 2 ինքնաձիգերը: Դրդապատճառը, թե ինչու է Դիլիջանի զինկոմի որդին ապօրինի ինքնաձիգով կրակել համաքաղաքացի երիտասարդի վրա` համարվում է նախաքննական գաղտնիք:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ