ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պատմամշակութային առանձնակի արժեք ունեցող՝ բրոնզեդարյան շրջանի հնաոճ առարկաներ հափշտակելու դեպքի առթիվ:
Նախնական քննության տվյալներով՝ Կապան քաղաքի բնակիչներից մեկը 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին մետաղորոնիչ սարքի միջոցով հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող «Շինատեղ» գյուղատեղիի տարածքից հայտնաբերել ու հափշտակել է բրոնզե հնագույն զարդեր և այլ հնաոճ առարկաներ։
Քննության ընթացքում բնակիչը ներկայացրել է տարբեր առարկաներ, որոնք բրոնզեդարյան շրջանի՝ ք.ա. 2-3-րդ հազարամյակի, լուրիստանյան մշակույթի զարդեր են, մասնավորապես՝ պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող բրոնզյա զանգակներ, թասեր, ունելի, բռնակներ, ծիսական զարդանախշեր, սեպ, գուրզեր, դաշույն, դաշույնի պատյաններ, եռոտանի կախազարդեր, բազկակալներ, ապարանջաններ, զրահաբաճկոնի դետալներ, կենդանիների երախակալներ, արձանիկ, մատանիների վերնամասեր և այլն:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը), և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են վեց տասնյակից ավել պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող առարկաներ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: