«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Պրեմիերա 3» երաժշտական նախագծի առաջին կիսաեզրափակիչ փուլի շրջանակում մասնակիցներից Նարե Գեւորգյանի կատարմամբ «Իմ փոխարեն» երգն օրերս ողողեց համացանցը եւ հասցրեց մեծ թվով դիտումներ, հավանություններ եւ մեկնաբանություններ հավաքել սոցցանցերում եւ բլոգերում:
Նարեն այնքան զգացմունքային կատարեց երգը, որ հուզեց նաեւ ժյուրիին, հատկապես Ավետ Բարսեղյանին եւ հանդիսատեսին: Անգամ ելույթից հետո Նարեի արցունքները չէին դադարում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը երգել է բոլոր այն մարդկանց սրտից, որոնք երբեւէ ապրել են նկարագրվող պահերը. «Քանի որ ես էմոցիոնալ մարդ եմ, պարզապես անհնար կլիներ «Իմ փոխարեն»-ը կատարել առանց արցունքների: Եվ չնայած փորձում էի ինձ զսպել, որ չասեն` լացեց, որպեսզի երգն իրեն մնա (ըստ նախագծի կանոնների` ժյուրին պետք է ընտրեր, թե մասնակիցներից ում հանձներ երգը, հեղ.), այնուամենայնիվ, չստացվեց: Կարծում եմ` էմոցիաները տեղ հասցնելու գործում մեծ դեր ունեցավ նաեւ թավջութակի նվագակցությունը, որը բավական համահունչ էր ստեղծագործությանը»:
Մեր այն հարցին, թե չի կարծում, որ մասնակիցներից որ մեկն էլ հետագայում կատարի այս երգը, այն ասոցացվելու է Նարեի հետ, վերջինս պատասխանեց. «Ինձ պետք էր, որ ես գեթ մեկ անգամ կատարեի այդ երգը, եւ իմ ցանկությունն իրականացավ, դեռ ավելին` այն սպասվածից ավելի մեծ տարածում գտավ: Եթե այն մնար ինձ, ես ամեն անգամ այդ գործը կատարելիս ուղղակի կսպառվեի: Երգն արդեն պատկանում է նախագծի մեկ այլ մասնակցի` Նիկ Եգիբյանին: Իհարկե, մեր երաժշտական ոճերը շատ տարբեր են, բայց վստահ եմ, որ Նիկին էլ կհաջողվի առանձնահատուկ կերպով մեկնաբանել այս ստեղծագործությունը՝ թեկուզ յուրահատուկ գործիքավորում կատարելով»:
Խոսելով «Պրեմիերայի» վերջին փուլի մասին` Նարեն խոստացավ, որ ինքը ներկայանալու է ստանդարտից դուրս շոուով. «Հայաստանում հաշված անգամներ տեսած կլինեք նման շոու` իր կրեատիվ մոտեցումներով. այդ ելույթից սպասումներս շատ մեծ են: Դեռեւս չեմ կարող ասել, թե որ երգն եմ ներկայացնելու, բայց մի բան հստակ է` այն չի լինի «Իմ փոխարեն»-ի պես թախծոտ գործ. այս անգամ բեմից հանդիսատեսին կփոխանցվեն միայն ուրախ ժպիտ եւ պոզիտիվ զգացումներ»-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան