Armenian text to speach

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հատկապես  վերջին օրերին Ռուսաստանում  տեղի ունեցած ավտովթարից  հետո հայ հանրության մեջ ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ ռուսական իշխանությունները ներքին կարգով խրախուսում են շովինիստական տրամադրություններն այլազգիների հանդեպ: Արդյոք դա այդպես է` դժվար է ասել, թեեւ ՌԴ-ում  վերջին տարիներին սքինհեդական կազմակերպությունների ծավալումը կարծես թե խոսում է  այն մասին, որ նրանց համապատասխան մարմիններն առնվազն չեն խանգարում: Սակայն Ռուսաստանը ենթագիտակցորեն իրենց երկրորդ հայրենիքը համարող հայաստանցիների մեծ մասին հատկապես վրդովվեցնում է այն փաստը, որ ռուսները կարող են նույնպիսի անհանդուրժողական վերաբերմունք ունենալ ինչպես, օրինակ, չեչենների կամ  տաջիկների, այնպես էլ մեր` ռուսների մոլի բարեկամ հայերիս հանդեպ: Մենք նույն կերպ վրդովվում ենք նաեւ, երբ  հայերիս նկատմամբ վատ են վերաբերվում եվրոպական երկրներում` անմիջապես հիշելով, որ  Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է` եվրոպական արժեքների  պատվարը տարածաշրջանում: Դարձյալ բողոքում ենք, երբ հայերին վատ են վերաբերվում, օրինակ, Իրանում կամ Սիրիայում` առաջինի դեպքում հիշելով մեր դարավոր պատմամշակութային կապերը, իսկ Սիրիայում էլ` տնտեսական եւ մշակութային կյանքում զգալի ներդրում ունեցող համայնքը: Սակայն մենք գրեթե երբեք չենք մտածում այն մասին, թե ինչպես ենք մենք` հայերս, վերաբերվում մեր երկրում բնակվող կամ հյուր եկած այլազգիներին: Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեղադրել էր Կասկադի հարեւանությամբ` Թամանյան փողոցում վաղ առավոտյան  նախաճաշող մի պարսիկ ընտանիքի լուսանկար` նշելով, որ իրենք թույլ չեն տվել պարսիկներին այստեղ զգալ ինչպես իրենց տանը եւ նախաճաշն ավարտել: Բարեբախտաբար, դատելով ֆեյսբուքյան մեկնաբանություններից, մեր հանրության զգալի հատվածը բավական առողջ մոտեցում ունի, սակայն միեւնույն ժամանակ` մտահոգիչ է այն, որ լուսանկարի հեղինակն իր արարքը համարում է հերոսություն եւ այդ մասին հարկ է համարում հայտարարել  համացանցում: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ այդ երիտասարդը պարզապես իրավունք չուներ որեւէ մեկին արգելել փողոցում  նստել ու ճաշել (եթե դա հասարակական կարգի խախտում է, ապա պետք է ոստիկանները միջամտեին, բացի այդ` նկարից հստակ երեւում է, որ իրանցիների այդ ընտանիքը պարզապես նախաճաշում էր` գուցե մեզ համար անսովոր, բայց իրենց համար միանգամայն ընդունելի, եւ ընդգծենք` բարեկիրթ ու մաքուր ձեւով), նշենք, որ  նա հաստատ նույն կերպ չէր վարվի, եթե  նման ձեւով որեւէ հայ ընտանիք նախաճաշեր: Առհասարակ, տհաճ է խոստովանել, բայց Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ մենք ոչ սիրալիր վերաբերմունք ունենք: Բավական է տեսնել, օրինակ, թե ինչպես է փոխվում հանրային տրանսպորտի ուղեւորների դեմքի արտահայտությունը, երբ որեւէ եզդի է նստում ավտոբուս: «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում…»: Արդյո՞ք այդպես է:




Լրահոս