Հուլիսի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո բոլորի համար հասկանալի դարձավ, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն ի վիճակի չէ ադեկվատ արձագանքել ստեղծված իրավիճակին եւ պաշտպանել ՀՀ քաղաքացու շահերը: Դեպքից միայն չորս օր անց, այն էլ հայկական լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ի վերջո արձագանքեց: Նշենք, որ Եսայանը, ինչպես եւ բազմաթիվ այլ դեսպաններ, դիվանագիտական կրթություն չունի:
«Ժողովուրդ»-ը զրուցեց տարբեր քաղաքական գործիչների հետ՝ պարզելու, թե ինչպես են նրանք գնահատում տարբեր երկրներում ՀՀ դեսպանատների աշխատանքը:
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
-Պարո՛ն Սաֆարյան, Հրաչյա Հարությունյանի դեպքը էլ ավելի արմատավորեց հասարակության մեջ առկա այն կարծիքը, որ ՀՀ դեսպաններն ընդհանրապես իրենց բուն աշխատանքով չեն զբաղվում: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը արտերկրում ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատանքի մասին:
-Նախ նշեմ, որ իր երկրում մարդը պետք է արժեք լինի, ցանկացած պաշտոնյա` կլինի դիվանագետ, քաղծառայող, թե հանրային աշխատող, պետք է զգա, որ իր սուրբ պարտականությունն է սեփական քաղաքացուն տեր կանգնելը: Մինչեւ այժմ, ցավոք սրտի, նման պաշտոնյաներն են, որ նման գիտակցություն չունեն սեփական քաղաքացու հանդեպ: Երկրորդը` տեղ է գտել նաեւ ԽԾԲ սկզբունքով ցանկալի մարդկանց դիվանագետ կամ պաշտոնյա նշանակելու արատավոր գործելաոճը: Եվ իսկապես, նման իրավիճակում կարող են դիվանագիտական կորպուսներում հայտնվել մարդիկ, որոնք չեն կարողանում կատարել այդ բարձր առաքելությունը եւ ներկայացնել ՀՀ-ն ու նրա քաղաքացու շահերը: Բնականաբար, Հ. Հարությունյանի դեպքով տեսանք ամբողջ պատկերի ողբերգականությունը: Իհարկե, որեւէ նորմալ իշխանություն տեղի ունեցածից դասեր կքաղեր եւ մի շարք հետեւություններ կաներ:
-Վերջին տարիներին ՀՀ իշխանությունները մի շարք երկրներում դեսպաններ նշանակեցին գործարարների եւ նախկին քաղաքական գործիչների, որոնք շատ հեռու են դիվանագիտական աշխատանքից:
-Այո՛, տարբեր սկզբունքներով են դիվանագետներին նշանակում, ոչ պրոֆեսիոնալ արժանիքների համար: Դա է պատճառը, որ այսօր այս պատկերն է, որ հասարակ քաղաքացիների պաշտպանությունը բարվոք վիճակում չէ:
Գրող-հրապարակախոս ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
-Պարո՛ն Եղիազարյան, հատկապես Հ. Հարությունյանի հետ կատարվածից հետո ակնհայտ դարձավ, որ մասնավորապես ՌԴ-ում մեր դեսպանատունն ի վիճակի չէ անհրաժեշտության դեպքում տեր կանգնել ՀՀ քաղաքացու շահերին: Մի քանի այլ երկրներում եւս ՀՀ դեսպանները ոչ պրոֆեսիոնալ դիվանագետներ են, որոնք դիվանագիտական աշխատանքը շփոթում են սեփական բիզնես գործունեության հետ: Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անել արտերկրում ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատանքը կարգավորելու համար:
-Նախ նշեմ, որ վերջին դեպքը՝ խոշոր ավտովթարը, արտառոց էր, բայց մի բանն էր վատ, որ դա կարծես ուղղորդվում էր ՀՀ իշխանությունների կողմից: Հակառուսական այդ հիստերիան շատ տարօրինակ էր: Ինչ վերաբերվում է դեսպաններին, ինչպես մեր արտաքին գործերի նախարարությունն է աշխատում, դրանից մի քանի անգամ վատ էլ աշխատում են մեր դեսպանները: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, իսկ մենք ունենք ջարդուփշուր եղած արտաքին դիվանագիտություն: Տեսե՛ք՝ այդ ծիծաղելի թուրքերը, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, ինչպիսի վիճակի մեջ են մեզ գցում: Մի բան հստակ է, որ մեր արտաքին գործերի նախարարությունն ու մեր դիվանագետները կործանված վիճակում են: Ու այս դեպքում ինչ-որ այլ բան պահանջելն ուղղակի ծիծաղելի է: Մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ: Այսքանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, ՌԴ-ում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, Ռամիլ Սաֆարովի խայտառակ արտահանձնումից եւ էլի բազմաթիվ այլ մասնավոր դեպքերից հետո հանրության մոտ կարծիք է ստեղծվել, որ ՀՀ դեսպանատներն անգործության են մատնված: Դուք ի՞նչ կարծիք ունեք:
-Ուրեմն ասեմ, որ դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են՝ տարբեր պաշտոնյաների որդիներին տարբեր խանութներ ուղեկցելով: Իհարկե, կան նաեւ շատ պրոֆեսիոնալ դիվանագետներ, բայց մարդիկ դրված են այնպիսի վիճակում, երբ, օրինակ, նրանց աշխատանքից կտրում են… Ես ինքս տեսել եմ, որ ամեն օր եվրոպական բազմաթիվ երկրների դիվանագետների… մարդիկ մեզ են բազմաթիվ անգամ խնդրել, որպեսզի ինչ-որ կերպ կարգավորենք հարցը, որպեսզի դիվանագետը ստիպված չլինի իր կարեւոր աշխատանքը թողնել եւ գալ օդանավակայան ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի կնոջը դիմավորելու համար եւ ամբողջ օրը նրա հետ շրջել, ասենք, Փարիզի ամենաթանկ բուտիկներում: Դա լրջագույն խնդիր է: Մեր բազմաթիվ ներկայացուցչություններ երկու ֆունկցիա ունեն՝ սեպտեմբերի 21-ին կազմակերպել տոնական արարողություն եւ ապրիլի 24-ին մի կոթողի մոտ կազմակերպել սգո արարողություն: Խնդրում եմ՝ շեշտե՛ք, որ մենք ունենք նաեւ փայլուն դիվանագետներ, դեսպանատներ, որոնք իրապես իրենց ֆունկցիան կատարում են: Բայց շատ դեպքերում իրավիճակը սա է: Ես ասել եմ, հորդորել եմ` դիվանագետներին մի՛ դարձրեք բեռնակիրներ: