Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Պռոշյանի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանի պաշտոնից ազատման մասին դիմումը, հայտարարեց. «Վովա Սահակյանը սուտ է ասում, ինքը դիմում չի գրել»: Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանը սպանվեց 2013թ. ապրիլի 2-ին, ինչից հետո համայնքում նոր ընտրություններ նշանակվեցին, եւ հաղթեց ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը: Ընտրությունից հետո Պռոշյանի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը «ՀԺ»-ին ասել էր, թե ինքը պաշտոնից ազատման դիմում է գրել, քանի որ այդ տեսակի հետ (նկատի է ունեցել նորընտիր գյուղապետին) չի կարող աշխատել, դա իր համար վիրավորանք է: Ի՞նչ է պատրաստվում անել հանրապետական Արթուր Մուրադյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ: -Պարո՛ն Մուրադյան, Վովա Սահակյանն աշխատանքից ազատման դիմում է գրել եւ նշել է, որ Ձեր տեսակի հետ չի կարող աշխատել, դա իր համար վիրավորանք է: Ի՞նչ կասեք այս մասին: -Ես այդպիսի մարդկանց խոսքերին ուշադրություն չեմ էլ դարձնում: -Այդ խոսքերը Ձեզ համար ոչի՞նչ են: -Ինքը դիմում չի գրել, դա սուտ է: -Վստա՞հ եք: Միգուցե դեռ Ձեզ չի՞ հասել դիմումը, բայց նա անձամբ է հայտարարել: -Դե կարող է գրել է, բայց ես այդ դիմումը չեմ տեսել: Իսկ եթե ինքը գրել է, դա իր կարծիքն է, ինքը գիտի: -Ի՞նչ եք կարծում, այսօրինակ դիմումներ շա՞տ կլինեն: -Իրենցից է կախված. ով կցանկանա՝ կաշխատի: Ես դա իրենց էլ եմ ասել: Ամեն ինչ կարգին է, գնացել եմ աշխատանքի. ոչ մի լարված վիճակ չկա: -Նախօրեին Պռոշյանում բողոքի ակցիա անցկացվեց: Մի խումբ պռոշյանցիներ վստահ են, որ Հրաչ Մուրադյանին Արայիկ Պետրոսյանը չի սպանել: Ավելին, նրան անօրինական են պահում կալանքի տակ: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին, ինչո՞ւ չեք միանում մարդկանց բողոքին: -Ես միանշանակ իմ ժողովրդի հետ եմ: -Այսինքն՝ կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ Հրաչ Մուրադյանի սպանության մեղավորներն իրականում դրսում են, եւ Արայիկ Պետրոսյանը զոհ է: -Այո՛, ես այդ ամենը կիսում եմ նրանց հետ: