Հուլիսի 20-ից Երեւանում շեշտակի բարձրացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի գինը` 100-ից դառնալով 150 դրամ: Սակայն, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, տրանսպորտի ուղեվարձի բարձրացման վերաբերյալ որոշումը եղել է ոչ թե պաշտոնապես` իրավական ակտի տեսքով, այլ` բանավոր:
Համենայնդեպս, տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որեւէ իրավական ակտ գտնելու «Ժողովուրդ»-ի փորձերը երեկ անցան ապարդյուն. այն հրապարակված չէ ո՛չ քաղաքապետարանի պաշտոնական կայքում, ո՛չ էլ «Պաշտոնական տեղեկագրում», որտեղ պետական գերատեսչությունները պարտավոր են հրապարակել իրենց իրավական ակտերը: Երեւանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին եղել է միայն քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանի ու քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի` հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունը, եւ ուրիշ ոչինչ:
Այնինչ, ըստ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 2-րդ մասի համաձայն` Երեւան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է Երեւանի քաղաքապետը: Նույն օրենքում սահմանված է նաեւ ուղեվարձի չափը որոշելու հարցը. ըստ 11 հոդվածի 5-րդ մասի` «Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության առաջարկած եւ մրցութային հանձնաժողովի ընդունած փոխադրավարձով: Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա` մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ»: Բացի այդ, կա նաեւ ՀՀ կառավարության` 2008թ. հոկտեմբերի 16-ի No 1167-Ն որոշումը` ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպող մարմնի եւ փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների միջեւ կնքվող պայմանագիրը սահմանելու մասին: Վերջինիս 2-րդ մասի 1 կետի «ե» ենթակետի համաձայն լիազոր մարմինը պարտավոր է «սահմանել երթուղու սպասարկման հետ կապված փոխադրողի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարման չափերը»: Ասել է թե՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը կարող է կատարվել միայն Երեւանի քաղաքապետի որոշմամբ` քաղաքապետարանի եւ ուղեւորափոխադրող ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն: Եվ ահա այդ փաստաթղթերը Պեպոյի բարաթի նման չկան ու չկան:
Այս մասին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն մեր ուղարկած հարցումը երեկ մնաց անպատասխան, ուստի նրանցից հնարավոր չեղավ ճշտել, թե կոնկրետ իրավական ինչ ակտի համաձայն է բարձրացվել ուղեվարձը: Ըստ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանի. «Ոչ ոք չի տեսել իրավական փաթեթը, որի հիման վրա կատարվել է տրանսպորտի ուղեվարձի բարձրացում: Մենք դիմել ենք արդեն քաղաքապետին ու սպասում ենք իրավական փաթեթին»: Պողոսյանը նաեւ նշեց, թե «ահավոր է, երբ գործընթացներ են լինում, ու գաղտնի են պահում»: Երեւանի ավագանու «Բարե՛վ, Երեւա՛ն» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը եւս չի տեսել քաղաքապետարանի որոշումը: Նա տեղեկացրեց, որ երբ ավագանու` իրավական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահին իրենք դիմել են ուղեվարձի թանկացման որոշումը քննարկելու համար, նա եւս հայտարարել է, որ տեղյակ չէ նման որոշումից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի ներքաղաքային երթուղին սպասարկող ընկերությունները` «գծատերերը», որոնք ժամանակին «հաղթել են մրցույթում», դիմել են քաղաքապետարան` ուղեվարձը բարձրացնելու համար, այստեղ էլ քննարկումներից հետո բանավոր հրահանգ է եղել, թե «դե լավ, որ այդպես է, այսուհետ ուղեվարձը սարքե՛ք 150 դրամ»: Ըստ որոշ տեղեկությունների` ոմանց դեպքում կնքվել է պայմանագիր ուղեվարձի նոր չափ սահմանելու մասին: Ու դրանից հետո էլ, փաստորեն, քաղաքացիներից պահանջում են վճարել 150 դրամ: Թե ինչու է քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այդպես «բարեհոգի» գտնվել «գծատերերի» հանդեպ, դժվար չէ ենթադրել. քաղաքապետարանում որոշում կայացնողներն իրենք նույն գծատերերն են: Ինչպես հայտնի է` Տարոն Մարգարյանին ու նրա աներձագին` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին են պատկանում 5, 32, 15 եւ 63 համարի երթուղիները: Օրինակ` 5 եւ 32 համարի երթուղայինների սպասարկումն իրականացնում է «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, որի միակ բաժնետերը Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանն է, 15 համարի երթուղին սպասարկում է «Կոնստանդյան եղբայրներ» ՍՊԸ-ն, 63 համարի երթուղին` «Շանթ Գյուրջոյան» ՍՊԸ-ն: Իր հերթին գծատեր է նաեւ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը. նրան էլ պատկանում է 18-րդ համարի երթուղին. այն սպասարկող «Դյակո արթ» ՍՊԸ-ի տնօրենը նրա որդին է` Անդրանիկը: ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանին` Պալաչին էլ պատկանում է Երեւան-Աբովյան երթուղին: Իրենց հերթին Երեւանում «երթուղայինի գծեր» ունեն նաեւ շատ այլ հայտնի ՀՀԿ-ականներ: Այլ կերպ ասած` ուղեվարձի բարձրացումը Երեւանի քաղաքապետարանում որոշել են իրենք իրենցով:
Հ.Գ. Երեկ հայտնի դարձավ, որ հինգշաբթի օրը քաղաքապետարանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման թեմայով անցկացվելու են քննարկումներ: Չի բացառվում` հասարակական ճնշման ներքո տրանսպորտի ուղեվարձը կրկին դառնա 100 դրամ, մանավանդ որ այս պայքարին բացահայտ ու ոչ բացահայտ կերպով միացել են նաեւ իշխանության շատ ներկայացուցիչներ: