ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՐԱՐ ՀԱՍԿԱՑԱՆ
Հայաստանը մի պահ ցանկացել է պայմանագիրը խզել ֆրանսիական «Սաֆեժ» ընկերության հետ, սակայն մեկ ամսվա ընթացքում նրանք կարողացել են վերացնել առաջացած բոլոր թերությունները: Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ այդ ընկերության այսօրվա աշխատանքների ընթացքից գոհ է: «Սաֆեժ» ընկերությունը «Հյուսիս-հարավ» ծրագրի տեխնիկական եւ ճարտարագիտական վերահսկողություն իրականացնող ընկերությունն է:

ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԸ ԿԿԱՌՈՒՑՎԵ՞Ն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ  ընդունել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին: Նախարարն ընգծել է ՊԳԿ-ի՝ ՀՀ-ում իրականացվող գյուղատնտեսական 6 ծրագրերի արդյունավետությունը եւ հույս հայտնել, որ տեխնիկական պատճառներով հետաձգված սպանդանոցների արդիականացման ծրագիրը հաջորդ տարի կներառվի ծրագրում:

ԱՄԵՆԱԼԱՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ
Հրաչյա Հարությունյանի հետ Մոսկվայում տեսակցած ՄԻՊ Կարեն Անդրեասյանի կարծիքով` առհասարակ կարեւոր չէ այն հանգամանքը, որ գործով մեղադրողը նույնպես հայազգի է: «Այս գործի անկյունաքարը` մեղավոր էր, թե ոչ Հրաչյան, հետեւյալ խնդրի մեջ է. որքանո՞վ էր նա տեղյակ կամ պետք է լիներ մեքենայի տեխնիկական վիճակի մասին, մեքենայի օրինական երթի մասին եւ իհարկե վերջում՝ ինչքանո՞վ էր կանխել նա այդ վթարը: Ա՛յ երրորդ հարցը, թվում է, մեզ բոլորիս համար ակնհայտ է, որովհետեւ կադրերում երեւում է նրա փորձը՝ հնարավորինս մեղմել հարվածը: Բայց առաջին երկու խնդիրների վրա դեռ իրավաբանները պետք է աշխատեն»,-ասել է Կ. Անդրեասյանը՝ նշելով, որ այժմ փորձաքննությունների փուլ է, որը կտեւի 2-3 ամիս: Նա նաեւ հայտնել է, որ Հ. Հարությունյանի փաստաբանական թիմն ավելի կուռ դարձնելու համար ՌԴ ամենահայտնի փաստաբաններից մեկը՝ Ռուբեն Մարգարյանը, կմիանա այդ թիմին:

ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Արեւելյան գործընկերության Վարշավայի գագաթնաժողովից անցած երկու տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել համագործակցության բոլոր հիմնական՝ ասոցացման համաձայնագրի, մարդկանց շարժունակության, մուտքի արտոնագրերի դյուրացման եւ Ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցությունների ոլորտներում։ Այս մասին հուլիսի 22-ին Բրյուսելում կայացած ԵՄ եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպմանը ներկա են եղել ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:




Լրահոս