ԱՐՏԱԿԱՐԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները վկայում են, որ ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանն իր սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: ՊՆ նախկին խոսնակը, մեր աղբյուրների վկայությամբ, նշանակվելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Կարապետյանը լինելու է ԱԻՆ միջազգային համագործակցության գծով փոխնախարարը:
Ո՞Վ Է ԹՇՆԱՄԻՆ
Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը երեկ սկանդալային բացահայտում է արել. նա «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում, անդրադառնալով Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներին, հայտարարել է. «Չէի ցանկանա, որ պրոցեսը հանգեցներ սոցիալական բունտի, որովհետեւ մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը եւ երկրի իրավիճակն ապակայունացնելը։ Պլակատներով այդ երիտասարդներն ինչո՞ւ չեն մտածում, որ սա, ժողովրդական բառով ասեմ, Հայաստանի գլխին սարքվում է»: Նա նաեւ ներկայացրել է իր «գեոքաղաքական» վերլուծությունը՝ փաստելով, որ գերտերությունների մատը խառն է կատարվածի մեջ: Փաստորեն, Ռ. Զոհրաբյանն այսպես անուղղակի կերպով «Հայաստանի գլխին սարքելու» եւ գերտերությունների պատվերը կատարելու մեղադրանք է հնչեցնում նաեւ իր կուսակից ընկերոջ՝ Տարոն Մարգարյանի հասցեին, ում որոշմամբ Երեւանում բարձրացվել է տրանսպորտի ուղեվարձը: Համենայնդեպս, եթե քաղաքապետարանը չբարձրացներ ուղեվարձի գինը, ապա որեւէ մեկը փողոցում նման ակտիվությամբ բողոքի ակցիա չէր անի: Այնպես որ, իշխանության ներկայացուցչի այս խոսքերին կա՛մ պետք է շատ լուրջ վերաբերել ու անհապաղ պատժել Տարոն Մարգարյանին, կա՛մ էլ սա պարզապես զավեշտ է, ողբերգություն:
ՄԻՏՈՒՄՆԱՎՈ՞Ր
Երեկ՝ ժամը 08:38-ին, Արարատի մարզի Զանգակատուն գյուղում այրվել են խոտածածկ տարածքներ: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ հրդեհը բռնկվել է ՀՀ սահմանից դուրս՝ Նախիջեւանի տարածքում: Զանգակատուն համայնքի ղեկավար Էմին Սահակյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «Նախիջեւանի տարածքում գտնվող ադրբեջանական հենակետերից կրակ են արձակել, ինչը հրդեհի պատճառ է դարձել, իսկ քամին էլ բերել է մեր կողմ: Չնայած մեր արոտավայրերի մեծ մասն այրվել է, բայց մենք շատ չթողեցինք, որ վնասի»: Միտումնավոր են եղել այդ կրակոցները, թե ոչ՝ գյուղապետը դժվարացավ ասել, բայց, ըստ նրա, ամեն տարի այս շրջանում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից միշտ հրդեհ է գոյանում: «Ասեմ, որ, բացի մեր գյուղից, այրվել էին նաեւ Վայոց Ձորի Ելփին գյուղի տարածքները»,-լրացրեց Սահակյանը: