ՔՆՆԻՉՆԵՐԸ ԿՈԾԿՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՆՑԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. հունիսի 18-ին Երեւանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում ծնոտի վիրահատության  ենթարկված ու հանկարծակի մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանի հարազատները լուրջ մտավախություններ ունեն, որ իրենց որդու մահվան իրական մեղավորները չեն պատժվի, եւ այդ մասին նամակ են ուղղել «Ժողովուրդ»-ի խմբագրություն:
Մահացած երիտասարդի հոր գրության համաձայն` իր որդու մահվան դեպքից երկու շաբաթ անց Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, եւ անցել է արդեն 1 ամիս, սակայն իրենք արդյունքների մասին տեղեկություն չունեն:
Ըստ նամակագրի՝ իր որդին` Մերուժանը, հետվիրահատական երկու օրերի ընթացքում իրեն լավ է զգացել. «Նա միայն դժգոհել է շնչառական ապարատին միացված թթվածնի մուտքը ապահովող, բերանի միջով դեպի բրոնխները անցկացված ինկուբացիոն խողովակի անհարմարությունից եւ ցանկացել է ազատվել դրանից, քանի որ դժվարությամբ է շնչել: Սակայն բժիշկները դրան ուշադրություն չեն դարձրել` հավաստիացնելով, որ անհանգստանալու կարիք չկա: Եվ ահա, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից ավելի շուտ եկավ: Այս տարվա հունիսի 20-ին՝ առավոտյան 8:30-ի սահմաններում, Մերուժանը անսպասելի մահացավ»:
Բժիշկ Գագիկ Ենոքյանի ներկայացմամբ` դեպքից հետո իրենք հանդիպումներ են ունեցել հիվանդանոցի վիրահատող բժշկի, բաժնի ղեկավարի, այլ մասնագետների հետ, որոնք ուղղակիորեն առնչվել են Մերուժանի հետ վիրահատության եւ հետվիրահատության ընթացքում, եւ հանգել են այն հետեւության,  որ նրա մահը վրա է հասել վիրահատող բժշկի եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով. «Բժիշկների եւ բաժանմունքի սպասարկում իրականացնողների պատմածները Մերուժանի մահվան վերաբերյալ էականորեն տարբերվում են միմյանցից, առկա են հակասություններ»: Սակայն հայրը նկատում է, որ դեպքի վայր մեկնած հետաքննիչ Մելիքյանն ինկուբացիոն խողովակի մասով ոչինչ չի հայտնաբերել, որեւէ գործողություն չի կատարել. «Խողովակի գտնվելու տեղի մասին տեղեկություն չունեն նաեւ հիվանդանոցի բժիշկներն ու սպասարկող անձնակազմը: Մինչդեռ դրա մասով կարող է՝ նշանակվել փորձաքննություն, եւ բացահայտվեր կատարված հանցագործությունը: Մենք մտավախություն ունենք, որ դատաբժշկական փորձաքննություն իրականացնող փորձագետները կարող են Մերուժանի մահվան  մեջ  պատճառահետեւանքային կապ չտեսնել, քանի որ դիահերձումից հետո նույն փորձագետները մահվան նախնական հավանական պատճառն են նշել սրտի պսակաձեւ անոթների ախտահարումը, ու սա այն դեպքում, երբ որդիս երբեւէ սրտի հետ կապված հիվանդություններ չի ունեցել»:
Ծնողներին հասած տեղեկություններով` Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժանմունքում բժշկական սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետեւանքով ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ չի հարուցվել. թեեւ ակնհայտ է, որ բժիշկներն անփույթ են գտնվել եթե ոչ խողովակի, ապա վիրահատելուց առաջ համալիր հետազոտություն չանցկացնելու եւ անգամ սրտի հետ ունեցած խնդիրները չբացահայտելու մասով:
Ու այս իրավիճակում փաստի առթիվ դեռ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում շարունակում են նյութեր նախապատրաստել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս