ՄԱՐԴԻԿ ՓՈՂՈՑԻՑ ՏՈՒՆ ՉԵՆ ԳԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 11:00-ից, Երեւանի քաղաքապետարանի դիմաց «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամները շարունակեցին իրենց բողոքի ակցիան, որին պարբերաբար միանում էին ԱԺ պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Իրավիճակը լարված էր, բանը հասավ նրան, որ ոստիկանությունը 9 ակտիվիստների բերման ենթարկեց: Իսկ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը ստիպված եղավ գալ «դեպքի վայր»՝ ակցիայի մասնակիցներին հանդարտեցնելու նպատակով:
Ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը թույլ չէր տալիս մոտենալ քաղաքապետարանի շենքին` պատճառաբանելով, թե քաղաքապետարանից բողոքներ ունեն, որ խոչընդոտում են իրենց բնականոն աշխատանքը: Որոշ ժամանակով ակցիայի մասնակիցները փակեցին Երեւանի քաղաքապետարանի հարակից փողոցը: Այնուհետեւ որոշեցին քայլել Երեւանի կենտրոնական փողոցներով եւ մարդկանց կոչ անել չվճարել 150 դրամ: Ի դեպ, այնտեղ ակտիվիստներին մի քանի րոպեով միացավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ ընթացքում բախում եղավ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ, ինչի պատճառով էլ մի քանի հոգի բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին:
Բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին երթով գնալ դեպի ՀՀ կառավարության շենք, այնուհետեւ փողոցներով անցնելով` ժողովրդին կոչ անել չվճարել 150 դրամ: Ակտիվիստները երթի ժամանակ նաեւ երգում էին. «Խուժա՛ն Տարոն, մեյդան ընկել, տրանսպորտի գինն է հանել, 100 դրամ կտանք ձեզի, փոխենք օրենք հանուն մեզի»: Ակտիվիստների վերջին «կետը» Կենտրոնի ոստիկանության շենքն էր, որտեղ ակցիայի մասնակիցների հոծ բազմությանը սպասում էր ոստիկանական «պատնեշը»: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը փորձեցին պարզել, թե ինչու են ակտիվիստներին բերման ենթարկել: Երկար բանակցություններից հետո բոլոր ակտիվիստներն ազատ արձակվեցին: Ակցիան այսօր շարունակվելու է:

«ՆԱԻՐԻՏ»-Ը ԽԱԲՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Երեկ «Նաիրիտ»-ի ավելի քան 300 աշխատակիցներ հավաքվել էին գործարանի մոտ, որտեղից երթով շարժվեցին Բաղրամյան-26՝ նախագահի նստավայր: Աշխատակիցները պահանջում են վճարել իրենց 11 ամսվա աշխատավարձը եւ վերագործարկել գործարանը:
Արդեն երեք տարի է, ինչ «Նաիրիտ»-ը չի աշխատում, եւ աշխատողների մեծ մասը հարկադիր պարապուրդի է մատնված, մյուս մասն էլ աշխատանքի է գնում այն բանի համար, որ քիմիական գործարանից ոչինչ չգողանան, ու նաեւ նյութեր կան, որոնք պետք է նորմալ վիճակում պահվեն: Նշենք, որ «Նաիրիտ»-ը շուրջ 3000 աշխատող ունի:
Աստղիկ Մուրադյանը 1978թ.-ից աշխատում է «Նաիրիտ»-ում որպես փականագործ: Նա էլ մյուս աշխատակիցների նման չի ստացել իր 11 ամսվա աշխատավարձը. «Մեկ տարուց ավել է, ինչ աշխատավարձ չենք ստանում: Իմ մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 44 հազար դրամ: Իբր պետք է մեկ ամսվա աշխատավարձն այս ամսվա վերջին տան, իսկ մի ամսվա աշխատավարձն էլ՝ մյուս ամսին: Բայց գործարանի վերագործարկվելու մասով ոչ մի խոսք չկա»:
Իսկ Սիրվարդ Բախշյանը 39 տարի է, ինչ աշխատում է «Նաիրիտ»-ում, բայց արդեն մոռացել է, թե գործարանն ինչքան է իրեն պարտք. «Ամեն անգամ ժողովրդին խաբում, ուղարկում են տուն, բայց նրանցից շատերն ամեն օր աշխատանքային շորեր են հագնում, կեղտի, մրի, յուղի ու տաութի մեջ են աշխատում, սակայն ամսվա վերջ աշխատավարձ չեն ստանում: Դա արդարացի՞ է: Նույնիսկ լողանալու հնարավորություն էլ չկա, իսկ 11 ամսվա աշխատավարձը մնաց օդում կախված: Մենք մեր ողջ կյանքը նվիրել ենք գործարանին ու արդյունքում մեր առողջությունն ենք քայքայել»:
Ըստ ՀՀ կառավարության հաշվարկների՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման համար հարկավոր է 512 միլիոն դոլար, որից 146-ը պետք է ուղղվի պարտքերի մարմանը, իսկ 366-ը` գործարանի արդիականացմանը: Հիշեցնենք, որ 2009թ. «Նաիրիտ»-ում խոշոր պայթյուն էր տեղի ունեցել, ինչից հետո գործարանն այդպես էլ չի վերագործարկվել: 2011թ. «Նաիրիտ»-ի նոր օպերատոր ընտրելու համար մրցույթ էր հայտարարվել, հաղթել էր գերմանական C.A.C. ընկերությունը, որը, սակայն, հիմա անհետ կորած է: Ներկայումս «Նաիրիտ»-ի գործով զբաղվում է հենց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ի դեպ, նախարարն իր վերջին հարցազրույցներից մեկում տեղեկացրել էր, որ հնարավոր է՝ «Նաիրիտ»-ի նոր սեփականատերը դառնա «Ռոսնեֆտ» ռուսական ընկերությունը, որը, սակայն, դեռ  ներդրումային առաջարկ չի ներկայացրել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս