Օրերս կայացած մամուլի ասուլիսում լեգենդար ըմբշամարտիկ Բենուր Փաշայանը լրագրողների հետ անկեղծորեն խոսեց իր կյանքի մութ էջերի, մասնավորապես` դատվածության եւ իր անվան շուրջ 2000-ական թվականներին շրջանառվող լուրերի մասին։
«Ես մի ժամանակ «Դաշնակցության» շարքերում էի եւ դատվեցի ոչ թե նրա համար, որ իմ ընկերոջից ինչ-որ 15.000 դոլար փող էի ուզել, այլ քաղաքական պատճառներով, եւ դա եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում… Իսկ ՀԱՕԿ նախագահի պաշտոնից 2000-ին հրաժարվել եմ, որովհետեւ հասկացել եմ՝ ՀԱՕԿ-ը փողեր լվանալու կառույց էր։ Այդ խաղերից դուրս եկա, եւ ինձ մեղադրեցին շատ վատ բաների մեջ: Ինչ վերաբերում է իմ անձնական կյանքին, ապա այո՛, թմրանյութեր օգտագործել եմ, դա եղել է մինչեւ 2002թ.։ Բայց ինձ չդատեցին այն բանի համար, որ թմրանյութեր էի օգտագործում, այլ նրա համար, որ դուրս եկա փողեր լվանալու խաղերից։ Ես սպորտի հաշվին երբեք եւ ոչ մի դրամ չեմ գրպանել»,-վստահեցրեց մարզիկը` ընդգծելով, թե մարդուն պետք է գնահատել, դատել նրա ձեռքբերումներով, այլ ոչ թե անձնական կյանքով:
Բ. Փաշայանը խոսեց նաեւ հայ ըմբիշների ելույթների մասին` մասնավորապես նշելով, որ շատ դժգոհ է ունիվերսիադայում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերից. «Բազմիցս ասել եմ նրա հայրիկին, որ եթե շարունակեն Արթուրին այստեղ պահել, նրան կկորցնենք: Նա չունի մրցակից, իր մակարդակի մարզիկ, որ կարողանա մարզվել նրա հետ։ Պրոֆեսիոնալիզմի հասնելու համար մեկ մարզիկ չպետք է լինի, այլ մի քանի նրա մակարդակի մարզիկներ, որ Արթուրը կարողանա չափել իր ուժերը յուրաքանչյուր մարզման ընթացքում: Եվրոպայի կրկնակի չեմպիոնն իրավունք չուներ պարտվել ունիվերսիադայում. դա նշանակում է պարտություն առաջիկա աշխարհի առաջնությունում»։
Իսկ ինչ վերաբերվում է Արսեն Ջուլֆալակյանին, ապա, Բ. Փաշայանի գնահատմամբ, նրա մոտ շատ բան է պետք փոխել: Նա գիշեր-ցերեկ պետք է աշխատի, յուրաքանչյուր մարզումին պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի, այնպիսի մարզավիճակ ձեռք բերի, որ Վլասովն այլեւս հնարավորություն չունենա իրեն հաղթել: Նա ավելի շատ պետք է ուշադրություն դարձնի Վլասովի հնարքներին եւ պայքարի դրանց դեմ։
Պարզվեց, որ Ռոման Ամոյանի հետ, որը շուտով գնալու է Մինսկ՝ հավաքի, այժմ աշխարհի բազմակի չեմպիոնն է զբաղվում: «Նա իմ ոճի ըմբիշ է: Սիրում եմ նրա գոտեմարտելու ձեւը: Ունի կայուն բնավորություն, աշխարհի չեմպիոն դառնալու մեծ հնարավորություն: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Ռոման Ամոյանը դառնա նաեւ օլիմպիական չեմպիոն»,-նշեց լեգենդար մարզիկը:
«ՍՊՈՐՏԻ ՀԱՇՎԻՆ ՈՉ ՄԻ ԴՐԱՄ ՉԵՄ ԳՐՊԱՆԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ