ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՐՈՆԻԿ ԻՆՔՆԱՍՊԱՆԸ
Հուլիսի 19-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Բերդավան գյուղի բնակչուհի, 1981թ. ծնված Ն. Ա.-ն: Ածելիով իր ձախ նախաբազկի շրջանում կտրվածքներ արած բերդավանցուն Նոյեմբերյանի ԲԿ-ում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, եւ ժամը 17-ի սահմաններում նա հիվանդանոցից դուրս է գրվել: Այնտեղից տեղեկացանք, որ 32-ամյա չամուսնացած կինը եղել է հարբած, գրեթե անգիտակից վիճակում: «Լավ եմ արել, ձեր աչքն էլ եմ հանել»,-բժիշկներին եւ ոստիկաններին ասել է իրեն վնասած կինը: Նոյեմբերյանի ԲԿ-ի շտապօգնության ծառայության բուժքույրը չկարողացավ հիշել, թե սա բերդավանցու ինքնասպանության որերորդ փորձն է: «Ամեն 10 օրը մեկ նա իրեն վնասում է, զանգում 911, փրկարարները, շտապօգնությունը եւ ոստիկանները Նոյեմբերյանից մեկնում են Բերդավան»,-հայտնեց շտապօգնության բուժքույրը: Վերջինիս վկայությամբ՝ բերդավանցի կինը որպես հոգեկան հիվանդ հաշվառված չէ: Նրա անձնագրի ժամկետն անցել է, ինչի պատճառով չեն կարողանում հոգեկան առողջության ստուգման նպատակով կնոջը Երեւան կամ Վանաձոր տանել: Մեզ հայտնեցին, որ չամուսնացած աղջիկը ինքնասպանության այդ փորձերով ոչ թե ցանկանում է իր կյանքին վերջ տալ, այլ փորձում է իր վրա ուշադրություն հրավիրել: Ընդ որում, ինքնասպանության բոլոր փորձերը կատարվում են Նոյեմբերյանի փրկարար ջոկատի նույն հերթափոխի ծառայության օրերին:

ԿՐԱԿԵԼ ԵՆ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հուլիսի 22-ին՝ ժամը 18-անց 45 րոպեին, Հայաստանի փրկարար ծառայության Նոյեմբերյանի փրկարար ջոկատում տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի հարեւանությամբ գտնվող, Ադրբեջանին սահմանակից Դովեղ գյուղում այրվում է խաղողի այգի: Նոյեմբերյան քաղաքից փրկարարների մեկ մարտական հաշվարկ մեկնել է Դովեղ: Ադրբեջանի տարածքից հրաձգային կրակ է բացվել հայ փրկարարների ուղղությամբ: Նոյեմբերյանի փրկարար ջոկատից հայտնեցին, որ այդ կրակոցների պատճառով փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարել: Դովեղի սահմանագոտում այրվել է 4 հա խոտածածկ տարածք եւ 2 հա խաղողի այգի: Նոյեմբերյանի փրկարար ջոկատից տեղեկացրին, որ հրդեհի պատճառը ստույգ հայտնի չէ, այն կարող էր բռնկվել ադրբեջանցի զինյալների կրակից: Ի վերջո, հրդեհը մարվել է, երբ կրակը, հանդիպելով բնական արգելքի, հանգչել է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս