ԵՐԿՈՒ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՎ ԿԻՆՈ ԵՆՔ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 10-րդ անգամ անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն ամեն փառատոնի ավարտից հետո հույս է հայտնում, որ շուտով, շատ շուտով Հայաստանում, հատկապես մայրաքաղաքում կինոթատրոնների թիվը կավելանա` պայմանավորված կինոյի նկատմամբ աճող հետաքրքրությամբ, սակայն այդպես էլ «սայլը տեղից չի շարժվում»:
Բայց մինչ դրա պատճառների մասին խոսելը ներկայացնենք, թե մայրաքաղաքում ինչ կինոթատրոններ են գործել նախկինում: Երեւան քաղաքի պատմության թանգարանի «Հին եւ նոր Երեւան» պատմական տեղեկագիր-ուղեցույցից տեղեկանում ենք, որ Երեւանի կինեմատոգրաֆի մասին ամենավաղ վկայությունը վերաբերում է 1910թ., երբ Վ. Գագուան եւ  Բ. Ջանիբեկովը դիմել են Երեւանի գավառապետին` «Իլյուզիոն» կինոթատրոնում նոր սարքավորում տեղադրելու համար։ Մինչեւ խորհրդային իշխանության հաստատվելը Երեւանում գործել են նաեւ «Ապոլլո», «Ավանեսով եւ Խաչատուրով»-ի ամառային կինոթատրոնները։ Հայ կինոյի ծննդյան պաշտոնական տարեթիվը համարվում է «Պետական կինոյի կազմակերպման մասին» կառավարական դեկրետի ընդունման օրը` 1923թ. ապրիլի 16-ը, որով բոլոր մասնավոր կինոթատրոններն ազգայնացվել են։ 1923թ. Երեւանում բացվել են «Պետկինո» ամառային, 1924թ.` «Նաիրի» կինոթատրոնները, իսկ «Ապոլլո»-ն վերանվանվել է «Պրոլետար»։ Երեւանի խոշոր կինոթատրոններից են եղել «Այրարատ»-ը, «Մոսկվա»-ն, «Նաիրի»-ն, «Հայրենիք»-ը, «Կոմիտաս»-ը, «Արագած»-ը, «Անի»-ն եւ այլն։ 1960-ականներին գործել են հետեւյալ կինոթատրոնները` «Աբովյան»` Քանաքեռի 7-րդ փողոց, «Անի»` Սեբաստիայի փողոց, «Արագած»` Կ. Հալաբյան փողոց, «Երեւան»` Տիգրան Մեծի պողոտա, «Զվարթնոց»` Ազատության պողոտա, «Կոմիտաս»` Կոմիտասի պողոտա, «Հայրենիք»` Արշակունյաց պողոտա, «Հոկտեմբեր»` Արշակունյաց պողոտա, «Հրազդան»` Կիեւյան փողոց, «Պիոներ»` Վ. Տերյան փողոց, «Սասունցի Դավիթ»` Արցախի փողոց:
Բայց արդեն Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված է գործող երկու կինոթատրոնի անուն` «Մոսկվա» եւ «Նաիրի»: Իսկ անցյալ տարվա նոյեմբերին Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնել էր, որ մայրաքաղաքի Կայարանամերձ հրապարակում նախորդ դարի 60-ականներից գործող եւ 80-ականներին քանդված «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը (շենքի ճարտարապետն է Աննա Տեր-Ավետիքյանը) կարող է վերականգնվել…
Գործող, ինչպես նաեւ «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի ճակատագրի մասին կխոսենք արդեն հաջորդ համարում:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս