ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Երեկ Յուրմալայում մեկնարկեց երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» 12-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է «Հայաստանի ձայնը» մրցույթի հաղթող Մերի Մնջոյանը: Հաղթանակի համար պայքարում են 16 մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Վիետնամից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Կուբայից, Լատվիայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Փառատոնը տեւելու է մինչեւ հուլիսի 28-ը: Ավանդույթի համաձայն՝ տրվելու է երեք գլխավոր մրցանակ՝ «Բյուրեղապակե ալիք» եւ դրամական պարգեւ, ինչպես նաեւ հանդիսատեսի համակրանքը վայելած մասնակցին՝ «Ադամանդե ալիք»: Հաջողություն մաղթենք Մերիին եւ սպասենք հաղթանակի:
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ
Նախկինում արդեն տեղեկացրել էինք, որ «Sharm pictures»-ը նոր ֆիլմ է նկարահանում: Ստեղծագործական թիմն ավարտել է արտերկրում աշխատանքը եւ օրերս վերադարձել Հայաստան: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Հովհաննես Ազոյանն ու Ղազախստանում անցկացված քասթինգի արդյունքում ընտրված մոդել եւ դերասանուհի Ասել Սագատովան: «ղՏՊ ՍՏվպՎ» ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, որը հայ հանդիսատեսին արդեն ներկայացրել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Տոմս դեպի Վեգաս», «Ամերիկացու անհավանական արկածները Հայաստանում» ֆիլմերը: Գոռի նոր ֆիլմում նկարահանվում են նաեւ Մկրտիչ Արզումանյանը, Ժան Նշանյանը, Թամարա Պետրոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Լեւոն Հարությունյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Լուիզա Ներսիսյանը, Երվանդ Ենգիբարյանը, Մարկ Սաղաթելյանը եւ սիրված այլ դերասաններ: