ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որքան գումար է կազմում սոցիալական ապահովության փաթեթով յուրաքանչյուր պետական ծառայողին բաժին ընկնող գումարի չափը: Եվ խնդրում եմ տեղեկացնել նաեւ, թե ինչ պայմաններ են գործում աշխատակիցների եւ նրանց անմիջական ընտանիքի անդամների համար հանգստի կազմակերպման ծառայությունից օգտվելու համար:

Լիանա Բարսեղյան (28 տարեկան, մանկավարժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայտնում ենք, որ յուրաքանչյուր աշխատակցին սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 11 (տասնմեկ) հազար դրամ: Սոցիալական փաթեթը ամսական գումար է, որը տարեկան կտրվածքով հավասար է 2012թ. տրամադրված սոցիալական փաթեթի գումարին (132.000 ՀՀ դրամ):
Այս ծառայությունից օգտվելու համար աշխատողը կարող է ընտրել Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով հաշվառված զբոսաշրջային օպերատորներին, որոնց ցանկը հրապարակված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում, եւ որոնք առաջարկում են զբոսաշրջային փաթեթներ կամ, հանդես գալով հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանց անունից, կարող են առաջարկել առանձին հյուրանոցային ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ խոսվում է սոցփաթեթով տրամադրվող որոշակի գումարների մասին, բայց լավ կլիներ, որ ներկայացվեին կոնկրետ պայմաններ, որպեսզի անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարողանային հանգիստ օգտվել մատուցվող ծառայությունից:  Իսկ առհասարակ, լավագույն տարբերակն այն կլիներ, որ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի այնքան գումար վաստակեր, որ հույսը չդներ նման ծառայությունների վրա, ինչը, սակայն, մեր աղքատ երկրում գրեթե անհնար է:




Լրահոս