Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Սերժ Սարգսյանը մարտի 31-ին Բոստոնից ժամանել է Վաշինգտոն, որտեղ նույն օրը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, ով ՀՀ Նախագահին հանդիպել էր նաև գրեթե մեկ տարի առաջ` 2015թ. մայիսի 7-ին, Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքի առիթով:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրում համատեղ ջանքերի ու փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ և գոհունակությամբ են փաստել, որ ներկայումս երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության, որոնց շրջանակներում տարեցտարի երկու երկրները նոր ձեռքբերումներ են արձանագրում:
Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, փոխադարձ ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան գործընկերությունն այժմ գտնվում է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա, որի մասին են վկայում նաև վերջին տարիների տարբեր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների օժանդակությունը` ուղղված ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:
Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է նաև ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում, հատկապես՝ ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Հանդիպմանը հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակին, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումների շուրջ:
ՀՀ Նախագահը նշել է, որ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու գործում հայկական կողմը ապավինում է միջազգային հանրության և հատկապես համանախագահող երկրների ակտիվ միջամտությանը` ձեռնարկելու գործուն քայլեր, քանի դեռ դրանք կարող են որևէ բան փոխել:
Նախագահ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականների՝ ԼՂ հիմնախնդրի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և խաղաղ կարգավորմանն ուղղված ակտիվ ջանքերի համար: Վերջիններիս կողմից իրականացվող քայլերը, ըստ Նախագահի, օրինակելի կարող են լինել շատ այլ երկրների խորհրդարանականների համար:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում խիստ մտահոգված են երկրի անմիջական հարևանությամբ ահաբեկչական խմբավորումների գործունեությամբ և խստորեն դատապարտում են այն: Նախագահը ցավով է նշել, որ տեղի ունեցող վայրագությունների հետևանքով սպանվում և փախստական են դառում նաև Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր, վնասվում և ոչնչացվում են տարածաշրջանում բազմադարյա հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները:
Փոխնախագահ Բայդենը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը` Սիրիայից մեծ թվով փախստականների ապաստան տալու և սիրիահայերի համար կենսագործունեության հնարավոր պայմաններ ստեղծելու համար:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Միջին Արևելքում փոքրամասնությունների խնդիրները լուծելու, քրիստոնեական համայնքների վերադարձը խթանելու, նրանց բազմադարյա մշակույթը և ժառանգությունը պաշտպանելու նպատակով գործուն ու արդյունավետ մեխանիզմներ կմշակվեն: Սերժ Սարգսյանը և Ջոզեֆ Բայդենը նաև վստահություն են հայտնել, որ համատեղելով ջանքերը` հնարավոր կլինի դիմակայել առկա մարտահրավերները: