ՓՂԻ ՍՏԱՄՈՔՍԻ ՉԱՓՈՎ ԵՆ ՈՒՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երգիչ ԱՐՏԱՇ ԱՍԱՏՐՅԱՆԸ նույնիսկ տեղյակ չէր, որ քաղաքային տրանսպորտի գինը թանկացել է` պատճառաբանելով, որ ինքը չի օգտվում տրանսպորտից ու, բացի այդ, քաղաքում չէ: 
-Գիտե՞ք, որ Ձեր կոլեգաներից մի քանիսը նույնիսկ ակցիա են կազմակերպել ու բոլորովին անվճար իրենց մեքենաներով ուղեւորներ են տեղափոխում: Եթե քաղաքում լինեիք, Դուք նման բան կանեի՞ք:
-Ոչ միայն հիմա, այլեւ միշտ: Եթե մեր հայրենակիցը կարիք ունի մեքենայի, առանց մտածելու պետք է օգնել նրան՝ մարդասիրական հիմունքներից դրդված: Ես կարող եմ նույնիսկ Մոսկվա էլ տեղափոխել մեր հայրենակիցներին, եթե իմ ճանապարհին լինի:
-Պաստառներով էլ դուրս կգաք ու կմիանա՞ք ակտիվիստներին:
-Էդպիսի բան երբեք չեմ անի, ես երգիչ տղա եմ, չեմ խառնվում ոչ մի բանի, բայց միշտ պատրաստ եմ ուրախացնել ժողովրդիս: Թող լավ առիթները շատ լինեն, գնամ, ուրախացնեմ: Բայց էս պահին քաղաքում չեմ, միայն ինտերնետով եմ հետեւում լուրերին:
-Իսկ որտե՞ղ եք:
-Հանրապետությունում եմ, բայց հեռու եմ, հանգստի ենք մեկնել ընտանիքով: 
-Գոնե տեղյա՞կ եք, որ վերջին ամիսներին թանկացան լույսը, գազը, նույնիսկ հացը:
-Տեսնում եմ, որ գնալով ամեն ինչ թանկանում է, դե մարդիկ, որ էդպես անում են, երեւի հաշվարկներ ունեն, լավ առիթից չեն անում: Եթե մի բան թանկանում է, մի ուրիշ բան էլ պետք է թանկանա, որ բալանսը պահվի: Կցանկանայի, որ թանկացումների հետ նաեւ մարդկանց աշխատավարձերը բարձրանային: 
-Դուք հաճախ եք մեկնում ԱՄՆ, ցանկություն չի՞ առաջանում մնալ այնտեղ:
-Երկար տարիներ ապրելով հայրենիքից դուրս՝ արդեն 7 տարի է՝ վերադարձել եմ: Ես սիրում եմ իմ հայրենիքը, ուզում եմ՝ բալիկներս այստեղ մեծանան: Հուսով եմ, այս դժվարություններն էլ կանցնեն: Գնում եմ շրջագայությունների, բայց էլի հետ եմ գալիս: Իսկ այն մի քանի դոլարները, որ աշխատում ենք, օրինակ, Արգենտինայում, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում, լավ կլիներ՝ այստեղ աշխատեինք, նույնիսկ դուրս չգնայինք: 
-Ձեր եղբայրը` Տիգրան Ասատրյանը, շարունակում է ապրել ԱՄՆ-ում, ինչո՞ւ Ձեր օրինակին հետեւելով` չի վերադառնում Հայաստան:
-Տիգրանն էլ շատ հայրենասեր է, Արամի տղան է, հայրենիքով ապրող հայ տղա է: Ուղղակի իրենք փաստաթղթերի հետ կապված հարցեր ունեն, չեն կարողանում գալ-գնալ: Որ ամեն ինչ լավ լինի, նրանք էլ հաճախակի կգան: 
Ի տարբերություն Արտաշ Ասատրյանի՝ դերասան ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ցավով նկատեց, որ ինքն այս պահին մեքենա չունի, այլապես ինքն էլ կլիներ իր կոլեգաների շարքերում: Դերասանն անձամբ օգտվում է քաղաքային տրանսպորտից:
-Վերջին օրերին ինչքա՞ն եք վճարել երթուղայիններին:
-Ինչ սկսվել է այս պատմությունը, ես 100 դրամ եմ վճարում ու իջնում: Դեռ ոչ ոք ինձ չի ասել` 150 վճարի՛ր: Ես չեմ կարող ժողովրդի կողքին չլինել, ես էլ նրանց մի մասնիկն եմ: 
Տեղյա՞կ եք նախորդ թանկացումներից:
-Լույս, գազ, օրեր առաջ էլ զգացի` հացը: Եթե էսպես շատ երկար շարունակվի, կարծում եմ՝ այս երկրում մարդ չի մնա, կմնան իրենք միայն: Իրենք կառնեն, իրենք կծախեն, գենոցիդ է մեր ազգի հանդեպ: Պարտադիր չէ մեզ մորթեն կամ կրակեն: Երբ մարդու երեխան սոված է, դրանից մեծ գենոցիդ չկա: 
Չեք պատկերացնի՝ ոնց եմ ցավում, որ էս պահին մեքենա չունեմ, հիմա տղերքի կողքին կլինեի: Բացի այն, որ ժողովրդին իրենց ցանկացած վայրը կտեղափոխեի, կփորձեի նաեւ ճանապարհին նրանց տրամադրությունը բարձրացնել, որ մարդիկ ինֆարկտ չստանան: 
-Մարդիկ իսկապես հուսահատված են:
-Մի բան եմ ուզում հարցնել` արդյո՞ք չեն կշտանում: Հնարավո՞ր չէ արդեն եղածով կշտանալ: Գիտեք՝ ում մասին եմ խոսում: Ինչքա՞ն կարելի է: Մարդ իր ստամոքսի չափով է ուտում, ավել չի կարող ուտել: Նրանք փղի ստամոքսի չափով ուտում են ու սպասում, որ իրենց ստամոքսը դառնա մամոնտի ստամոքսի չափ: Չի կարելի ժողովրդին անդադար ճնշել: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 585 համար




Լրահոս