Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԿՄ վարչության անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» մատենադարանում ընդունեց Երկրապահ կամաւորականների ﬕութեան (ԵԿՄ) վարչութեան անդամներին` գլխաւորութեամբ ԵԿՄ վարչութեան նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանուէլ Գրիգորեանի: Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանն ու Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը, ինչպէս նաեւ եռասէրունդ երկրապահները: Միասնական Տէրունական աղօթքից յետոյ խօսք ասաց ԵԿՄ նախագահ Մանուէլ Գրիգորեանը` ներկայացնելով ԵԿՄ առաքելութիւնն ու գործունէութիւնը, ՀՀ անկախութեան 25-ամեակին ընդառաջ իրականացուող ծրագրերը: ԵԿՄ նախագահն առանձնայատուկ կերպով ընդգծեց Մայր Աթոռի եւ միութեան միջեւ ձեւաւորուած գործակցութեան կարեւորութիւնը յատկապէս երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով կրթելու գործում: Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնութիւնն ու գնահատանքը բերեց միութեան անդամներին:

Ընդգծելով Արցախի պաշտպանութեան գործում երկրապահների ունեցած կարեւոր ծառայութիւնը` Նորին Սբութիւնը նշեց, որ երկրապահների այդ յաղթական ոգին ու գիտակցութիւնը նաեւ ԵԿՄ աշխատանքի ու ջանքերի շնորհիւ շարունակելու են ապրել սերնդեսերունդ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնաւոր ուրախութիւն յայտնեց, որ այսօր երկրապահները շարունակում են իրենց առաքելութիւնն իրականացնել կարեւորագոյն մի ոլորտում` մատաղ սերնդի կրթութեան ու դաստիարակութեան, Հայրենիքի արժանաւոր զաւակը լինելու գիտակցութեան կերտման գործում: Այս կապակցութեամբ Հայոց Հայրապետը գոհունակութիւն յայտնեց Եկեղեցու ու ԵԿՄ-ի միջեւ առկայ սերտ գործակցութեան համար` աւելացնելով, որ Հայ Եկեղեցին կը շարունակի զօրակցութիւն բերել նրանց ծրագրերին ու իրականացուող գործունէութեանը:

Այս առիթով Նորին Սրբութիւնն աղօթքով վերյիշեց բոլոր այն հայորդիներին, ովքեր հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործի համար իրենց կեանքերն են ընծայաբերել` նշելով, որ նրանց շնորհիւ են կերտուել հայ ժողովրդի յաղթանակները: Հայոց Հայրապետը յաւելեց, որ այսօր այդ քաջերի նահատակութեան ոգին է խաղաղ պահում հայրենիքի սահմանները: Վերջում Գարեգին Բ Վեհափառը վստահութիւն յայտնեց, որ Աստծու օրհնութեամբ հայ ժողովուրդը ինչպէս անցեալում, այնպէս էլ այսօր, կը կարողանայ իր քաջարի զաւակների ծառայութեան ու նուիրումի արդիւնքում ապրել խաղաղութեան մէջ` կառուցելով իր բարօր ու առաջընթաց կեանքը:




Լրահոս