Քանաքեռավանում ընտրությունները թեժ են անցնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավանում ապրիլի 17-ին կայանալիք գյուղապետի ընտրությունները թեժ են անցնելու: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ դաշնակցական Հայկ Սարգսյանը եւ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Ջիվան Քամալյանը:
«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցել էր գործող ՀՀԿ-ական գյուղապետ Ջիվան Քամալյանի հետ: Վերջինս մեր հետ զրույցում հայտարարել էր, որ իր դաշնակցական մրացկիցը՝ Հայկ Սարգսյանը, «հեռախոսով է ձայն հավաքում», եւ ինքը չի պատրաստվում գյուղապետի աթոռը փոխանցել մի երիտասարդի: Գործող գյուղապետի հայտարարության հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցել է նաեւ դաշնակցական թեկնածու Հայկ Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, գործող գյուղապետը մեր հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում գյուղապետի պաշտոնը փոխանցել «մի անփորձ երիտասարդի»: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս հայտարարությունը:

-Գործող գյուղապետը ծնվել է 1960 թվականին, ինքը հիմա 55 տարեկան է, իսկ 16 տարի առաջ ինքը 39 տարեկան էր, ես հիմա 37 տարեկան եմ. հետաքրքրվողները թող նայեն իմ եւ իր կենսագրությունը, անցած ճանապարհը ու կպարզեն, թե ով ինչով է զբաղվել եւ ինչ է արել թե՛ այս համայնքի կյանքի, թե՛ այս երկրի համար:

-Իսկ նրա կողմից հնչեցված հեռախոսով ձայն հավաքելու հայտարարության մասով ի՞նչ կասեք:

-Սուտ է, ես հեռախոսով չեմ պայքարում: Քարոզարշավը դեռ հայտարարված չէ, բայց մենք ունենք ծրագիր: Այս ընթացքում մարդկանց հետ հանդիպում ենք, տուն առ տուն մտնում ենք եւ բնակիչների հետ զրուցում ենք: Նրանցից պարզում ենք, թե որ խնդիրն ունի հրատապ լուծման կարիք, այն ներառում ենք ծրագրի մեջ:

-Ի՞նչ արձագանքներ են լինում բնակիչների կողմից:

-Դրական: Մենք խնդիր ունենք համայնքի կյանքը ակտիվացնելու, որովհետեւ այն նմանվել է թոշակառու պապիկի: Ես ճամփա ունեմ անցած, տաք գլխով դուրս չեմ եկել: Մեր համագյուղացիները փոփոխության կարիք են զգում:

Այնուամենայնիվ, Ձեր եւ Ձեր մրցակցի միջեւ լարվածություն կա՞:

-Մեր մեջ չկա լարվածություն: Նախապես խոսել եմ իրենց հետ, առաջարկել եմ ոչ մի բարդություն չստեղծել ընտրություններում: Ես իր պայքարը չեմ տեսել, անհայտ է: Բայց կասեմ հետեւյալը՝ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում: Ի դեպ, իր մտերիմ միջավայրի մարդկանցից երկուսին կասեմ՝ ձայն կտան իրեն:

-Ի՞նչ եք ցանկանում փոխել գյուղում:

-Գիշերային լուսավորություն չունենք, տարիքային խմբերի զբաղվածության հարցը լուծված չէ: Երիտասարդության համար ոչ մի ոգեւորող բան չկա: Աղբահանության հարցը լուծման կարիք ունի:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս