Հայաստանի քաղաքական դաշտում շատ վտանգավոր իրավիճակ է սկսվել: Իշխանություններն անուղղակի կերպով սկսել են պարզապես փոշիացնել քաղաքական արժեքներն ու ամայացնել դաշտը: Ընդ որում, այս ամենն արվում է առաջին հայացքից բավական անմեղ ձեւով:
Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու դեմ սկսված պայքարում առաջամարտիկի դեր ստանձնեցին երիտասարդները, որոնք, ըստ էության, մերժում էին իրենց բողոքի ակցիաներին քաղաքական միջամտության ցանկացած փորձ` պայքարին մասնակից կուսակցական դեմքերից պահանջելով “չքաղաքականացնել շարժումը”: Իսկ այնուհետեւ, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հասարակական ճնշման ներքո ստիպված եղավ կասեցնել իր որոշումը, կատարվածը հռչակվեց որպես քաղաքացիական հասարակության հաղթանակ: Ու շատ ակտիվ կերպով շրջանառության մեջ դրվեց թեզը, թե Հայաստանում քաղաքական կուսակցությունները սպառել են իրենց, նրանք ոչինչ չեն կարող անել, գաղափարախոսությունն ընդհանրապես “կեղծ կատեգորիա է”, եւ որ հաղթանակի կարելի է հասնել քաղաքացիական հասարակության միջոցով…
Առավել եւս, որ այդ պնդման համար ստեղծվել էին որոշ հիմքեր: Նախ` կար Մաշտոցի պուրակի հայտնի դեպքերի նախադեպը. 2012թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի թեժ պահին, երբ քաղաքացիական հասարակությունը պայքարում էր տարածքի “բուտիկապատման դեմ”, հանկարծ Մաշտոցի պուրակում հայտնվեց Սերժ Սարգսյանը եւ “Տարոն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ գեղեցիկ չի”: Դարձյալ “հաղթեց” քաղաքացիական հասարակությունը:
Բացի այդ, կար եւս մեկ հանգամանք. վերջին 15-20 տարիների ընթացքում հայաստանյան քաղաքական ուժերին, չնչին բացառություններով, ըստ էության չի հաջողվել հասնել որեւէ կարեւորագույն հաղթանակի ու լուրջ ձեռքբերման: Այնպես որ, կուսակցություններն այլեւս սկսել են չդիտվել որպես քաղաքական պայքարի արդյունավետ միջոց: Մանավանդ, երբ հասարակությունն էլ իր հերթին է կորցրել քաղաքական ուժերի եւ քաղաքական պայքարի եւ ընդհանրապես, ապագայի հանդեպ հանդեպ հավատը:
Փուլային տարբերակով
Հայաստանի քաղաքական դաշտը փոշիացնելու գործընթացը նոր չի սկսվել: 1998-99թ. սկսած իշխանություններն իրենց քայլերով հետողականորեն փորձել են վարկաբեկել ու ոչնչացնել քաղաքական դաշտը` հաճախ կիրառելով ստորագույն մեթոդներ: Մի կողմից, հիմնարկի ղեկավարից կամ դպրոցի տնօրենից մինչեւ պահակը ստիպողաբար հանրապետականացնելով, իշխանությունները կուսակցությունը վերածել են աշխատանքի տեղավորման գործակալության: Ճիշտ եւ ճիշտ ինչպես խորհրդային տարիներին /թեեւ պարտկոմի նախկին քարտուղար Ռոբերտ Քոչարյանից ու կուսակցական հրահանգիչ Սերժ Սարգսյանից այլ բան դժվար էր սպասել/:
Բացի այդ, այսօր Հայաստանում ոչ իշխանական կուսակցությունները, էլ չենք ասում ընդդիմադիրների մասին, փաստացի զրկված են ինքնուրույն ֆինանսավորվելու հնարավորությունից: Հատկապես ընդդիմությանը ցուցաբերված ֆինանսական ցանկացած օգնություն դիտվում է որպես իշխանության նկատմամբ դավաճանություն եւ ենթարկա է պատժի` ունեցվածքի մասնակի կամ ամբողջական առգրավմամբ: Այնպես որ, Հայաստանում ոչ իշխանական կուսակցությունները գործում են մեղմ ասած, ոչ նպաստավոր պայմաններում:
Սրան գումարած այս տարիների ընթացքում տեղի ունեցած ներկուսակցական պառակտումները. ընդ որում, դրանց զգալի մասը տեղի է ունեցել իշխանությունների ակտիվ միջամտությամբ ու ջանքերով` մեկին գայթակղելով ու պաշտոն տալով, մյուսին` շանտաժի ենթարկելով, մեկ այլ տեղ սեփական “ականներ” ներդնելով ու հարմար պահին պայթեցնելով: Ասել է, թե օգտագործվել է կուսակցություններին ու կուսակցական համակարգը վարկաբեկելու բոլոր հնարավոր միջոցները: Այս ամենի արդյունքում է, որ այսօր Հայաստանում կա ավելի քան 75 կուսակցություն, բայց դրանցից հազիվ 10-ի մասին կարելի է ասել, որ ունի քաղաքական թիմ, կուսակցականների ու համակիրների բանակ:
Ու հիմա, այս ամենից հետո սկսվել է քաղաքական դաշտի դեմ պայքարի երկրորդ փուլը. ներարկվում է քաղաքական ուժերի անկարողության ու քաղաքացիական հասարակության ամենակարողության գաղափարը: Այն, ինչի ականատեսն ենք լինում այսօր: Ընդ որում, այս հարցում ակտիվ են հենց այն անձիք, քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, որոնց անունները մշտապես կապվել են իշխանությունների հետ:
Ի դեպ, Վանո Սիրադեղյանը ԱԺ ամբիոնից իր հայտնի ելույթում նման դիտարկում էր արել. “Ուրեմն, վերցնել իշխանությունը եւ ամրապնդվել: Ամրապնդվել ըստ ամենայնի եւ միջոցների մեջ խտրություն չդնելով: Բացարձակ անպատկառությամբ: Զուրկ ոչ միայն հասարակական, ոչ միայն բարոյական պարտավորությունից, այլեւ առանց տարրական ամոթի զգացման: Որովհետեւ ամոթի ինչ զգացում պիտի ունենա մարդը, որ իր ապրած տեղում ոչ հարեւան ունի, ոչ տոհմ, ոչ շրջապատ ու փողոց, ում առաջ ամաչի: Ամրապնդվել, ամայացնել փորձելով եղած-չեղած քաղաքական դաշտը, ամեն քայլով փորձելով նսեմացնել Հայաստանի գործիչների, կառույցների դերն այս պատերազմում…”:
Հ.Գ. Թող տպավորություն չստեղծվի, թե այսպես նսեմացնում ենք տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների պայքարը եւ այս ճանապարհին իշխանությունների ժամանակավոր նահանջը: Ավելին, այսօր Հայաստանը հասել է մի իրավիճակի, երբ այլեւս կարեւոր չէ, թե ով է պայքարի առաջին գծում, որովհետեւ վտանգված է պետության ու պետականության գոյությունն ընդհանրապես: Եւ իշխանափոխության համար հարկավոր է հասարակական լայն զանգվածների` կուսակցական եւ ոչ կուսակցական անհատների միավորում` հընթացս կազմալուծելով ռեժիմը: Բայց մյուս կողմից միայն քաղաքացիական հասարակությամբ հազիվ թե հնարավոր լինի հասնել իշխանափոխության, որովհետեւ սա քաղաքական պայքար է, նույնքան քաղաքական է նաեւ քաղաքացիական հասարակության պայքարը: Այնպես որ, հաջողության հասնելու համար հարկավոր է քաղաքական ուժերի, անկուսակցական քաղաքացիների, ինչու չէ` իշխանական որոշ անհատների համախմբմամբ ու միասնական ճակատ կազմելով, ինչպես դա եղավ 1988թ. սկսված Ղարաբաղյան շարժման դեպքում, երբ 1991թ. Հայաստանը հռչակեց իր անկախությունը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 30.07.2013թ