Մասնագետներն ընդգրկվում են ծառայության բարելավման գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների մասնագիտական գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկվեցին Երևանի առաջատար մասնագետների հետ հանդիպման ընթացքում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացվեցին մայրաքաղաքում ծառայության ամենօրյա աշխատանքում հանդիպող խնդիրները, ծանր հիվանդների վարման ընթացքն ու արդյունքները: Արմեն Մուրադյանը` անդրադառնալով մասնագիտական շարունակական զարգացման հարցին նշեց, որ Հայաստանի առողջապահության բնագավառում ներդրվում է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ և բուժաշխատողների հավաստագրում: Նա տեղեկացրեց, որ 2016 թվականի մայիսից կսկսվի առաջին բուժաշխատողների հավաստագրումը, իսկ 2021 թվականից սկսած, այն բուժաշխատողները, որոնք մինչ այդ հավաստագրված չեն լինի, փաստացի կզրկվեն մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:
Հաշվի առնելով, որ անեսթեզիոլոգիան առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից է, ուրվագծվեցին նաև ծառայության զարգացման ուղիները: ՀՀ առողջապահության նախարարն ընդգծեց, որ առաջնային է ոլորտի չափագրման, ծառայությունում գործելակարգերի և ուղեցույցների ներդրման հարցը:

Հանգամանալից անդրադարձ կատարվեց անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը։ Նախարարը մայրաքաղաքի առաջատար անեսթեզիոլոգներին և ռեանիմատոլոգներին հանձնարարեց կարճ ժամկետում ներկայացնել առաջարկներ, մշակել ծառայության բարելավման համար անհրաժեշտ չափորոշիչներ: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բուժաշխատողների պաշտպանվածությանը, իրավական այլ կարևոր հարցերի:




Լրահոս