«168 ժամ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ Ազգային վիճակագրական ծառայությունս հրապարակհլ էր 2016 թվականի հունվար-փետրվարի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն՝ ծառայությունների ոլորտը գրանցել է տպավորիչ՝ 9.8% աճ (ծավալը՝ 173.8 մլրդ դրամ)։ Նախօրեին հրապարակված առավել մանրամասն տվյալները թույլ են տալիս հասկանալ, թե ինչի հաշվին է «աճել» ծառայությունների ոլորտը։ Ծառայությունների մեջ մտնող խոշորագույն ենթաոլորտը՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, հաշվետու ժամանակաշրջանում աճել է ընդամենը 2.7%-ով։ Տեղեկատվությունը և կապը գրեթե չեն աճել՝ ընդամենը 0.9 տոկոսանոց փոփոխություն։
Առողջապահության, բնակչության սոցիալական սպասարկման ենթաոլորտի ծառայությունների ծավալը նվագել է 0.9% ով, կրթությունը՝ 4.2%-ով։ Իսկ ծառայությունների ոլորտի լոկոմոտիվը, պարզվում է մշակույթ, «զվարճություններ և հանգիստ» ենթաոլորտն է։ Այն աճել 150.5 տոկոսով և գերազանցել 35.7 միլիարդ դրամը։ Դժբախտաբար, ինչպես կարելի է կռահել, այդ աճը գրանցվել է ոչ թե՝ թատրոնների կամ պատկերասրահների գործունեության ակտիվացման, այլ՝ խաղատների հաշվին։ Սա ոչ թե՝ ենթադրություն է, այլ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծությունների արդյունք։ Հիշեցնենք, որ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը վերջերս հայտարարել էր, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ այդ աճը պայմանավորված է խաղատների հաճախելիության աճով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։