ԵՎՐՈՊԱՆ ԱՐԱԳԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ՏԱՆԵԼՈՒ» ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Սերժ Սարգսյանն իր հանգիստն է անցկացնում Եվրոպայում, արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Եվրամիության հետ Հայաստանի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ 1 տարի 2 ամիս տեւած 7-փուլանոց բանակցություններն ավարտվեցին: ԵՄ-ի կողմից պաշտոնապես հրապարակված այս տեղեկությունն ուշագրավ է այնքանով, որ հայկական կողմը մշտապես հայտարարել է, թե նախատեսում է բանակցություններն ավարտել տարեվերջին, սակայն, ամառը չավարտված, դրանք ավարտվեցին: Դիվանագիտական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այս շտապողականությունը լուրջ հիմքեր է ունեցել: Բանն այն է, որ ԵՄ ներկայացուցիչները կանխատեսել են, թե հնարավոր է՝ Ռուսաստանի Դաշնությունը, բազմաբնույթ ճնշումներ գործադրելով, Հայաստանին հետ պահի դեպի Եվրոպա գնալու ճանապարհից, դրա համար էլ շտապել են: Բայց հատկանշականն այն է, որ ըստ նույն աղբյուրների՝ ամենայն հավանականությամբ, ասոցացման համաձայնագրի տեքստն այդպես էլ չի հրապարակվի՝ տարաբնույթ շահարկումներից խուսափելու համար: Ավելին, վերջին օրերին նախաստորագրման ժամկետների մասին բանակցություններ են տարվում, որպեսզի այն նոյեմբերից շուտ տեղի ունենա: Մի խոսքով, ԵՄ-ն չի ցանկանում պահը բաց թողնել: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱԳՆ-ից պարզել այս եւ այլ հարցերի պատասխանները, սակայն նախարարի բացակայության պատճառով այդ կառույցը, ըստ էության, «փակ էր»:




Լրահոս