ԱՐՋԵՐԻ ՈՒ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ «ՄԱՍՆԱԳԵՏ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուշեղ Պետոյանն իր տան բակում արջեր է պահում: Նա, հետ չմնալով իր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, անձնական կենդանաբանական այգի է հիմնել: Ի՞նչն է ստիպել պատգամավորին գազաններ պահել: Երեկ այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մուշեղ Պետոյանի հետ:
-Պարո՛ն Պետոյան, մենք տեղեկություններ ունենք, որ Դուք Ձեր տան բակում արջեր եք պահում: Ճի՞շտ է:
-Ինձ չի պատկանում, իմ հայրիկին է պատկանում, ու իր ընկերները Ղարաբաղից մի հատ արջ են նվեր տվել իրեն: Դա իմ հայրիկի սեփական տարածքն է, որտեղ արջը պահում է, իմը չէ, իմ անունով չէ:
-Գուցե Դուք փորձել եք Ձեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից ոչնչով «հետ» չմնա՞լ, քանի որ նա էլ առյուծներ է պահում:
-(Ծիծաղում է-Ս. Գ.) Ա՛յ ցավդ տանեմ, չէ՛, էդպիսի բան չկա: Պարզապես Արթիկի երեխաները հնարավորություն չունեն մեր տարածքի գազանանոց գնալ-գալ, մենք էլ փորձում եք նման ձեւով ուրախացնել մեր երեխաներին: Բոլորի համար է նախատեսված, բոլոր պայմանները կան, որ երեխաները գան ու տեսնեն: Էդ մի արջն է, մենք էլ էրեխեքին ուրախացնում ենք: Այսքան բան:
-Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ Դուք բիզնեսներ եք հիմնել Անապա քաղաքում:
-Չունեմ… ես ոչ մի բան Անապայում չունեմ, միայն ընկերներ ունեմ այնտեղ: Հա՛, իրենք լավ գործարարներ են: Ես բոլոր քաղաքներում էլ ընկերներ ունեմ: Իսկ Անապայում ոչ մի բան չունեմ: Բայց եթե ունենայի, վատ չէր լինի, եկամուտն էլի ծախսվելու էր մեր տարածաշրջանի ժողովրդի համար:
-Նշվում է նաեւ, որ Ձեր բիզնես-գործերն այստեղ լավ չեն, ինչի պատճառով էլ որոշել եք «գործ դնել» Անապայում:
-Ես ի՞նչ բիզնես ունեմ, որ լավ չի եղել: Ինչ էլ որ ունեմ, բոլորն էլ շատ նորմալ աշխատում են, տեղափոխել հասկացողությունն ի՞նչ է, պետք է վաճառեի՞, տանեի էդ գումարը ներդնեի՞, թե՞ ինչ: Բայց ես էստեղ ոչ մի բան էլ չեմ վաճառել, ու Աստծուն փառք, բոլորն էլ ստեղ աշխատում են, որեւէ փակ բան չկա, որեւէ վաճառքի բան չկա բիզնեսներից: Սաղն էլ նորմալ աշխատում են:
-Իսկ Դուք տեղյա՞կ չեք, որ ՀՀ Սահմանադրությամբ արգելված է ԱԺ պատգամավորին բիզնեսով զբաղվել, չե՞ք վախենում, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը կարող է ուսումնասիրել Ձեր գործունեությունն ու պարզել, որ Դուք օրենք եք խախտում:
-Ես բացարձակ… սաղ տված է կառավարման, ես որեւէ մեկի հետ խնդիր չունեմ, ես մասնաբաժին ունեմ, իսկ տնօրեններն ուրիշ մարդիկ են, ընդհանրապես ես բիզնեսի հետ կապ չունեմ:
-Բայց նշեցիք, որ Ձեր բիզնեսները նորմալ վիճակում են….
-Ես… այն հիմնարկում, որտեղ ես փայաբաժին ունեմ, այո՛, այդ բիզնեսը նորմալ աշխատում է: Սեփականություն ունենալու իրավունք ունեմ: Այո՛, ճիշտ եք, պատգամավորը բիզնեսով զբաղվելու իրավունք չունի, ու ես չեմ էլ զբաղվում: Այո՛, կան տնօրեններ, որոնք աշխատում են:
-Իսկ ովքե՞ր են այդ տնօրենները, որոնք աշխատում են:
-Իմ հարազատները չեն, ուղղակի մարդիկ են, ովքեր աշխատում են, բնակիչներ են: Որեւէ մեկը ո՛չ ինձ ազգակցական են եւ ո՛չ էլ իմ բարեկամություններն են: Չգիտեմ, ինչ-որ վարկաբեկիչ տեղեկություններ են տարածել:
-Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները, որոնք նաեւ գործարարությամբ են զբաղված, սպասում են սեպտեմբերին: Եթե աշնանը Գ. Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա չկազմի, գործարարները որոշել են դուրս գալ ԲՀԿ-ից: Դուք նման ցանկություն ունե՞ք:
-Բացառվում է, դա ինձ համար բացառված թեմա է: Նման մտադրություն չկա, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, քանի դեռ ԲՀԿ-ն գոյություն ունի, ես էլ նրա անդամն եմ:
-Չե՞ք հիասթափվել ԲՀԿ-ի գործունեությունից, վերջին ամիսներին գրեթե ոչ մի իրադարձության Ձեր կուսակցությունը չի արձագանքում: Շատ պասիվ վիճակում է:
-Ինչի՞ համար հիասթափվեմ, դե հիմա ո՞վ է ակտիվ, որ մերն էլ պասիվ է, բոլորն էլ ակտիվացան, պրծավ, հիմա հանգստանում են, ի՞նչ կա, որ ակտիվանան:
-Այժմ հայ հասարակությունը ոտքի է կանգնել ու պայքարում է տրանսպորտի թանկացման դեմ…
-Դե հիմա ամառ է, արձակուրդ է, բոլորն էլ հանգստանում են, ամառը վերջանա, կակտիվանան, ինձ թվում է: Դե ի՞նչ ասեմ, ես չեմ որոշողը:
-Ի՞նչ հաճախականությամբ եք հանդիպում Գ. Ծառուկյանի հետ: Ասում են՝ նա չի շփվում կուսակցության անդամների հետ: Իսկ Ձեզ ընդունո՞ւմ է:
-Չեմ կարծում, որ նման բան կա, բացարձակ չկա: Համենայնդեպս, ինձ համար նման խնդիր չկա: Վերջին անգամ մի 20-25 օր առաջ եմ հանդիպել: Դե հիմա հազար հարց կա քննարկելու:
Հ.Գ. Ցավոք, այս մակարդակի օրենսդիրներ ՀՀ ԱԺ-ում շատ կան, դրա համար էլ հաճախ առանց հասկանալու կոճակ են սեղմում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս