«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տրանսպորտի թանկացման հարցում իր լրջագույն «ներդրումն» է ունեցել նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ (2003-2009թթ.) Երվանդ Զախարյանը: Բանն այն է, որ մայրաքաղաքում միկրոավտոբուսներ շահագործող ամենամեծ ընկերությունը պատկանում է Ե. Զախարյանին, ուստի վերջինս շահագրգռված է, որպեսզի տրանսպորտի գինը 50 տոկոսով բարձրանա:
Նշենք, որ նախօրեին «Հետք»-ը հրապարակել էր, որ «Երեւանի միկրոավտոբուսային ՈՒԱՏ» ՓԲԸ-ն մայրաքաղաքում միկրոավտոբուսներ շահագործող ամենամեծ ընկերությունն է, որի հետ պարբերաբար կապվել է Երվանդ Զախարյանի անունը: Նշվել էր, որ ընկերության գործունեությունը վերահսկում է Զախարյանների կրտսեր եղբայրը՝ Սայադը: Մինչ այդ ընկերության տնօրենն է եղել Համլետ Բեգլարյանը, որը ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանի եղբայրն է:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց Երվանդ Զախարյանի հետ:
-Պարո՛ն Զախարյան, բոլորին հայտնի է, որ մայրաքաղաքում ամենաշատ միկրոավտոբուսներ շահագործող ընկերությունը Ձեզ է պատկանում, այսինքն՝ Դուք խոշոր «գծատեր» եք…
-Ես գծեր չունեմ, ես գծատեր չեմ: Գծատերը քաղաքապետարանն է: Ես որեւէ գծի հետ, որեւէ սեփականության հետ որեւէ կապ չունեմ: Ես ընդհանրապես եմ ասում, որ դրանք ոչ թե գծատերեր են կոչվում, այլ գիծ շահագործող, գիծ սպասարկող ընկերություններ: Իսկ այդ դեպքում մրցույթ է հայտարարվում, ու շահում են գիծ սպասարկողները:
-Նշվում է, որ ամենաշատ «գիծ» սպասարկողը հենց Դուք եք:
-Ես գիծ սպասարկող չեմ, եւ մենք մրցույթին չենք մասնակցել ու գիծ էլ չենք շահել: Ես այդ կազմակերպության հետ կապ չունեմ: Գիտեք, հիմա շատ բան են հրապարակում, ժամանակին էլ հրապարակել էին, որ դելֆինարիումն իմն է: Ես ուղղակի չեմ արձագանքում նման հոդվածների: Եվ Ձեզ այլ մեկնաբանություն չունեմ տալու: Ձեր հարցերն ուղղե՛ք այդ կազմակերպությանը, թե ովքեր են այնտեղ սեփականատերերը: Ես, թանկացման հետ կապված, որեւէ մասնակցություն չունեմ: Եվ որեւէ գնահատական տալ չեմ կարող:
-Նշվում է նաեւ, որ օրերս հանդիպել եք Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ…
-Ո՛չ, մենք չենք հանդիպել ու որեւէ հարց էլ չենք քննարկել:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանին մոտ կանգնած իր աղբյուրներից եւս մեկ անգամ հետաքրքրվեց, թե ովքեր են Երեւանի ամենախոշոր գծատերերը, կրկին նույնը պարզվեց. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նրա աներձագ, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանի եղբայր Համլետ Բեգլարյանը եւ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Հենց նրանք են ամենաշահագրգռվածը, որ իրենց գրպանները հարստացնելու համար քաղաքային տրանսպորտի գինը 100-ից դառնա 150 դրամ: Բանն այն է, որ տարբեր մասնագետների հաշվարկով՝ տրանսպորտի գինը Երեւանում կարող է լինել անգամ 90 դրամ, սակայն գծատերերին այս փաստը դուր չի գալիս:
ԶԱԽԱՐՅԱՆԸ ԿՈ՞ՂՄ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ