ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:
**
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Միջուկային անվտանգության գագաթնաժողովում
Մեծարգո նախագահ Օբամա,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթնաժողովի կազմակերպիչներին գլոբալ անվտանգության համար առանցքային այս հավաքը հերթական անգամ հյուրընկալելու և անձամբ Նախագահ Օբամային՝ գագաթնաժողովների նման շարք նախաձեռնելու համար:
2010թ. ի վեր, երբ տեղի ունեցավ Միջուկային անվտանգության առաջին գագաթնաժողովը, հայացք նետելով այս տարիների ընթացքում կատարված աշխատանքներին, կարող ենք վստահորեն ասել, որ մեզ հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց: 2010-ից ի վեր անցկացվող գագաթնաժողովների քաղաքական ազդակն ակնհայտորեն նպաստել է ազգային ընթացակարգերի բարելավմանն ու ամրապնդմանը, ընդլայնել միջազգային առանցքային փաստաթղթերին միացած պետությունների շրջանակը:
Այս դրական միտումը լավագույնս դրսևորվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերմամբ, ինչը միջազգային հանրության համախմբված և կառուցողական ջանքերի արդյունք էր: Դա կարևոր նվաճում է ոչ միայն միջազգային, այլև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար:
Չնայած այս հանդիպումը վերջինն է միջուկային անվտանգության գագաթնաժողովների շարքում` մենք պարտավոր ենք ապահովելու գործընթացի շարունակականությունը` օգտագործելով այլ ձևաչափեր: Անելիքներ դեռ շատ կան, և մենք պետք է ներդնենք բոլոր ջանքերը մեզ շրջապատող աշխարհն առավել անվտանգ դարձնելու համար, որպեսզի տեղի չունենա այն, ինչի մասին ահազանգում է ցուցադրված տեսանյութը:
Օգտվելով հնարավորությունից` ներկայացնեմ Հաագայի գագաթնաժողովից հետո այս ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը: Մենք մեծապես կարևորում ենք տվյալ ոլորտում ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների համապարփակ և արդյունավետ կյանքի կոչումը` դիտարկելով դրանք որպես ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության կարևոր բաղադրիչ:
Այս ժամանակահատվածում մենք շարունակել ենք փոփոխել ու լրացնել մեր օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային պահանջներին: Շարունակում ենք փոխշահավետ և արդյունավետ համագործակցել միջազգային կառույցների և գործընկեր երկրների հետ միջուկային տեղակայանքների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգության և ֆիզիկական պաշտպանության հարցերի շուրջ: Առանձնացնեմ ԱԷՄԳ-ի դերը միջուկային անվտանգության և ֆիզիկական պաշտպանության ոլորտներում անդամ պետությունների հետ միասին նոր, լրացուցիչ չափորոշիչների ու կանոնակարգերի մշակման և այդ դրույթների իրականացմանը ցուցաբերած աջակցության հարցում: Միջուկային անվտանգության ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարը: Այս ոլորտում Հայաստանը սերտ համագործակցում է ԱՄՆ, ԵՄ և այլ գործընկեր երկրների ու կառույցների հետ:
Հայաստանն ակտիվ ներգրավված է նաև միջուկային ահաբեկչության դեմ պայքարի և Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման նախաձեռնությունների աշխատանքներում՝ իրականացնելով ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևից բխող անհրաժեշտ միջոցառումներ և ընդունելով համապատասխան ազգային ծրագիր:
Մեր այս հետևողական մոտեցումը լինելու է շարունակական և անփոփոխ՝ ուղղված աջակցելու միջուկային անվտանգության գործուն ճարտարապետության ստեղծման գործընթացին:
Եվ ես ուշադրություն չէի դարձնի Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից այս դահլիճում հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներին, որովհետև դրանք առաջին հերթին անվստահության դրսևորում են ԱԷՄԳ-ի հանդեպ, եթե այդ գործելաոճը նրանց բնորոշ չլիներ բոլոր ոլորտներում` միջազգային հանրության և կառույցների գործունեության նկատմամբ թերահավատություն, նրանց որոշումների և մոտեցումների ստահոդ մեկնաբանում և ապակառուցողական գործողություններ: Սա է իրական վտանգը տարածաշրջանի համար և ոչ թե հայկական ատոմակայանի շահագործումը:
Շնորհակալություն: