ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՏԱՊ ՔԱՅԼԵՐԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական հանձնաժողովը երեկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ բարեհաջող կերպով ավարտվել են մեկ տարի երկու ամիս տեւած 7-փուլանոց բանակցությունները: Սա նշանակում է, որ Հայաստանն ու Եվրոպան համաձայնության են եկել հիմնական բաղկացուցիչների շուրջ, եւ դեպի Եվրամիություն տանող ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը «սարերի հետեւում չէ»:

ՀԱՄՈԶԵԼ ԵՆ

Բոլորին է հայտնի, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ նախատեսված Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի նախաստորագրման գաղափարը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը հանգիստ չի տալիս: Նրանք ամենատարբեր ճանապարհներով փորձում են Հայաստանին հետ պահել «Եվրոպա գնալու» ուղուց, սակայն առայժմ չի ստացվում: Սերժ Սարգսյանը, արտաքին ուժերին իրարամերժ խոստումներ տալով, հաստատուն քայլերով գնում է դեպի Եվրամիություն:
Հիշո՞ւմ եք՝ դեռ ամիսներ առաջ հայկական կողմը հայտարարեց, թե շուրջ 1000-էջանոց այդ փաստաթղթի բանակցությունները նախատեսում էր ավարտել մինչեւ տարեվերջ: Սակայն իրադարձություններն ավելի սրընթաց զարգացան, եւ եվրոպական մտահոգությունները, թե ՌԴ-ի գործադրած ճնշումների արյունքում հնարավոր է՝ Հայաստանը պարզապես հրաժարվի հետագա բանակցություններից, ըստ էության, տեղին էին: Ս. Սարգսյանի արձակուրդային օրերին Ավստրիայում նրան այցելել են «եվրադիվանագետներ»՝ համոզելու, որ արագ ավարտին հասցվի դեպի Եվրոպա տանող նախաստորագրման գործընթացը: Դրա համար էլ նախատեսվածից ավելի արագ ավարտվեցին բանակցային գործընթացները: Եվ հիմա, ըստ «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների, Եվրամիությունը փորձում է նաեւ նախաստորագրման գործընթացն արագացնել՝ չսպասելով մինչեւ նոյեմբեր:    

ԳԵՂԵՑԻԿ ԹՎԵՐ՝ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՎՏԱՆԳՆԵՐՈՎ

Իսկ ի՞նչ է ենթադրում այդ համաձայնագիրը: Նշենք, որ Արեւելյան գործընկերության վեց երկրներից Հայաստանը չորրորդն է, որ ավարտում է Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները: Եվ փաստաթղթի վերջնական ստորագրումից հետո Եվրոպան Հայաստանին առավելություններ կտրամադրի իր՝ շուրջ կես միլիարդ սպառող ունեցող շուկայում:
Ըստ հրապարակված տեղեկության՝ համաձայնագրի կողմից առաջարկվող բարեփոխումները նպատակ ունեն ՀՀ տնտեսության հիմնական ճյուղերը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին` հնարավորություն տալով թե՛ հայկական, թե՛ եվրոպական կողմին ստանալ առավել տնտեսական շահույթ: «Համաձայնագրի միջոցով Հայաստանը էլ ավելի կմեծացնի իր առեւտրաշրջանառությունն ու սպասվող հասույթները եվրոպական շուկայից՝ միաժամանակ ունենալով եվրոպական սանիտարական եւ ֆիտոսանիտարական չափանիշներին համապատասխան արտադրվող ապրանքներ: Ըստ անկախ ուսումնասիրության արդյունքների՝ համաձայնագրի շնորհիվ երկարաժամկետ հեռանկարում ՀՀ տնտեսությունը կարող է 146 միլիոն եվրո հավելյալ մուտք եւ ՀՆԱ-ի 2.3 տոկոս տարեկան աճ ապահովել, մասնավորապես՝ ոչ տարիֆային կարգավորումներից ազատվելը կարող է խթանել այս ամենը: Իր հերթին ԵՄ-ն ակնկալում է ունենալ մոտ 74 միլիոն եվրոյի շահույթ»: Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ համաձայնագիրը նշանակալի ազդեցություն կունենա Հայաստանի առեւտրային շուկայի վրա` ապահովելով 15.2 տոկոս աճ արտահանման եւ 8.2 տոկոս աճ ներկրման ցուցանիշներում: Իսկ թե ինչ վտանգավոր նախապայմաններ ու պարտադրանքներ կան 1000 էջերի մեջ, պաշտոնական աղբյուրները դեռ լռում են:

ՄՈԼԴՈՎԱՅԻՆ ՈՒ
ՎՐԱՍՏԱՆԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ

Հիշեցնենք, որ ասոցացման համաձայնագրի շուրջ ԵՄ-Հայաստան բանակցությունները սկսվել են ուղիղ 3 տարի առաջ` նպատակ ունենալով գոյություն ունեցող համագործակցության հին համաձայնագիրը փոխարինել ավելի նոր, բարեփոխումներ առաջարկող համաձայնագրով: Հիմա արդեն Եվրոպական հանձնաժողովը պետք է բանակցությունների համաձայնեցված տեքստը զեկուցի ԵՄ անդամ 28 երկրներին, ինչից հետո ՀՀ-ն ու ԵՄ կթեւակոխեն հաջորդ, պաշտոնապես ավարտին հասցնելու փուլ: Այժմ Հայաստանը նույն հարթության վրա է, ինչ Մոլդովան ու Վրաստանը, որը, ի դեպ, երկու օր առաջ ավարտեց բանակցությունները: Ըստ «Ազատության»՝ այսպիսով Արեւելյան գործընկերության ծրագրում Հայաստանը համալրում է ԵՄ-ի կողմից առաջընթաց արձանագրած երկրների ցանկը՝ հետեւում թողնելով Բելառուսն ու Ադրբեջանը:

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿ Է

Երեկ՝ վաղ առավոտից, «Ժողովուրդ»-ը Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերություններին առնչվող մի քանի հարց ուղարկեց ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայություն՝ խնդրելով հնարավորինս օպերատիվ պատասխանել, քանի որ իրադարձություններն ավելի արագ են զարգանում, քան կարելի է պատկերացնել: ԵՄ պաշտոնական կայքում դեռ որեւէ տեղեկություն տեղադրված չէր: Սակայն նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պեկինում է, նրա հետ է նաեւ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, ուստի մեր հարցերին որեւէ մեկը չի կարող պատասխանել: Թող վերադառնան, հետո: Այսինքն՝ 21-րդ դարում եթե նախարարն ու խոսնակը ֆիզիկապես Հայաստանում չեն, նշանակում է՝ ԱԳՆ-ն՝ որպես գերատեսչություն, «փակ է»:
Իսկ մենք ընդամենը հետաքրքրվում էինք.
* Ե՞րբ է վերջնականապես պատրաստ լինելու Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի տեքստը (ըստ էության, արդեն պատրաստ է-Թ. Մ.):
* Դիվանագիտական խողովակներից ստացված տեղեկությունների համաձայն՝ այս փուլում ԱԳՆ-ում ԵՄ ներկայացուցիչները բանակցություններ են վարում՝ համաձայնագրի նախաստորագրումը նոյեմբերից ավելի շուտ կազմակերպելու մասին: Արդյո՞ք նման բան կա:
* ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին համաձայնագրի նախաստորագրմա ժամկետի փոփոխության մասին ինչ-որ բան զեկուցե՞լ է ՀՀ ԱԳՆ Է. Նալբանդյանը:
* ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ եղե՞լ է արդյոք քննարկում, որ ասոցացման համաձայնագրի տեքստն ընդհանրապես չպետք է հրապարակվի, որպեսզի ավելորդ շահարկումներ չլինեն:
Հուսանք, որ ԱԳՆ-ն «բացվելուց» հետո կպատասխանի մեր հարցերին:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս