ՈՒՇԱՑԱԾ ՀՆՁՎՈՐԻ ՊԵՍ
Այն բանից հետո, երբ նախօրեին աղմուկ բարձրացավ եւ բացահայտվեց, որ 150 դրամ դարձած հասարակական տրանսպորտի համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրականում չունի կայացրած որոշում, այնուամենայնիվ, երեկ քաղաքապետարանի կողմից հրապարակվեց միկրոավտոբուսների, ավտոբուսների եւ տրոլեյբուսների ուղեվարձերի թանկացման մասին որոշումը: Ուշագրավն այն է, որ մամուլում բարձրաձայնելուց հետո միայն քաղաքապետը «հետին թվով» որոշում կայացրեց: Սակայն հարկ ենք համարում նշել, որ մինչ այս հասարակական տրանսպորտի սեփականատերերն իրականում գործում էին անօրինական դաշտում՝ ուղեվարձի սակագները բարձրացնելով: Իսկ ամենատարօրինակն այն է, որ ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեվարձի թանկացման հիմքը եղել է այն, որ նման խնդրանքով քաղաքապետարան են դիմել 48 երթուղի սպասարկող ընկերություններ, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանը 137 երթուղիներից ընդամենը 48-ի գրությունների հիման վրա թանկացրել է Երեւանի ամբողջ տրանսպորտը:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Տարոն Մարգարյանն իր շրջապատի հետ միասին մտածում է, թե ինչ մեթոդներ կիրառի, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե վախեցել է այս ակցիաներից եւ էժանացրել տրանսպորտի ուղեվարձի սակագինը, բայց միաժամանակ մեղմի դժգոհությունը, որ երկրում բարձրացել է Սերժ Սարգսյանի բացակայության ժամանակ: Չի բացառվում, որ Տ. Մարգարյանը հանդես գա հայտարարությամբ եւ ասի, որ ուսանողներն ու թոշակառուները միկրոավտոբուսներին ու ավտոբուսներին կվճարեն 100 դրամ, իսկ մյուս քաղաքացիները՝ 150: Բնականաբար, Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արթուր Սարուխանյանը հերքեց տեղեկությունը՝ ասելով. «Նման տեղեկություններ չկան»:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Հուլիսի 23-ին ինքնասպանության փորձ է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի եղբայրը` 64-ամյա Ցոլակ Թանգամյանը: Ըստ տարածված տեղեկությունների` Ց. Թանգամյանն իրեն պատկանող հՈռչՈ Ծ/Խ տեսակի 7.62 մմ տրամաչափի հրազենով կրակել է իր կրծքավանդակին: Վերջինիս պատկանող Ղափանցյան փողոցի տան հյուրասենյակում հայտնաբերվել է նաեւ 7.62 տրամաչափի պարկուճն ու փամփուշտը: «Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի շուրջ զրուցել «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ ինքը գտնվում է հիվանդանոցում. «Եղբայրս նորմալ վիճակում է, էլ բան չեմ կարող ասել»: