Արդեն հինգ օր է, ինչ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 10 եւ 12 շենքերի բնակիչները բողոքում են: Պատճառն այն է, որ իրենց առանց այն էլ փոքր բակում «Լարգո գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Օրեր շարունակ ընկերության շինարարները փորձում են աշխատանքներն իրականացնել ոստիկանների հսկողությամբ, սակայն բնակիչները խանգարում են նրանց:
«1960 թվականից մենք Սայաթ-Նովա փողոցի 10 եւ 12 շենքերի բնակիչներ ենք: Այստեղ չկա երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, չկա նաեւ տարեցների համար զրուցարան, բակի մի մասը զբաղված է ավտոտնակներով եւ ավտոմեքենաներով: Մենք բնակիչներով խիստ վրդովված ենք նման որոշումից եւ չենք ուզում հավատալ, որ քաղաքապետարանն առանց այն էլ նեղ բակում ռեստորան-հյուրանոց կառուցելու շինթույլտվություն տված լինի: Այս կառույցը զրկելու է մեզ արեւի լույսից»,-«Ժողովուրդ»-ին բնակիչների բողոքը փոխանցեց Անաիդա Հովսեփյանը:
Նշենք, որ կաթսայատունը, որի տեղում պատրաստվում են կառուցել համալիրը, գտնվում է նշված շենքերից ընդամենը 4-ից 5 մետր հեռավորության վրա: Ըստ բնակիչների՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլատրել է տվյալ նեղ տարածքում կառուցել շինություն՝ խախտելով ոչ միայն ճարտարապետական նորմերը, այլեւ անհնարին դարձնելով շտապօգնության եւ հրշեջ-ծառայության մեքենաների մուտքը:
100 ընտանիք իրենց ստորագրություններով բաց նամակ են ուղղել ոչ միայն Տարոն Մարգարյանին, այլեւ Սերժ Սարգսյանին: Բացի այս, տիկին Անաիդան երկու շենքերի բնակիչների անունից այս տարվա հունիսի 21-ին դիմել է Երեւանի քաղաքապետարան, սակայն պատասխանը ստացել է հուլիսի 23-ին, մինչդեռ, ըստ օրենքի, քաղաքապետարանից պետք է պատասխանեին տասն օրվա ընթացքում:
Ինչեւէ. Երեւանի քաղաքապետարանից բնակիչներին տեղեկացրել են, որ ընկերության կողմից հայտ է ներկայացվել կաթսայատունը քանդելու եւ տեղում բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու համար: «Ուսումնասիրելով առկա կառուցապատումը եւ ներկայացրած էսքիզային նախագծերը՝ կառուցապատողին տրվել են համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, ըստ որոնց՝ շենքի հարկայնությունը սահմանված է մինչեւ վեց հարկ: Հաշվի առնելով դիմում-բողոքում բարձրացված հարցերը՝ ներկա պահին լրացուցիչ ուսումնասիրվում են նախատեսվող շինության եւ հարակից հարեւան շինությունների նորմատիվային հեռավորությունների, արեւահարման եւ այլ հարցեր, որոնց վերջնական արդյունքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-նշված է Երեւանի քաղաքապետարանի բնակիչներին ուղղված նամակում:
«Մի՞թե քաղաքապետը բացարձակ չի հարգում քաղաքացիների անդորրը, մի՞թե շահն ավելի է գերադասում, քան հարյուրավոր մարդկանց ապահովությունն ու հանգիստը: Նշված կառույցի՝ իրականություն դառնալու դեպքում մեր բակի բնակիչներին սպասվում է այլ ճակատագիր: Այս ընկերության ներկայացրած նախագիծը չի համապատասխանում իրականությանը, եւ բացակայում է կնիքը»,-զայրացած նկատեց դժգոհող բնակիչներից մեկը:
Իսկ «Լարգո գրուպ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Հախվերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Եթե ինչ-որ մի պետական մարմին ինձ տրամադրում է կառույցի շինթույլտվության իրավունքը, ապա իրենք նախեւառաջ պետք է ուսումնասիրեն` արդյոք այն համապատասխանում է քաղաքաշինական բոլոր նորմերին, թե ոչ: Իրենք իրավասու էին բոլոր կողմերից ուսումնասիրել: Ես արդեն հոգնել եմ: Տարածքը կազմում է 207 քմ: Տարածքի սեփականատերն իմ հորեղբոր որդին է, որն էլ ԱՄՆ քաղաքացի է եւ սա անում է` սիրելով իր երկիրը: Մեծ ներդրում է անելու: Վստահեցնում եմ, որ շենքը չի լինելու ռեստորան-հյուրանոց, ինչպես նշում են բնակիչները, այլ լինելու է բազմաֆունկցիոնալ: Կտեսնեք, որ աշխատատեղեր ենք ավելացնելու եւ ինչ-որ չափով կասեցնելու ենք արտագաղթը»:
Սակայն բնակիչները չեն հավատում այս խոսքերին եւ շարունակելու են իրենց պայքարը՝ կարծելով, որ այդտեղ կկառուցվի կա՛մ էլիտար բազմաբնակարան շենք, կա՛մ հյուրանոց, կա՛մ գիշերային ակումբ: Ամեն դեպքում, ինչ էլ որ կառուցվի, մարդկանց սրտով չէ: Բնակիչներն ուզում են իրենց բակում ազատ շնչել:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՐԳՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ