ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՃՆՇՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղի աշխատակից Օլգա Ավագյանի հետ, որին նույն բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանը մեղադրում է՝ հայտարարելով, որ մարդկանց վճարած գումարներն Օլգան է «կերել»՝ նրանց կեղծ կտրոններ տրամադրելով:
Հիշեցնենք, որ մարդիկ իրենց ոսկեղենը գրավադրել էին բանկում, կատարել բոլոր անհրաժեշտ վճարումները, սակայն ամիսներ անց, երբ գնացել էին մարված վարկի գրավը հանելու, պարզվել էր, որ կտրոնների մի մասը կեղծ է, եւ բանկը հրաժարվում էր վերադարձնել ոսկեղենը: Բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանը բոլոր բնակիչներին ուղարկում էր բանկի աշխատակից Օլգա Ավագյանի տուն՝ առաջարկելով նրանից պահանջել գումարները:
«Ժողովուրդ» օրաթերթի բարձրացրած աղմուկից հետո բնակիչների ոսկեղենը, իհարկե, վերադարձվեց առանց ավելորդությունների՝ նույնիսկ ներողություն խնդրելով: Սակայն այժմ նոր տեղեկություններ ստացանք այն մասին, որ Օլգային մեղադրող բանկի կառավարիչն անձամբ է վերադարձրել կեղծված կտրոնների արդյունքում յուրացված գումարների մեծ մասը: Ըստ դեռեւս ճշտվող տեղեկությունների՝ մոտ 3 մլն դրամի մասին է խոսքը:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Օլգա Ավագյանի հետ՝ պարզելու, թե ինչու նա այժմ չի աշխատում:
-Ճիշտն ասած, ես որեւէ տեղեկություն չունեմ՝ գործի հետ կապված, ես գործի չեմ գնում, տունը պառկած եմ, հիմնարկ չեմ գնում ու նորություններ էլ չունեմ: Ուղղակի ինձ ասել են, որ Օլգա՛ ջան, մեզ զանգել կանչել են, գնացել ենք, բոլոր հարցերը լուծված են, ես այլ տեղեկություն չունեմ: Ասացին, որ լրիվ վերականգնել է:
-Մենք տեղեկություններ ունենք, որ Արտյոմ Մկրտչյանը գումարները վերադարձրել է…
-Հա՛, լրիվ փակել է, էլ հիմա ոչ մի պրոբլեմ չկա: Ոսկեղենն էլ են տվել, լրիվ վերականգնվել է, բայց ես գործի չեմ գնում, որ այլ տեղեկություն ունենամ, թե կոնկրետ ինչքան գումար է վերադարձրել եւ այլն:
-Ձեզ աշխատանքից հեռացրե՞լ են:
-Չէ՛, չէ՛, ես գործի մեջ եմ, հլը հրաման չի եկել, որ ես գործից ազատված եմ: Ուղղակի որ տենց ջղայնացա, էլ գործի չգնացի: Հետո էլ բարձր ճնշում ունեմ, տենց պառկած եմ, չեմ գնում: Մենակ ես գիտեմ, որ ով եկել էր իմ մոտ, ես էլ ուղարկել էի իրա մոտ, գումարները վերցնելուց եկան, ասացին՝ Օլգա՛ ջան, մենք լրիվ գնացել, մեր հարցերը կարգավորել ենք: Մնացածը չգիտեմ՝ կոնկրետ ինքն ինչ է արել կամ ինչ չի արել: Դեռ գործի չեմ գնացել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս