ՄԱՀ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Անտառամուտ համայնքում հորդառատ անձրեւի հետեւանքով փլուզվել է տան պատը եւ դարձել տանտիրուհու մահվան պատճառ:
Հուլիսի 22-ի գիշերը մի քանի ժամ տեղացած հորդառատ անձրեւի պատճառով փլուզվել է Թումանյանի տարածաշրջանի Անտառամուտ համայնքի բնակելի տներից մեկը: Արդեն առավոտյան ժամը 6-ի սահմաններում տան բնակիչ Խաչիկ Գեւորգյանը նկատել է, որ իրենց պատկանող տան պատը փլուզվել է, քարերը թափվել են պատի տակ դրված մոր մահճակալի վրա, ինչի հետեւանքով էլ մահացել է մայրը՝ 1927թ. ծնված Վալյա Նալբանդյանը: Ոստիկանություն զանգել են հարեւանները: Մինչ այդ որդին մոր դին հանել է քարերի տակից: Բարեկամներն ու հարեւանները ցավում են տիկին Վալյայի մահվան համար եւ նշում, որ աշխատող կին էր, հիվանդ չէր, չնայած տարիքին՝ առողջությունից չէր բողոքում, մշակում էր հողը, հաշտ ու համերաշխ ապրում երկու որդիների հետ: Անտառամուտի ղեկավար Մարտուն Համբարձումյանը նշում է, որ տան բնակիչները երբեք չեն դիմել տան հարցով, ինքը չի իմացել, որ պատը փլուզման վտանգի տակ է: Տունը կառուցվել է դեռ 70 տարի առաջ եւ այսքան տարիների ընթացքում ոչ մի անգամ չի վերանորոգվել: Ընտանիքը գտնվում է սոցիալապես վատ վիճակում, եւ այժմ գլխավոր խնդիրը տիկին Վալյայի հուղարկավորության հարցն է: Համայնքի ղեկավարն այդ հարցում օգնության ձեռք կմեկնի ընտանիքին: Սակայն տունը վերանորոգելու համար միջոցներ չկան: Ընտանիքն աջակցություն է խնդրում: Գյուղապետ Մարտուն Համբարձումյանն այս հարցով դիմել է Լոռու մարզպետարան: Իսկ մինչ այդ տան անդամները տեղափոխվել են բարեկամի տուն:
Լոռի
«ՈՒՌԱ» ԶԵԿՈՒՅՑ՝ ԿԵՂԾ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ
Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով՝ այս տարի մարզում հնձվել եւ տեղափոխվել է 25 հազար տոննա խոտ, ըստ նախնական հաշվարկների՝ մինչեւ խոտհնձի սեզոնի ավարտը մարզում կհնձվի եւ կտեղափոխվի 65 հազար տոննա խոտ, ինչը լիովին կբավարարի մարզի խոշոր եւ մանր եղջերավոր անասունների պահանջը: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ այս տարի նախորդ տարվա համեմատ խոտի բերքը կրկնակի ավել է լինելու, մարզն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով՝ մեքենայացված եւ ձեռքի հնձիչներով: Իսկապես խորհրդային տարիներին հատուկ «ուռա» ոճով զեկույց է կեղծ նվաճումների վերաբերյալ: Նախ՝ ո՞վ է կշռել դաշտերից գյուղացիների բակեր, անասնագոմեր տեղափոխված խոտը: Երկրորդ՝ կլոր թվերը միշտ էլ կեղծ են լինում: Երրորդ՝ այս տեղեկատվության մեջ ոչ մի խոսք չկա հեռավոր սարերում, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող, տարիներով չհնձվող խոտհարքների մասին, որոնք լավագույն դեպքում որպես արոտավայրեր են ծառայում: Եթե մարզն ապահովված է հնձիչներով, ինչո՞ւ են գյուղացիները դիմում պապենական փորձված գործիքին՝ գյուղացուց ուժ քամող գերանդուն:
Տավուշ